Լրահոս
Օրվա լրահոսը

Մեզ Վերին Լարսը պետք չէ՞

Դեկտեմբեր 01,2023 10:00

1990- ականների սկզբի երազանքները համաշխարհային ներդաշնակության մասին հերթական ուտոպիան դուրս եկավ: Մասնավորապես, չի կարող լինել ներդաշնակություն տնտեսության մեջ, եթե պետությունները, իրար հետ համագործակցելու փոխարեն, իրար դեմ պատժամիջոցներ են կիրառում:

Ասել, որ պատժամիջոցն անվրեպ գործող քաղաքական «մահակ» է, չափազանցություն կլիներ: Իրանը տասնամյակներ շարունակ պատժամիջոցների տակ է, բայց դա մեր հարեւան երկիրը չի դարձրել ավելի «զիջողական», ինչպես որ ակնկալվում էր Արեւմուտքում: Ռուսաստանի տնտեսությունը չի փլուզվել այն բանից հետո, երբ իր կողմից սանձազերծած վերջին պատերազմից հետո Արեւմուտքն այդ երկրի դեմ սկսեց պատժամիջոցներ կիրառել: Չեմ կարծում նաեւ, որ Ադրբեջանը լրջորեն վախենում է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի պատժամիջոցներից, եթե դրանք երբեւէ կիրառվեն:

Պատկերացրեք մի գետ, որի արանքում դուք պատնեշ եք դնում եւ ակնկալում եք, որ պատնեշի մի կողմում ջուրն ավելի շատ կլինի, քան մյուս կողմում: Որոշ ժամանակ կարող է եւ այդպես լինել, բայց հետո հավասարակշռությունը կվերականգնվի: Միշտ կգտնվեն պետություններ եւ բիզնեսմեններ, որոնք պատժամիջոցների վրա փող կաշխատեն եւ զարտուղի ճանապարհներով «արգելված» ապրանքը տեղ կհասցնեն:

Մի բնորոշ օրինակ: 2004 թվականին առաջին ուկրաինական «Մայդանից» հետո, երբ իշխանության եկավ Վիկտոր Յուշչենկոն, Ռուսաստանը սպառնացել էր Ուկրաինային գազ վաճառել 230 դոլարով՝ 90-ի փոխարեն: Բայց հետո, ի վերջո, գտնվեց փոխզիջումը, որից շահեցին բոլորը՝ առանց դեմքը կորցնելու: Ուկրաինան թուրքմենական գազ էր գնում 90 դոլարով, բայց այդ գազը մտնում էր ռուսական խողովակների մեջ եւ այդպիսով տեղ էր հասնում: Թե ո՞ր գազն էր անցնում ռուս-ուկրաինական սահմանը, դժվար է ասել՝ այդ գործարքը կոչվում էր «թուրքմենական կոկտեյլ»: Ի դեպ, հիմա էլ ԵՄ-ն ձեւ է անում, որ ռուսական գազ չի գնում, բայց իրականում գնում է՝ ադրբեջանականի անվան տակ:

Այսպիսով, պատժամիջոցները, որպես երկարատեւ ռազմավարություն, այնքան էլ արդյունավետ գործիք չեն: Տարիների ընթացքում դրանք հնարավոր է շրջանցել: Բայց որպես կոնկրետ ճնշման միջոց դրանք կարող են շոշափելի լինել՝ հատկապես մեր վիճակում գտնվող փոքր երկրի համար: Առավել եւս, երբ դրանք կիրառում է Ռուսաստանի նման ոչ իրավական պետությունը: Ի տարբերություն ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի, որտեղ պատժամիջոցների մասին հրապարակավ հայտարարվում է եւ ընդունվում են որոշակի կանոններ սահմանող փաստաթղթեր, Ռուսաստանը կարող է պատժամիջոց կիրառել եւ չխոստովանել դա՝ բերելով ինչ-որ կողմնակի պատճառաբանություններ:

Այս պայմաններում, երբ մեր պաշտոնյաներն ու իշխանության քարոզիչներն աքլորանում են ու ասում՝ «մեզ պետք չէ ձեր Վերին Լարսը, մենք ուրիշ ճանապարհներ կգտնենք, մեզ համար ամենակարեւորը մեր երկրի ինքնիշխանությունն է», փոքր-ինչ զավեշտալի է հնչում: Այլընտրանքային ճանապարհներն, իհարկե, պետք է փնտրել, եւ ինքնիշխանությունն էլ, բնականաբար, կարեւոր է: Բայց կոնկրետ այս իրավիճակում նման հայտարարություններ կարող են անել միայն անմեղսունակ մարդիկ:

…Ի դեպ, ինքնիշխանության մասին: Փաշինյանն ու նրա թիմն ասում էին՝ «Արցախը Հայաստան է, եւ վերջ»: Արդյունքը հայտնի է: Հիմա ասում են՝ «Հայաստանն ինքնիշխան պետություն է, եւ վերջ»: Վախենամ, արդյունքը նույնը կլինի:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հ.Շ. says:

    Եթէ յաջողին՝ Թուրքիոյ երկա՜ր սահմանը բանալ – ի գին ամէն բանի…-, այդտեղից ազատ ու անկաշկանդ առեւտուր կատարելու համար մինչեւ եւրոպաները, այդքան ալ կարիքը չունին այդ Վերին Լարսին, ոչ ալ Վարի որեւէ բանի:

    Սակայն Մեղտեղն ալ իրենց ձեռնտու է: Արդարեւ, Զանգեզուրի Միջանցքն ալ կրնան շահագործել բիզնեսի համար, եւ այս պարագային թէ՝ դէպի Արեւմուտք եւ թէ դէպի Արեւելք:

    Այսինքն, իրենք ինչ որ ասում են, այսուհետեւ, իրենց «տրամաբանութեան» մէջ կը տեղաւորուի:

    Եւ ոեւէ հայ, որուն համար ազգային ազդակը կարեւոր չէ – կամ նոյնիսկ ծիծաղելի բան է, կամ էլ վնասակար…-, լիովին համաձայն է ու կը մնայ, սրանց հետ:

    Մնացեալներս ալ, եթէ եղունգ ունենայինք, մեր գլուխը կը քերէինք:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031