Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լռությունն այս պարագայում ոսկու գին չունի. «Ազգ»

Դեկտեմբեր 01,2023 10:28

Նոյեմբերի 26-ին «Բեռլիներ ցայթունգը» հրապարակեց պատմաբան, կովկասագետ Ֆիլիպ Ամմոնի (Philipp Ammon) գերծավալուն վերլուծությունը՝ «Հայաստան. Ինչպես են երկիրն ու նրա պատմությունը կրկին հայտնվում անդունդում» վերնագրով:

«Հայաստանը վերջերս կորցրեց իր հավակնությունը Լեռնային Ղարաբաղի նկատմամբ: Կորուստը մի շարք ցավալի շրջադարձային պահերի արդյունքն է, գրում է հեղինակը, որ ենթավերնագրերով շարադրում է հայոց պատմության՝ նախաքրիստոնեական ժամանակներից ի վեր իր ընդգծած դրվագները, դրանք ագուցում մերօրյա զարգացումներին: «Արցախի կործանումը» առաջին ենթավերնագրից սկսյալ, նախ հաստատվում է, որ հայաբնակ Արցախի տերը հայ ժողովուրդն է: «ԼՂ-ում, որին հայերն Արցախ են անվանում, այս օրերին ավարտվում է հայոց հազարամյա պատմությունը: Ք.Ա. երկրորդ դարում՝ որպես Արցախի նահանգ այն պատկանում էր Տիգրան Մեծի թագավորությանը: 4 դար անց Հայաստանում Տրդատը 301-ին հիմնադրեց աշխարհում առաջին քրիստոնեական պետական եկեղեցին, գրում է գերմանացի պատմաբան Ամմոնը, որ անդրադառնում է Արշակունիների գահակալությանն ու արքունի խարդավանքներին, այնուհետ 387 թվականին Հայաստանի բաժանմանը, Ավարայրի ճակատամարտին, պարսիկների տիրապետությունից փախած հայ ազնվականների, հոգեւորականների, ազատասեր հողագործների՝ Արցախի լեռներում հաստատվելուն, որը վերածվեց հայկական լեռնային ամրոցի, «Բեռլիներ ցայթունգի» հրապարակման մեջ արձանագրում է Ֆիլիպ Ամմոնը:

Դեռ առիթ կլինի անդրադառնալ հիշյալ պատմաբանի վերոբերյալ վերլուծության առանձին դրվագներին, մանավանդ որ դրանք խոսուն ենթավերնագրերով՝ «Հայաստանը եւ Արեւմուտքը», «Fast forward to the Karabakh conflict», «Արեւմտյան Հայաստանը Աղետից առաջ», «Աղետը», «Արեւելյան Հայաստանը», «Հաղթանակը», «Փաշինյանը», «Պարտությունը» եւ «Նո՞ր պատերազմ», ստիպում են անտարբեր չմնալ: Ստորեւ բավարարվենք Ամմոնի վերլուծությունից մեզ առավել շատ մտորելու առիթ տվող մի պարբերություն ներկայացնելով.

«Վարդան Մամիկոնյանի հետ վերջնականապես անկում ապրեց Մեծ Հայքը: Ավարայրում կոտրվեց Հայքի ողնաշարը. Ըստ էության Հայաստանն այդպես էլ չապաքինվեց այդ հարվածից: Այդ ժամանակվանից ի վեր հայոց մշակույթը ողբում է կորստի համար, այն խոր մելամաղձության կնիքն ունի: Դա մելիզմատիկ ճշգրտությամբ արտահայտված է հայկական դուդուկի ողբում: Սեփական հայրերի հետ խզված կապի, կորցրած ժառանգության, կարոտի մարմնավորումն է Հայաստանի ազգային խորհրդանիշ կռունկը»:

Մենք ներազգային զրույցի, լուրջ քննարկման, ազնիվ բանավեճի կարիք ունենք: Միգուցե վերջին ընդգծված հատվածը ստիպի հայ եկեղեցու հայրերին, փիլիսոփաներին, ռազմագետներին, պատմաբաններին վերցնել նետված ձեռնոցը: Լռությունն այս պարագայում բնավ ոսկու գին չունի:

Անահիտ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031