Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի պայքարն ապատեղեկատվության դեմ․ Դեպի ողջ հանրությանը ներգրավելու մոտեցո՞ւմ

Նոյեմբեր 30,2023 23:55

Freedom House-ը հրապարակել է Հայաստանում ժողովրդավարության դիմակայության ամրապնդման շուրջ քաղաքականության համառոտագրերի շարքի առաջին փաստաթուղթը։ Տվյալ համառոտագիրը անդրադառնում է ՀՀ-ում ապատեղեկատվության դեմ պայքարին՝ ներառելով ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի վերլուծությունը և առաջարկություններ կառավարությանը, թե ինչպես ավելի արդյունավետ պայքարել ապատեղեկատվության դեմ:

Կարինա Ավետիսյան, գ․թ․

Խմբագրական կազմը՝ Անդրանիկ Շիրինյան, Սոնա Մխիթարյան, Ռոզա Մելքումյան և Էյմի Չեն

Գործադիր ամփոփում

Կեղծ և ապակողմնորոշող պնդումները նախկինում ևս խնդիր են եղել Հայաստանի տեղեկատվական տարածքում։ Այնուամենայնիվ, 2020 թվականին COVID-19 համավարակի և Լեռնային Ղարաբաղի 44-օրյա  պատերազմի  արդյունքում երկիրն առավել քան երբևէ խոցելի է դարձել ապատեղեկատվության նկատմամբ։ Թեև Հայաստանի իշխանություններն ընդունում են, որ ապատեղեկատվությունը սպառնալիք է երկրում ժողովրդավարական համակարգի համար, և որոշ դրական միջոցառումներ են ձեռնարկել դրա դեմն առնելու համար, արձագանքն ընդհանուր առմամբ բավարար չի եղել ապատեղեկատվության առաջացրած երկարաժամկետ ու բարդ մարտահրավերներին դիմակայելու համար: Ապատեղեկատվության անխոչընդոտ տարածումը հատկապես մտահոգիչ է Հայաստանի ժողովրդավարական զարգացման փխրուն գործընթացի, ինչպես նաև Հայաստանի՝ որպես պետության կայունության տեսանկյունից՝ հաշվի առնելով ներկայիս ազգային անվտանգային խնդիրները: Սույն քաղաքականության համառոտագիրը ներառում է ապատեղեկատվության դեմ պայքարի միջազգային լավագույն փորձի վերլուծություն և առաջարկություններ կառավարությանը, թե ինչպես ավելի արդյունավետ պայքարել ապատեղեկատվության դեմ:

Ներածություն

Ապատեղեկատվության ներկայացրած վտանգը Հայաստանի հասարակական կյանքում զգալիորեն աճել է 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի 44-օրյա պատերազմից հետո՝ փխրուն խաղաղության գործընթացի և ազգային անվտանգության նկատմամբ արագ զարգացող սպառնալիքների համատեքստում, մինչդեռ երկիրը գտնվում է իր ապագայի վերաբերյալ  տարբեր հայեցակարգերի բախման կիզակետում:

Ապատեղեկատվության արշավները հատկապես մեծ վտանգ են ներկայացնում Հայաստանի նման փխրուն ժողովրդավարությունների համար, որոնք բախվում են պատմական, հասարակական և տնտեսական բարդ խնդիրների: Բացի այդ, հակամարտությունների կառավարման այս ժամանակահատվածում բարձրորակ և ճշգրիտ տեղեկատվության հանրային հասանելիությունը առանցքային կարևորություն ունի ժողովրդավարական կառավարման դիմակայունությունն ապահովելու հարցում: Այս իրավիճակը պահանջում է ապատեղեկատվության դեմ պայքարի հարցում սկզբունքային մոտեցում, որը կպաշտպանի, այլ ոչ թե կխաթարի խոսքի ազատությունը հատկապես այն փխրուն ժողովրդավարություն ունեցող երկրներում, որոնք կանգնած են ազգային անվտանգության սպառնալիքների առաջ: Որպես օրինակ կարող է ծառայել միջազգային լավագույն փորձը, որը կարողացել է ապահովել հավասարակշռություն ապատեղեկատվության դեմ պայքարի և խոսքի ազատության պաշտպանության միջև։

