Հրատարակվել է Դավիթ Սամվելյանի «Ունայնություն ըստ սերերի» գիրքը: «Առավոտը» զրուցել է հեղինակի հետ նոր գրքի եւ ընդհանրապես գրականության շուրջը։
– Դավիթ, յուրաքանչյուր մարդ ապրում է ժամանակի մեջ` կրելով անցյալը, մտապահելով այսօրը եւ պատկերացնելով վաղը։ Ի՞նչ կասես ժամանակի մասին։ Ժամանակը կհիշի՞ այսօր ստեղծվող գիրը։
– Ժամանակը մոռանալու, մոռացնել տալու հատկություն ունի։ Հիշողը, ապրեցնողը մարդն է, այն մարդը, որը ժամանակի ընթացքում դառնում է անցյալ։
Ապագան չեմ սիրում գուշակել, այդ ակնկալիքով չեմ ստեղծագործում ես. պիտի նախ ներկայում լավագույնդ անես, մնացածը…
Կարդացեք նաև
– Օրերս վերընթերցում էի քո պատմվածքները եւ փորձում հասկանալ` նոր գրքում ի՞նչ ձեռագրով պետք է ներկայանաս ընթերցողին։ «Ունայնություն ըստ սերերի» գիրքդ վերջերս հրատարակվեց, որը պոետիկ, թեթեւ, սիրո մեջ ապրող տողերով է ամբողջացած։ Կարծես մարդը հաճախ «լավ չի պահում» սիրուն եւ այն հիվանդանում է։ Այդ սերը դեռ չի՞ բուժվել քո տողերում… թե՞…
– Չէի ասի թեթեւ։ Ունայնությունը կամ դատարկությունը երբեմն ավելի ծանր կարող է լինել։ Ընթերցողին «նման ֆորմատով» նոր չեմ ներկայանում, ասեմ ավելին, ես բանաստեղծությունից ու բանաստեղծական արձակից եմ սկսել գրելը։ Եթե «Չորրորդ փողոցը» գրքում ամփոփված են մինչ այժմ հրատարակված պատմվածքներս, ապա այստեղ 2005-2022 թթ. գրածս բանաստեղծությունները, բայց, իհարկե, տրամաբանական ու իմաստային շարքերով եւ ոչ թե իրար գլխի լցրած։
– Ինչո՞ւ «Ունայնություն ըստ սերերի»…
– Հա, ճիշտ է, հիմա շատ բան է ունայն, այդ թվում եւ սերը կարող է ունայն լինել։ Վերնագիրը, ինչպես եւ խորագրերից մեկն ու բանաստեղծություններից շատերում աստվածաշնչյան մոտիվն է, բայց մարդկայնացված, ավելի հողեղեն։
– Դո՞ւ ես գտել պոեզիային, թե՞ ինքը քեզ։
– Մի օր հանդիպել ենք. հրաժեշտներով լի հանդիպումներ են։
– Դու ես գրել, որ քաղաքում խոստումները տրվում են դրժելու համար։ Նկատելի է, որ այսօրինակ հանգրվաններ կան քո որոշ գործերում։
– Չեմ էլ ժխտում։ Նաեւ դրժվող խոստումների մասին է գիրքը։
– Ակնթարթները հաճախ են տող դառնում, բայց դրանք խաբուսիկ չե՞ն։
– Ակնթարթը ակնթարթի մեջ կարող է տող դառնալ, բայց այնպես չի, որ բանաստեղծությունը ակնթարթորեն է ծնվում։ Ամեն գիր մշակում պետք է անցնի էնպես, ինչպես որ ամեն սեր պիտի հղկվի։ Գրելն էլ, սիրելն էլ աշխատանք է։
– Գրականությունը էքստազ առաջացնո՞ւմ է:
– Անգամ սրտխառնոց է առաջացնում։ Էմոցիոնալ արբունք կամ իրականությունից վերացում տողերում, որոնք իրականության մասին են. եթե գրող-ընթերցող կապը հասնում է դրան, ուրեմն ամեն ինչ լավ է ստացվել, ինչ անուն ուզում ես` տուր…
Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ
«Առավոտ» օրաթերթ
30.11.2023