Ինչո՞ւ պաշտոնական Երեւանը չի մատնանշում Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, Ադրբեջանում հայ գերիների առկայությանը եւ հայտարարում, որ ՀՀ-ն կմասնակցի այս հարթակին, եթե Ադրբեջանը դուրս բերի իր ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքից, ազատ արձակի հայ բոլոր գերիներին ադրբեջանական բանտերից:
Բաքվում օրերս կայացավ Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Զաքիր Հասանովի, Յաշար Գյուլերի եւ Ջուանշեր Բուրչուլաձեի եռակողմ հանդիպումը: Այս ձեւաչափով վերջին հանդիպումն այս տարվա փետրվարին էր՝ Կարսում։ Վրացական կողմն այն ժամանակ հաղորդեց, որ «ուշադրություն է հատկացվել համատեղ զորավարժությունների կարեւորությանը, ինչն է՛լ ավելի կմերձեցնի երեք երկրների զինվորականներին եւ կամրապնդի նրանց միջեւ հարաբերությունները»։
Եռակողմ հանդիպումից առաջ երկկողմ ձեւաչափով բանակցություններ են անցկացվել Ադրբեջանի եւ Վրաստանի, Ադրբեջանի եւ Թուրքիայի, Վրաստանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարների միջեւ։ Եռակողմ հանդիպմանը Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի պաշտպանության նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության, պաշտպանական համագործակցության ոլորտները եւ ապագայի ծրագրերը, երեք երկրների միջեւ ռազմական համագործակցության հեռանկարները, պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024-ին երեք երկրների մասնակցությամբ զորավարժություններ անցկացնել կիբերանվտանգության վերաբերյալ։
Կարդացեք նաև
Հանդիպմանը նշվել է նաեւ տարածաշրջանի անվտանգությանը վտանգ ներկայացնող «գործոնների դեմ պայքարում» ջանքերի համադրման կարեւորությունը, եւ եռակողմ հանդիպման արդյունքներով ստորագրվել է արձանագրություն։
Իր հերթին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը Հայաստանին կոչ է արել օգտվել տարածաշրջանային «3+3» հարթակից՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները կարգավորելու համար։ «Մենք կարծում ենք, որ «3+3» հարթակը լավ ձեւաչափ է խնդիրների խաղաղ կարգավորման համար»,- ընդգծել է Գյուլերը իր վրաց եւ ադրբեջանցի պաշտոնակիցների հետ հանդիպմանը։ Նա նաեւ նշել է, որ Անկարան եւ Թբիլիսին աջակցել են Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերությունների կարգավորման հարցում։ «Մենք աշխատում ենք Կովկասում կայունության համար։ Ադրբեջանն ազատագրել է իր հողերը օկուպացիայից։ Տարածաշրջանի երկրները կարող են ինքնուրույն լուծել իրենց խնդիրները», – դիմելով Ջուանշեր Բուրչուլաձեին եւ Զաքիր Հասանովին՝ ասել է Գյուլերը, ում խոսքերը մեջբերել էին ադրբեջանական լրատվամիջոցները։
Գյուլերն ընդգծել է, որ Անկարայի, Բաքվի եւ Թբիլիսիի փոխգործակցությունը ռազմավարական նշանակություն ունի տարածաշրջանի համար, եւ կողմերը տրամադրված են զարգացնել եռակողմ հարաբերությունները։ Նա հավելել է, որ Թուրքիան տարածաշրջանի խաղաղության եւ կայունության համար շարունակելու է համերաշխ լինել Ադրբեջանի եւ Վրաստանի հետ:
Գյուլերն, անդրադառնալով Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ տեղի ունեցած 44-օրյա պատերազմին, ինչպես նաեւ սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ռազմական գործողություններին, շեշտել է դրանց ընթացքում Ադրբեջանին Թուրքիայի ցուցաբերած աջակցության մասին: Ապա գալով տարածաշրջանում «կոմունիկացիաների ապաշրջափակմանն», այն կարեւոր է համարել Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ ընթացող խաղաղության գործընթացի տեսանկյունից: Նրա խոսքով՝ հանդիպմանը եւս մեկ անգամ արտահայտել են իրենց աջակցությունն Ադրբեջանի եւ Վրաստանի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը։ «Կովկասում Թուրքիայի, Ադրբեջանի եւ Վրաստանի միջեւ օրեցօր խորացող եւ հարստացող եռակողմ համագործակցությունը լայն շրջանակով՝ ներառյալ պաշտպանության, ռազմական եւ անվտանգության հարցերը, ծառայում է երեք երկրների համատեղ շահերին եւ ակնկալիքներին։ Այս համագործակցությունն էլ ավելի զարգացնելու մեր կամքը վերահաստատեցինք ստորագրված եռակողմ հանդիպման արձանագրությամբ»։
Ի դեպ, Թուրքիայի պաշտպանության նախարարը Հայաստանին մեղադրելով խաղաղության գործընթացը դանդաղեցնելու մեջ, անցել է ռուս-ուկրաինական հակամարտության թեմային, ու ընդգծել, թե Թուրքիան շարունակելու է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, եւ շեշտել է, որ չեն պատրաստվում ռուսական ճանաչել Ղրիմը, Դոնեցկը, Լուգանսկը, Խերսոնը, Զապորոժյեն: Թուրք նախարարը վերոնշյալ տարածքները համարել է օկուպացված եւ Ռուսաստանի կողմից իրականացվող գործողությունները որակել միջազգային իրավունքի խախտում:
Թուրք պաշտոնյան մի կողմից կարեւորում է տարածաշրջանի երկրների կողմից խնդիրներն «ինքնուրույն լուծելու» անհրաժեշտությունը, սակայն մյուս կողմից շարունակում է խոսել «3+3» հարթակի մասին, որի գործարկումը Մոսկվայի կարեւոր նպատակներից մեկն է:
Հիշեցնենք, որ «3+3»-ը ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի, Ադրբեջանի նախագահների նախաձեռնած եւ Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձեւաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի եւ Իրանի մասնակցությունը։ 2021թ. դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի է ունեցել հինգ երկրների արտաքին գործերի փոխնախարարների մակարդակով խորհրդատվական տարածաշրջանային հարթակի առաջին այդօրինակ հավաքը: Պաշտոնական Թբիլիսին դեռ այն ժամանակ հայտարարեց, որ հրաժարվում է մասնակցել հավաքներին՝ պարզաբանելով՝ Ռուսաստանի հետ միեւնույն ձեւաչափում չի կարող լինել, քանի դեռ Ռուսաստանը չի հանել զորքը Աբխազիայից եւ Հարավային Օսիայից:
Սակայն, թուրք եւ ադրբեջանցի գործիչները շարունակում են հետեւողականորեն «գովազդել» այս հարթակը, կարծես, անտեսելով, որ Վրաստանը բավական սպառիչ պատասխան է տվել այդ հարթակում մասնակցության վերաբերյալ:
Երկու շաբաթ առաջ Վրաստանի արտգործնախարար Իլյա Դարչիաշվիլիին Վրաստանի առաջին ալիքին տված հարցազրույցում հարց էին ուղղել, թե ի՞նչ ձեւաչափեր կարող է ներկայացնել Թբիլիսին հարաբերությունների կարգավորման համար: Ահա, Վրաստանի արտգործնախարարը վերահաստատել էր Թբիլիսիի դիրքորոշումը՝ Վրաստանը չի մասնակցել, չի մասնակցում եւ չի մասնակցելու «3+3» ձեւաչափով քննարկումներին։ Այս նույն հարցազրույցում էր վրացի պաշտոնյան մեկնաբանել նաեւ՝ Վրաստանի տարածքով դեպի Հայաստան ֆրանսիական զրահատեխնիկայի մատակարարմանը, նշելով. «Վրաստանը երկու երկրին էլ հնարավորություն է տալիս հավասար պայմաններում օգտվել մեր երկրի տարանցիկ գործառույթից: Ուզում եմ ընդգծել, որ սա հավասար մրցակցային դաշտում է։ Ցանկացած երկիր իրավունք ունի ունենալ պաշտպանական ուժ, իսկ երբ խոսքը վերաբերում է սովորական տեխնիկային կամ միջազգային պայմանագրերով թույլատրված զինատեսակներին, ցանկացած երկիր իրավունք ունի ձեռք բերել այն։ Վրաստանի դիրքորոշումն այն է, որ երկու երկրին էլ հնարավորություն ընձեռվի հավասար պայմաններում օգտվել տարանցիկ գործառույթից, որն ունի մեր երկիրը»:
«3+3» տարածաշրջանային հարթակի վերջին հանդիպումը կայացել էր հոկտեմբերի վերջին Թեհրանում, որին մասնակցել էին Հայաստանի, Իրանի, Ռուսաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները։ Նրանք քննարկել էին տարածաշրջանում առկա ամենակարեւոր հարցերը եւ ընդգծել «3+3» հարթակի կարեւորությունը ու շեշտել` «տեւական խաղաղության եւ տնտեսական զարգացման խթանման համար պետք է ամրապնդեն երկկողմ եւ բազմակողմ խորհրդակցություններն ու փոխգործակցությունը»:
Բացի այդ, արտգործնախարարները, հաշվի առնելով երկրների միջեւ փոխադարձ շահերի եւ բարիդրացիական հարեւանության վրա հիմնված հարաբերությունների զարգացման կարեւորությունը, ընդգծել էին` վեճերի խաղաղ կարգավորման, ինքնիշխանության հարգման, քաղաքական անկախության, տարածքային ամբողջականության, միջազգայնորեն ճանաչված սահմանների անխախտելիության, ներքին գործերին չմիջամտելու, սպառնալիքի կամ ուժի կիրառման արգելքի եւ մարդու իրավունքների հարգման կարեւորությունը` Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության բոլոր սկզբունքների հիման վրա: Թեհրանի հանդիպումից հետո նշվեց, որ այս ձեւաչափով հաջորդ հանդիպումը կայանալու է Թուրքիայում, սակայն ժամկետների մասին ոչինչ չասվեց:
Հետեւելով Թուրքիայի պաշտպանության նախարարին` Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նույն հանդիպմանն անդրադարձել է «Հարավային Կովկասի իրավիճակը սրելու տարածաշրջանից դուրս գտնվող երկրների փորձերին», դրանք` «անընդունելի» համարելով: Թուրքիայի եւ Վրաստանի պաշտպանության նախարարների հետ Բաքվում կայացած եռակողմ հանդիպումից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին, նա նշել է, որ հանդիպումն Ադրբեջանի, Թուրքիայի եւ Վրաստանի ռազմավարական մակարդակով երկխոսության վառ օրինակ է։ «Մենք հայտարարել ենք, որ տարածաշրջանից դուրս երկրների փորձերը՝ ուղղված իրավիճակի սրմանը, անընդունելի են, հակամարտությունների խաղաղ կարգավորումը պետք է հիմնվի միջազգային իրավունքի եւ սկզբունքների վրա, մասնավորապես՝ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ անձեռնմխելիության սկզբունքների վրա՝ պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների շրջանակներում»,- ասել է Հասանովը։
Թուրքիան ցանկանում է, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ շարունակվող քննարկումները հանգեցնեն խաղաղության համաձայնագրի, օրերս նշել է Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության մամուլի քարտուղար Օմեր Չելիքը ու հավելել` «եթե Հայաստանը հրաժարվի ապակառուցողական քայլերից, «3+3» համագործակցության ձեւաչափը մեծ ներդրում կունենա տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում»։
Թբիլիսիի մերժման պայմաններում, թուրք-ադրբեջանական տանդեմը շարունակում է առաջ մղել «3+3» հարթակը: Մոսկվայի համար եւս` սա «կենսական» նշանակության ձեւաչափ է: Պաշտոնական Երեւանն իր մասնակցությամբ այդպես էլ մեր հանրությանը չի պարզաբանել, թե այս հարթակում Հայաստանը էապես ի՞նչ է շահում: Պաշտոնական Թբիլիսիի քաղաքական դիրքորոշումը բավական հստակ ու ընկալելի է, սակայն զարմանալի է, թե ինչո՞ւ պաշտոնական Երեւանն, օրինակ, չի մատնանշում Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ ոտնձգությունները, Ադրբեջանում հայ գերիների առկայությունը եւ հայտարարում, որ ՀՀ-ն կմասնակցի այս հարթակին, եթե Ադրբեջանը դուրս բերի իր ստորաբաժանումները ՀՀ ինքնիշխան տարածքից, ազատ արձակի հայ բոլոր գերիներին ադրբեջանական բանտերից:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 30.11.2023