Միջազգային լավագույն փորձը

Ապատեղեկատվության առաջացրած սպառնալիքները չեն կարող լուծվել միայն կառավարությունների կողմից: Հանրային քաղաքականության փաստաթղթերում ավելի ու ավելի են ընդունում և հաշվի առնում այն փաստը, որ հասարակության յուրաքանչյուր դերակատար՝ ընդհուպ մինչև առանձին անհատներ, իր դերն ունի ապատեղեկատվության դեմ պայքարում: Խնդրի տարբեր կողմերի և հնարավոր լուծումների վերաբերյալ հստակության բացակայությունը ապատեղեկատվության բարդ և արագ զարգացող բնույթի հետ մեկտեղ պահանջում է ավելի գիտակցված ջանքեր գործադրել՝ աջակցելու տարբեր դերակատարների միջև ոլորտային համագործակցությանը:

Եվրահանձնաժողովն ընդգծում է, որ ապատեղեկատվությանը հնարավոր է ավելի  արդյունավետ հակազդել հնարավորինս շատ շահագրգիռ կողմերի համագործակցության արդյունքում[i]։ Ապատեղեկատվության դեմ պետության և հասարակության դիմակայունությունը բարձրացնելու համար կարևոր է հասարակության բոլոր դերակատարների հզորացումը։ Ապատեղեկատվության ցանկացած համապարփակ ռազմավարություն պետք է որդեգրի ողջ հանրությանը ներգրավելու մոտեցում, որտեղ պետությանը կվերապահվի համակարգողի դերը[ii]: Հասարակության կարևորագույն գործառույթներն ավելի ու ավելի շատ են վերահսկվում մասնավոր դերակատարների կողմից և, հետևաբար, այդ դերակատարները պետք է հստակ պատկերացում ունենան, թե ինչ են իրենցից ներկայացնում ապատեղեկատվության առաջացրած սպառնալիքները, և ինչ դեր իրենք կարող են ունենալ ապատեղեկատվությանն արձագանքելու և դիմակայելու գործում:

Հայաստանի կառավարության` ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված  ռազմավարությունները ողջ հանրությանը ներգրավելու մոտեցմամբ չեն առաջնորդվել և եղել են հատվածական և ուղղիչ բնույթի, այլ ոչ թե համապարփակ ու ապագային միտված: Թեև 2023թ․ ապատեղեկատվության դեմ պայքարի ազգային ռազմավարությունը[iii], որը դեռևս չի ընդունվել կառավարության կողմից, նախատեսում է կառավարության և մասնավոր հատվածի ավելի մեծ ներգրավվածության հնարավորություն, ինչպես նաև կրթության և մեդիագրագիտության միջոցով հանրության դիմակայունության բարձրացում, այն այնքան ամբողջական չէ, որքան ողջ հանրությանը ներգրավելու մոտեցումը. այն չի պարունակում ապատեղեկատվությանը համապարփակ արձագանքի ինստիտուցիոնալացման ուղիներ, ինչպես նաև անտեսում է ապատեղեկատվությունը թվային հարթակներում:

Ողջ հանրությանը ներգրավելու մոտեցման հիմնական սկզբունքներն են[iv]՝

  1. Տարբեր շահագրգիռ կողմերի ներգրավում․ մեկուսացված մոտեցումների մերժում  և համագործակցում՝ մրցելու փոխարեն, միջգերատեսչական համակարգման միջոցով  կառավարության գերատեսչությունների, ինչպես նաև քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների, ակադեմիական շրջանակների և ՏՏ ոլորտի հետ համագործակցության ապահովում: Դա նաև նշանակում է ընդունել սոցիալական բազմազանությունը և ոլորտային փորձը, որպեսզի հնարավոր լինի կանխատեսել ապատեղեկատվության նոր միտումները։
  2. Կառուցվածքայնություն․ ապատեղեկատվության` դրա ստեղծման ակունքներում հասցեագրում զուտ ուղղիչ գործողություններ նախատեսելու փոխարեն։ Դրա համար անհրաժեշտ է ուսումնասիրել ապատեղեկատվության քաղաքական տնտեսությունը, ներառյալ այն, թե ինչպես են գործում դրա ֆինանսական հոսքերը, ինչպես նաև ուսումնասիրել թվային հարթակները, որոնց միջոցով այն տարածվում է:
  3. Տեղայնություն․ գիտակցում, թե ինչպես թիրախային ապատեղեկատվությունը կարող է առանձնահատուկ վնաս հասցնել խոցելի խմբերին, ինչպիսիք են էթնիկ փոքրամասնությունները, կանայք, ԼԳԲՏՔ+ անձինք և իրավապաշտպանները: Դրա համար անհրաժեշտ է ապատեղեկատվության դեմ պայքարի առաջնագծում գտնվողների, օրինակ՝ լրագրողների հզորացում, որպեսզի վերջիններս կարողանան իրենք իրենց պաշտպանել։ Անհրաժեշտ է, որ կառավարության, քաղաքացիական հասարակության և մասնավոր հատվածի տարբեր դերակատարներ հնարավորություն ունենան տնօրինել տեղեկատվական անվտանգությունը։

