Լրահոս
Օրվա լրահոսը

ASMR-ը կամ զգայական պատասխանը՝ միլիոնավոր դիտումներ ունեցող տեսանյութերի բանալի

Դեկտեմբեր 01,2023 09:30

Սոցիալական ցանցերում,  YouTube-ում և նմանատիպ այլ հարթակներում շատ տարածված են «ASMR» մակագրությամբ տեսանյութերը, որոնք թեև տարօրինակ, անհասկանալի ու անպիտան են թվում, բայց հավաքում են միլիոնավոր դիտումներ:

Երբեմն ինքս էլ կորցնում եմ ժամանակի զգացողությունը՝ կլանված նայելով ու լսելով, թե ինչպես են կտրատում գունավոր օճառները կամ ինչպես են խշխշան թղթերից ազատում տարատեսակ իրերն ու դրանք դասավորում դարակներում։

Ի՞նչ է  ASMR-ը

ASMR (autonomous sensory meridian response` ինքնավար զգայական միջանկյալ պատասխան) բառով նկարագրվում են այն զգացողությունները, որոնք մենք ստանում են տարատեսակ խթանիչներից, օրինակ՝ հնչյուններից, տեսողական էֆեկտներից, մարդու հետ սերտ շփումից (իրական կամ օնլայն)։

ASMR-ը որոշ մարդկանց մոտ առաջացնում է փշաքաղություն, թեթևակի ծակծկոցի նման զգացողություն, որը սկսվում է գլխից ու տարածվում դեպի պարանոց, երբեմն էլ՝ մարմնի այլ հատվածներ։ Այլոք այն նկարագրում են որպես հանգստի վիճակ, որը պարուրում է իրենց մարմինը։ Փորձագետները նշում են, որ ASMR-ի վիճակ են ստեղծում հետևյալ տեսալսողական խթանիչները կամ տրիգերները՝

  • շշուկով կամ ցածրաձայն խոսելը,
  • թակոցը, ճանկռոցը կամ խշխշոցը,
  • ձեռքերի դանդաղ շարժումները,
  • կրկնվող առաջադրանքները,
  • ուշադրության գերկենտրոնացումը։

ASMR-ի գաղափարը գոյություն ունի վաղուց, այդ երևույթն անգամ նկարագրված է դասական գրականության նմուշներում (Վիրջինիա Վուլֆ, Սիլվիա Փլաթ)։

Սակայն ներկայիս ընկալմամբ ASMR հասկացությունն առաջացել է  2007 թ․-ին, երբ մարդիկ այդ երևույթը սկսեցին քննարկել օնլայն հարթակներում, իսկ բուն եզրույթը հորինել է յութուբեր Ջենիֆեր Ալենը 2010 թ․-ին, որից հետո այս հասկացությունը մեծ ժողովրդականություն է ստացել։

2018 թ․-ի մի փոքրիկ հետազոտությունում 10 մասնակիցների գլխուղեղի ՄՌՏ հետազոտություն է անցկացվել՝ ASMR տեսանյութեր դիտելու ընթացքում, հասկանալու համար, թե իրականում ինչ է տեղի ունենում մարդու հետ այդ տեսանյութերը դիտելիս։ Երբ մասնակիցները փշաքաղվել են կամ ծակծկոց են զգացել, նրանց գլխուղեղն ակտիվացել է այն հատվածներում, որոնք վերահսկում են հույզերն ու կարեկցանքը, կապվում են սոցիալական փոխազդեցության հետ։

Դրանից բացի, հետազոտողները ենթադրում են, որ ASMR-ը կարող է խթանել որոշ նեյրոհորմոնների արտադրությունը, քանի որ մարդիկ հայտնել են ASMR տեսանյութեր դիտելուց հետո քնկոտության, հանգստության, հարմարավետության զգացման մասին․ այս զգացողությունները կապվում են դոֆամինի, օքսիտոցինի և էնդորֆինների հետ։

ASMR-ի վերաբերյալ հետազոտությունները սակավաթիվ են, սակայն առկա տվյալները խոսում են հետևյալ առավելությունների մասին՝

  • Հաճույքի, թուլացման զգացողություն, որն առաջանում է այդ խթանիչների ազդեցությունից հետո։
  • Տրամադրության լավացում։
  • Ցավի թեթևացում․ 80 հոգու մասնակցությամբ անցկացված հետազոտությունը ցույց է տվել, որ քրոնիկ ցավեր ունեցող մարդկանց մի մասը ցավի թեթևացում է զգացել  ASMR-ի խթանիչներից հետո։
  • Քնի որակի լավացում․ ASMR-ը կարող է օգնել մարդկանց քնի հետ կապված խնդիրների դեպքում՝ նախապատրաստելով օրգանիզմն ավելի խորն ու առողջ քնի։
  • ASMR-ով հետաքրքրվող մարդիկ հայտնել են նաև անհանգստության, գլխացավերի, զարկերակային ճնշման նվազեցման մասին, թեև դեռ անհրաժեշտ են հետազոտություններ այդ պնդումները գիտականորեն հաստատելու համար։

Իհարկե, ոչ բոլորին է դուր գալիս ASMR-ը և ոչ միշտ է այն զգայական պատասխան առաջացնում։ Անգամ որոշ մարդիկ հայտնել են «ASMR-ի դեմ իմունիտետ» ունենալու մասին, ինչն առաջանում է այդպիսի տեսանյութերն անընդհատ դիտելու և խթանիչներին սովորելու արդյունքում։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Աղբյուր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031