Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Թող գնա վարչապետը հարցնի. բակ բարելավելը բազմաբնակարան շենք կառուցե՞լն է». Անդրանիկ սարկավագ Մանուկյան

Դեկտեմբեր 01,2023 14:00

«Վարչապետին օրեր առաջ հարց էին տալիս, Պապ թագավորի օրինակն էին բերում: Բայց իրական շեշտադրումներով չէին նրա պատասխանները: Ես նույնպես պատմություն եմ գրելու, գրելու եմ իրական անձերի մասին՝ վարչապետի, դատախազների, դատավորների, քաղաքապետների, բոլորի անուն-ազգանունները: Այդ ժամանակ կհասկանաք, ինչ բան է պատմությունը՝ իրական պատմությունը: Թող ասեն՝ իմ գրած պատմությունը իր անձի մասին ո՞նց է: Դու խոսում ես եկեղեցուց, անհատ մարդկանցից, պետության անունից, բայց չգիտես՝ ինչ բան է երրորդության խորհուրդը, եկեղեցին, պետությունը: Անհատական հարցեր ունես, գնա նրանց դիմի, բայց անհատական կռիվդ մի սաղացրու պետականի անվան տակ… Ես պետություն եմ իմ տան մեջ եւ իմ հարցերը պետք է լուծվեն օրենքով: Թող գնա վարչապետը հարց բարձրացնի. բակ բարելավելը բազմաբնակարան շենք կառուցե՞լն է»,-«Առավոտի» հետ զրույցն այդպես սկսեց «Սասուն» ազգագրական երգի- պարի համույթի, «Գաթա բենդ» խմբի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը, որի՝ Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/4 տանը կից, 12 հարկանի բազմաբնակարան շենք են կառուցում, իսկ դատարաննները փոխնիփոխ մեկ կասեցնում են շինարարությունը, մեկ թույլատրում, իսկ շենքը բարձրանում է:

Նոր երեւան եկած հանգամանքների հիմքով դատարան է ներկայացվել Անդրանիկ սարկավագ Մանուկյանի տան գործով նոր հայցադիմում: Նա ասում է. «Արդարադատության, իր ընտանիքի անվտանգության համար, երբ դիմում է տարբեր ատյաններ, դառնում է բոլորի թշնամին»: Ճանաչված արվեստագետն ասում է, որ դիմել է մշակույթի նախարարին համալիր փորձաքննության հետ կապված, նախարարության պատասխանին չորս ամիս է՝ սպասում է, նաեւ սպասում է Երեւանի քաղաքապետարանի պատասխանին՝ կախված տեսչական մարմնի կողմից տրված եզրակացության հետ, երբ տեսչական մարմինը փաստել էր. «շենքը իր տեղում չէ»:
«Տունս օր օրի վթարային է դառնում, դիմեցի արտակարգ իրավիճակների նախարարությանը: Նրանք պատասխանեցին՝ իրենց «տիրույթում» չէ այս հարցը»:

Անդրանիկ Մանուկյանը հարց է տալիս. «Այսինքն, ե՞րբ պետք է դառնամ իրենց «տիրույթի» ենթակա, երբ տունս փլվի իմ ու մանկահասակ երեխաներիս վրա՞, գան հանե՞ն»: Դատախազության պատասխանին էլ սպասում է երկու ամսից ավելի…

Անդրանիկ սարկավագ Մանուկյանը երեկ ցույց տվեց նոր փաստաթղթեր, ապացույցներ: Նախ, Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեի (հարեւանի, որը շենքի սեփականատերն է) կադաստրային գործի ուսումնասիրությունից պարզվել էր, որ կադաստրային գործում առկա է փոփոխություն, որը ստորագրված է նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի, ճարտարապետներ Ազիզյանի, Բարսեղյանների, կոնստրուկտոր Հովսեփյանի կողմից, կնքված էր քաղաքապետարանի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության աշխատակազմի կնիքներով:

Երկու նախագծերով, որպես գլխավոր ճարտարապետ, եղել է Տիգրան Բարսեղյանը:

Վերջինը նախագծել է կառուցապատման երկու նախագծերը «Օկտագոնի» պատվերի համաձայն՝ 2019 եւ 2020 թվականներին:

Երեւան քաղաքի Թումանյան փողոցի 2-րդ անցուղու 5/9 հասցեում բազմաբնակարան շենք Երեւանի գլխավոր հատակագծում ներառված չի եղել:

Անդրանիկ սարկավագ Մանուկյանն ասում է. «Որպես բազմաբնակարան շենք ներառված չլինելու պայմաններում, նշված արգելքը շրջանցելու միտումով, քաղաքապետարանում անցկացվել է խորհրդի նիստ, որը գլխավորել է գլխավոր ճարտարապետ Տ. Բարսեղյանը: Նա ներկայացրել է նշված հասցեում կառուցվող բազմաբնակարան շենքի էսքիզ-հատակագիծը, խորհրդի նիստով հավանություն է տրվել նշված հասցեում կառուցել բազմաբնակարան շենք, ապա արդեն հանդիսանալով «Երարխ» ՍՊԸ մասնագետ, ապահովել է ճարտարապետահատակագծային առաջադրանքը, իր իսկ կողմից խորհրդի նիստով հավանություն տրված, Երեւանի գլխավոր հատակագծում չներառված, կառուցվող բազմաբնակարան շենքի էսքիզ-հատակագծին, ինչը, մեղմ ասած, շահերի բախման, ինչու չէ՝ կոռուպցիոն վտանգներ պարունակող գործողություն է»:

2022թ. փետրվարի 21-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հարուցվել է քրեական գործ, նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դատաշինարարատեխնիկական, հետքաբանական համալիր փորձաքննություն: Պարզվել է, ըստ նախնական տեղեկատվության. «Շինարարության թույլտվության բնօրինակ փաստաթղթերում առերեւույթ կեղծ գրառումներ կային նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի կողմից կատարված», փաթեթի էջերից մեկը` 55-ը ուղարկվել է ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտե:

Անդրանիկ Մանուկյանն ասում է, իսկ դատախազությունը մատը մատին չի «խփում», մինչ օրս «լղոզում է», շեղում է, իբր բան չի եղել, ասում է՝ գնա դիմի դատարան:

Երբ փաստաթղթերը առգրավվել էին, քաղաքապետարանի վարչության պետը ասել է, թե դատախազությանը տեղյակ կպահեն. «Այս մասին տեղյակ է վարչապետը, ով ներկայացուցիչ էր ուղարկել տեղում ծանոթանալու, երկու ամսից ավելի է, տեղյակ չեմ՝ ինչ արեցին…»:

Զրուցակիցս տեղեկացրեց, որ դատավոր Արշակ Պետրոսյանին են դիմել: «Նրա օրով անօրինական գործընթացը շարունակվում է: Նա նախ դրական որոշում կայացրեց, հետո չեմ կարող ասել, ինչ կատարվեց, որ հետո որոշեց հակառակը, ասելով, թե տեղյակ չի եղել կառուցապատողի գործունեությունից, ինչը ծիծաղելի է: Ես ծիծաղում եմ նրա այդ մեկնաբանության վրա: Երբ դատարանում կառուցապատողի ներկայացուցիչը հայտնեց, թե ստացել են համալիր փորձաքննություն, չորս միլիոն դոլար են վերցրել բանկերից մեկից, որի խորհրդի նախագահը Տիգրան Ավինյանն է, անընդհատ ներկայացնում էր, թե ունեն շինթույլտվություն, թե շինարարությանը ներգրավված են արհեստավարժ շինարարներ: Դատավորը հրշեջ տեսչականի եզրակացությունը հիշեցրեց, որը երկու փուլով դադարեցրել է տվել շինարարությունը, որպեսզի նախագիծը փոխվի, անվտանգության հարցը լուծեն: Տեսչականի եզրակացությունը որեւէ էական դեր չխաղաց: Դատավոր Պետրոսյանը վերցրեց տեսչականի եզրակացությունը տող-տող կարդաց, հարցրեց հակառակ կողմին. «Տեսչականը նշել է, շենքը տեղում չէ, շինթույլտվություն եք ստացել, իրական նախագծով չեք կառուցել, իրականից ինչ պետք է անեք, Մանուկյանի ու ձեր պատը պետք է գտնվեր ութ մետր հեռավորության վրա, իսկ տեսնում եք, չորս մետրից պակաս է»…Արշակ Պետրոսյանը դատարանում հնչեցնելով այս խախտումները, ասաց, թե վերջիվերջո, այս մարդու տունն եք քանդում, ինչը փոխվեց, որ ինքը իրեն հակասեց: Ես ուզում եմ հավատալ իմ դատարանին, իմ դատավորներին, իմ երկրի տեսչական մարմնին, իմ քաղաքաշինական կոմիտեին: Համալիր փորձաքննություն ասվածի համար դիմել եմ քաղաքապետարանին, որպեսզի ստանամ հիմքերը, տվեցին երեք փաստաթուղթ գործի վերաբերյալ, չեն տվել մնացած երեքը, նորից եմ պահանջել՝ կապված համալիր փորձաքննության հետ»,-ասում է Ա. Մանուկյանը: Նա ցույց տվեց հարեւանի՝ մեկ այլ սեփականատիրոջ տունը, քանդված, որի գործը նույնպես դատարանում է (խոսքը կալանքի տակ գտնվող անշարժ գույքի մասին է -Ռ.Մ.):

Ըստ Մանուկյանի, համալիր փորձաքննություն չի եղել, եղել է հայկական ձեւով, իսկ հարցիս՝ ինչո՞ւ էր դիմել մշակույթի նախարարին, ասաց, թե նախարարությունը տվել է դրական եզրակացություն, ուզում էր իմանալ հիմնավորումները, սակայն չորրորդ ամիսն է՝ խաբում են, պատասխանը չեն տալիս:

«Դուք ուզո՞ւմ եք երկիրը կանոնավորվի, դառնա կայուն երկիր, թե՞ ամենքդ գալիս եք ձեր դիրքին, պաշտոնին, որպեսզի թալանեք, գնաք, հետո սկսեք մեկդ մեկի վրա ցեխ շպրտել, արդարանալ. «նախկիններն են մեղավոր»… Ես արվեստագետ մարդկանցից եմ, որի ասելիքը իմ գործունեությունն է, ամոթ ունեցեք, հարցին լուծում տվեք: Հարցնում են ՝փոխհատուցում տվե՞լ են: Այսինքն տան, սպանեն, ու դա համարվի փոխհատուցո՞ւմ»,-ասում է Ա. Մանուկյանը: ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն նույնպես սպասում է փորձագետների եզրակացությանը, որն ավարտված է: Այնտեղ ներգրավված է նաեւ Ա. Մանուկյանի կողմից լիազորված անկախ փորձագետը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
30.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031