Օրենսդրություն և կարգավորումներ

Արդյունավետ օրենսդրությունը կարող է ավելի նպաստավոր միջավայր ստեղծել ապատեղեկատվությանը հակազդելու համար: Մասնավորապես, պատշաճ կարգավորումները կարող են ապահովել.

  • նոր քաղաքականությունների համապատասխանեցում ողջ հանրությանը ներգրավելու մոտեցմանը,
  • ապատեղեկատվությունը բացահայտելուն և հակազդելուն ուղղված նորաստեղծ պետական մարմնի առաքելության և գործունեության շրջանակի, ինչպես նաև իրավունքների և պարտականությունների հաստատում,
  • ապատեղեկատվությանն առնչվող տարբեր հասկացությունների ինստիտուցիոնալացում
  • թվային հարթակներում և մասնավորապես սոցիալական ցանցերում ապատեղեկատվության հակազդմանն ուղղված արդյունավետ քաղաքականությունների մշակում։

Այս կարգավորումները պետք է ներառեն բովանդակությանն առնչվող ծանրակշիռ քաղաքականության մշակում և հստակ ուղեցույցների շարադրում՝ կեղծ կամ ապակողմնորոշող տեղեկությունները հարթակներում հայտնաբերելու և հեռացնելու համար: Նման օրենսդրության արդյունավետությունն ապահովելու համար այն պետք է ներառի լրատվամիջոցների ասոցիացիաների, տեխնոլոգիական ոլորտի, քաղաքացիական հասարակության և միջազգային կազմակերպությունների մասնակցություն։ Տարբեր ոլորտների միջև այս համագործակցությունը հատկապես կարևոր է այն համատեքստում, որ կառավարությունն այժմ աշխատում է մեդիա ոլորտի լայնածավալ բարեփոխումների ուղղությամբ, որոնց շրջանակներում դիտարկվում է լրացուցիչ ինքնակարգավորման մեխանիզմների ներդնում և ապատեղեկատվություն կամ կեղծ տեղեկություններ տարածող լրատվամիջոցների նկատմամբ պատժամիջոցների սահմանում:

Նոր պետական մարմին

Ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարություն մշակելիս միշտ առաջանում է այն հարցը, թե ով է պատասխանատու լինելու դրա դեմ պայքարի համար: Ըստ Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ)՝ հարցմանը մասնակցած կառավարությունների 64 տոկոսը նշել է, որ իրենք ունեն հատուկ կառույցներ, թիմեր կամ անհատներ, որոնք պատասխանատու են ապատեղեկատվության դեմ պայքարի համար[v]։ Ապատեղեկատվության դեմ պայքարի համար համապատասխան լիազորություններ ունեցող նոր մարմինների, գերատեսչությունների կամ թիմերի ստեղծումը նոր միտում է։

Այս մարմինները պատասխանատու են ապատեղեկատվության դեմ պայքարի տարբեր հայեցակետերի համար՝ ապատեղեկատվության բացահայտումից և վտանգի մակարդակի գնահատումից սկսած մինչև արձագանքման վերաբերյալ խորհրդատվության տրամադրում:  Նման մարմնի կենտրոնացման աստիճանը կարող է օգնել համապատասխան փորձ և կարողություններ զարգացնել՝ միաժամանակ այն ծառայեցնելով կառավարության այլ գերատեսչություններին, սակայն այդ մարմնի պարտականությունը պետք է լինի նախարարությունների և վարչությունների, ինչպես նաև հասարակական ոլորտի այլ դերակատարների միջև համագործակցության ապահովումը: Հայաստանում դեռ նման մարմին չկա, բայց գոյություն ունի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, որը ապատեղեկատվության ն դեմ պայքարի գործողությունների պատասխանատվությունը ստանձնելու տրամաբանական թեկնածուն է, քանի որ այն արդեն զբաղվում է կառավարության հաղորդակցության ձևակերպմամբ, վերլուծում է տեղեկատվական անվտանգության իրավիճակը և մշակում զանգվածային լրատվության միջոցների վերաբերյալ օրենսդրություն։ Այդ գերատեսչության գործունեությունը, սակայն, չի ներառում ապատեղեկատվության դեմ պայքար:

