Լրահոս
Օրվա լրահոսը

«Նա իր հերոսներին այնպիսի շապիկ է հագցնում, որ նրանք դառնում են անշփոթելի եւ առավել սիրելի»

Դեկտեմբեր 01,2023 13:30

Կարպ Խաչվանքյանը՝ հայ եւ այլազգի արվեստագետների գնահատմամբ

Արտիստական աշխարհի գործունեությունը բազմակողմանիորեն եւ տարբեր կերպ է գնահատվում հանրության կողմից տպավորություններով, կարծիքներով, լրատվությամբ եւ այլն։ Այդկերպ ընդհանուր գնահատական է ձեւավորվում արվեստագետի գործունեության շուրջ։ Բայց կա մի գնահատանք, որ սովորաբար հասու չէ լայն հանրությանը։ Այն գործընկեր մասնագետների գնահատականն է, առավել եւս՝ մեծանուն արտիստների։ Օրինակ՝ Կարպ Խաչվանքյանի գործունեության շուրջ ու մասին մշտապես ասում են, որ նրա մասնակցությամբ յուրաքանչյուր ներկայացման ժամանակ «ասեղ գցելու տեղ չկար»։ Սիրված արտիստի համար այս հոբելյանական տարում մենք, իհարկե, անդրադարձել ենք նրա եւ գործունեությանը, եւ կյանքի մինչ օրս չհանրայնացված որոշ դրվագների, իհարկե՝ նրա ընկեր, գործընկեր, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանի շնորհիվ։ Այս անգամ դարձյալ դիմեցինք պարոն Առաքելյանին, խնդրանքով՝ ներկայացնել հայ եւ այլազգի մեծ արվեստագետների գնահատանքը Խաչվանքյանի մասին, վստահ լինելով, որ նա, ոչ ավել-ոչ պակաս, այդ ամենի ականատեսն է եղել, մանավանդ որ Վրաստանից Հայաստան մշտական բնակության տեղափոխվելով, արտիստը տեւական ժամանակ բնակվել է Առաքելյանի հարկի տակ։

Արտիստի վերջին լուսանկարը՝ Սերգեյ Առաքելյանի հետ։

Սերգեյ Առաքելյանը նախ հիշեցրեց, որ «Վրացֆիլմ» կինոստուդիայի կինոդերասանի դպրոցն ավարտելուց հետո՝ մերժելով երեք թատրոնների եւ նույնիսկ Մոսկվայից մեկ-երկու հրավերները, Խաչվանքյանը ընդմիշտ տեղափոխվել է հայրենիք։ «Կարպը պիտի գար Երեւան, որպեսզի ղողանջեր Ավետիք Իսահակյանի ավետիսը՝ այս արտիստը մեզ համար անակնկալ է, անսպասելի գյուտ։ Նա եկավ ճիշտ ժամանակին՝ հայրենական պատերազմի ահեղ օրերին, որպեսզի ծիծաղի զենքով պայքարի թշնամու դեմ»,- հայտնեց մեր զրուցակիցը։

«Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի հետ լոսանջելեսյան հյուրախաղերից մեկի ժամանակ նա հանդես եկավ Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» կատակերգությունում գլխավոր հերոսի՝ Թոդորոսի դերակատարումով։ «Նոր կյանք» հայալեզու թերթը հենց հաջորդ օրը տպագրեց մի գրախոսական, որտեղ այդ կերպարի մեկնաբանումը որակել էր «անգերազանցելի»։ Հիշում եմ՝ բալետի ճանաչված հույն արտիստ Թոփալայտիսը, որ տարբեր թատրոններում տեսել էր շատ Թոդորոսներ, ինձ ասաց՝ հայ Թոդորոսը սառը լիմոն քամեց տեսածներիցս բոլորի գլխին։ Լոսանջելեսյան մեկ այլ հյուրախաղի ժամանակ՝ 1994թ., դարձյալ «Նոր կյանքում», մշակութային հոդվածներով հանդես եկող լրագրող Պետրոս Սարողլանյանը կրկին անդրադառնալով արտիստի արվեստին, գրեց՝ Կարպ Խաչվանքյանը 20-րդ դարի մեծագույն գանձերից մեկն է Հայաստանի թատերական աշխարհում, համայն հայության համար նույնքան սիրելի անուն է նա, որքան Ֆրանսիայում Սոսոն, Ֆերնանդելը, Լուի դե Ֆյունեսը, Իտալիայում՝ Տոտոն, Մեքսիկայում՝ Մարիո Մորենոն…»,- մտաբերեց մշակութաբանը։ Հետո հիշեց Երեւանում կոմեդիայի թատրոնում բեմադրված Լոպե դե Վեգոյի «Պարերի ուսուցիչը» ներկայացումը դիտելուց հետո Քիշնեւի օպերայի եւ բալետի թատրոնի պրիմադոննա Մարիա Բիեշուի խոսքերը. «Ինչ հարուստ եք դուք՝ հայերդ… Տեղեկացա, որ, մեղմ ասած՝ շատ համեստ պայմաններում է ապրում ձեր այս հզոր դերասանը։ Եթե նա մեր թատրոնում լիներ, դղյակ կկառուցեինք նրա համար եւ կենդանության օրոք արձանը կկանգնեցնեինք թատրոնի դիմաց»։ «Մի բան էլ ավելացնեմ,- ասաց պարոն Առաքելյանը,- Բիեշուն պարզապես սիրահարվել էր Կարպին եւ բնավ չէր թաքցնում իր զբացմունքները»։

Մեր զրուցակիցը պատմեց, որ հեռուստաթատրոնի հերթական՝ Լոխվիցկիի «Մերի Արչերի դիսերտացիան» ներկայացման մեջ, որտեղ Կարպ Խաչվանքյանը խաղում էր սեւամորթ իրավաբան Ջիմիի գլխավոր դերը, ռեժիսորը՝ համոզվելու համար, թե որքանով է նրա արտաքինը, շպարը համապատասխանում կերպարին, ստուդիա էր հրավիրել «Ամպրոպի արահետով» հայկական ֆիլմում նկարահանվելու նպատակով Երեւան ժամանած սեւամորթ դերասան, հանրահայտ Տիտո Ռոմալիոյին. «Երբ նա մտավ նկարահանման տաղավար եւ տեսավ Ջիմիին, նախ անգլերեն ողջունեց նրան, հետո հիացած, անսպասելի սկսեց երգել ամերիկյան մի երգ… Նկարահանող անձնակազմը, դերասանները ծափահարում էին՝ Կարպը քննությունը բռնել էր»։

Մոսկվայի օպերետի թատրոնի հռչակավոր դերասանուհի Տատյանա Շմիգան Խաչվանքյանի մասին ասել է. «Այսպիսի կատակերգական տաղանդ այսօր ողջ Եվրոպայում չկա, թերեւս միայն Լուի դե Ֆյունեսը»։ Իսկ մեծանուն Համո Բեկ-Նազարյանի կնոջ՝ Մոսկվայի պատանի հանդիսատեսի թատրոնի անվանի դերասանուհի Սոֆյա Վոլխովսկայա-Բեկ-Նազարովայի խոսքերով՝ «Աստված կարծես ոչինչ չի խնայել Խաչվանքյանի տաղանդի ու գեղեցկության համար։ Առանց նրա շատ բանի չէր հասնի մեր ծիծաղի թատրոնը»։ Սերգեյ Առաքելյանը փոխանցեց նաեւ Խաչվանքյանի մասին հանճարեղ Վահրամ Փափազյանի հայտնած բազմաթիվ մտքերից մեկը. «Նա իր հերոսներին այնպիսի շապիկ է հագցնում, որ նրանք դառնում են անշփոթելի եւ առավել սիրելի։ Շա՜տ տաղանդավոր դերասան է»։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
30.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031