Ապատեղեկատվության դեմ պայքարի նպատակով ստեղծված գերատեսչության օրինակ է Միացյալ Թագավորության Արագ արձագանքման ստորաբաժանումը (ԱԱՍ)՝ Կառավարության ենթակայության տակ գտնվող կենտրոնացված գործակալություն, որը կառավարության համար մշտադիտարկում է լրատվամիջոցների կողմից մատուցված և առցանց տիրույթում առկա բովանդակությունը և օգտագործում է հատուկ ծրագրակազմ՝ իրական ժամանակում հետևելու առցանց խոսույթներում առկա պատումներին: Լայն տարածում գտած ապատեղեկատվություն հայտնաբերելուն պես Արագ արձագանքման ստորաբաժանումն այդ մասին հայտնում է կառավարության համապատասխան գերատեսչությանը, որն այնուհետև անհրաժեշտության դեպքում կարող է միջոցներ ձեռնարկել[vi]։ Նմանապես, Շվեդիայի հոգեբանական պաշտպանության գործակալությունը[vii], որը ստեղծվել է Շվեդիայի կամ շվեդական շահերի դեմ ապատեղեկատվությունը բացահայտելու, վերլուծելու և արձագանքելու նպատակով, օգնում է համակարգել տարբեր գերատեսչությունների և այլ դերակատարների գործունեությունը[viii]։

Իրավունքների չխախտման ապահովումը կարող է ներառվել վերահսկող մարմնի կառուցվածքում և գործառույթներում: Ֆրանսիայի Վիժինիում (Viginium) կոչվող գերատեսչությունը, որը Ազգային պաշտպանության և անվտանգության գլխավոր քարտուղարության վարչությունն է, իշխանությունների տարանջատման մոդելի լավ օրինակ է: Գերատեսչության նպատակն է բացահայտել օտարերկրյա միջամտություններ և քաղաքական ապակայունացնող բովանդակություն տարածող բոտեր: Այնուամենայնիվ, խոսքի ազատությունն ապահովելու համար այն տարանջատում է ապատեղեկատվության աղբյուրների և հարձակումների բացահայտման և դրանց արձագանքման պարտականությունները: Օրինակ՝ 2022 թվականի Ֆրանսիայի ընտրությունների ժամանակ գերատեսչությունը բացահայտել է օտարերկրյա միջամտության հինգ փորձ և դրանք ուղարկել կառավարության համապատասխան մարմիններին՝ որոշելու, թե արդյոք միջոցներ ձեռնարկելու կարիք կա, և, եթե այո, ապա ինչպես վարվել:

Հասկացության հստակ սահմանում

 

Քաղաքականության և կարգավորումների արդյունավետությունը բարելավելու նպատակով կառավարությունը պետք է նաև հանդես գա տեղական օրենսդրության մեջ ապատեղեկատվության և դրա հետ կապված եզրույթների հստակ իրավական սահմանումներով։ Այդ սահմանումները պետք է բխեն միջազգայնորեն ճանաչված և ընդունված սահմանումներից:

 

Կանադայի՝ պաշտպանության ոլորտի հետազոտությունների և զարգացման գործակալությունը վկայակոչում է գիտնականների և ոլորտի մասնագետների այն շեշտադրումը, ըստ որի` անհրաժեշտ է համաձայնության գալ ապատեղեկատվությանն առնչվող եզրույթների դասակարգման շուրջ, ինչը կօգնի քաղաքականության ու ռազմավարության մշակման հարցում[ix]։ Տեղեկատվական սպառնալիքին արձագանքը կախված կլինի նրանից, թե արդյոք այն չարամիտ նպատակով տարածվող իրական տեղեկատվություն է, կեղծ տեղեկատվություն է, ապատեղեկատվություն է, թե օտարերկրյա միջամտություն կամ հիբրիդային սպառնալիք է։ Հայաստանում ոչ մի պաշտոնական փաստաթղթում «ապատեղեկատվություն» եզրույթի կամ դրա հետ կապված երևույթների հստակ սահմանում չի տրվում, և կառավարության պաշտոնական հաղորդակցությունը հաճախ շաղկապում է այդ եզրույթը «կեղծ տեղեկատվության» հետ կամ այն նույնիսկ անվանում է «կեղծ լուրեր»[x]։

 

Սահմանումների պաշտոնականացումն ու ընդունումը և պաշտոնական նյութերում եզրույթների հետևողական օգտագործումը կարող են օգնել պետություններին հատվածական մեթոդներից անցնելու ավելի համակարգված, ինստիտուցիոնալացված մոտեցումների: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը առանձնացրել է երեք երևույթների սահմանումներ, որոնք սովորաբար շաղկապվում են ապատեղեկատվության հետ[xi]։

 

Կեղծ տեղեկատվություն․ երբ կեղծ տեղեկություններ են տարածվում, բայց վնասելու մտադրություն չկա։ Սա հիմնականում ներառում է բամբասանք կամ ապակողմնորոշող տեղեկություն, որն անգիտակցաբար տարածվում է անհատների կողմից։
Ապատեղեկատվություն․ երբ կեղծ տեղեկությունները գիտակցաբար տարածվում են վնաս պատճառելու նպատակով: Ապատեղեկատվությունը հաճախ տարածվում է չարամիտ դրդապատճառներ ունեցող դերակատարների կողմից և կարող է համաձայնեցված լայնածավալ արշավների մաս կազմել:
Իրականության չարամիտ տարածում․ երբ իրական տեղեկատվությունը տարածվում է վնաս պատճառելու նպատակով՝ հաճախ հանրայնացնելով տեղեկություններ, որոնք պետք է գաղտնի մնային։

 

Խնդիրների և միջամտությունների շրջանակի սահմանումը հստակ ուղեցույց է նպատակների, դերերի և պարտականությունների սահմանման համար: Սա կարող է նպաստել պատասխան քայլերի մշակմանը և ամրապնդմանը։ Հաշվի առնելով խնդրի բազմակողմ և միջգիտակարգային բնույթը՝ կարող են օգտակար լինել պաշտոնական ուղղորդող փաստաթղթերը, որոնք կընդգրկեն խնդրին արձագանքելու բոլոր հայեցակետերը, ինչպիսիք են հարթակի կառավարումը, հաղորդակցությունը, մեդիա և տեղեկատվական գրագիտությունը:

Սոցիալական ցանցեր

Ըստ ուսումնասիրությունների` սոցիալական ցանցերում ավելի վառ են դրսևորվում զգացմունքային և բևեռացնող բովանդակությունը և ապատեղեկատվությունը[xii]: Առկա են կարգավորումներին առնչվող կարևոր քննարկումներ ՝ կապված սոցիալական ցանցերը կառավարող ընկերությունների գործունեության և նրանց ունեցած տվյալների շուրջ թափանցիկության ամրապնդման հետ: Հայաստանում սոցիալական ցանցերը ապատեղեկատվության առաջնային աղբյուրներից մեկն են[xiii]։ Չնայած երկիրը որոշակի քայլեր է ձեռնարկել կիբեր և թվային անվտանգության խնդիրների լուծման ուղղությամբ, դրանք թվային և տեղեկատվական անվտանգության անբավարար և ոչ ամբողջական ռազմավարություններ են:

Թեև սոցիալական մեդիահարթակները հաճախ վստահեցնում են, որ կենթարկվեն տեղական օրենքներին, նրանք միշտ չէ, որ բավարարում են գեոբլոկավորման կամ բովանդակության հեռացման վերաբերյալ երկրների դիմումները: Այնուամենայնիվ, կառավարություններն ունեն գործիքներ, որ կարելի է օգտագործել այդ հարթակների վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի վերջիններս սահմանափակեն այդ երկրների իրավասության ներքո գտնվող որոշակի բովանդակություն: Այդ գործիքների կիրառումը ցույց է տվել, որ երկրներն ունեն սոցիալական ցանցերը կառավարող ընկերությունների վրա ազդեցության լծակներ[xiv]։ Սակայն իշխանության այս լծակը խոսքի ազատության ոտնահարման վտանգ է պարունակում։

Էմպիրիկ մեթոդներով իրականացված հետազոտությունների հիման վրա առանձնացվել են ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված մի քանի գործնական արձագանքման քայլեր, որոնք հաջողությամբ են պսակվել՝ միևնույն ժամանակ չխախտելով ազատ արտահայտման կամ այլ հիմնարար իրավունքները[xv]։ Իրավական արձագանքների առումով կարևոր է, որ իրավունքների պաշտպանության և սահմանափակումների կիրառման նույն չափորոշիչները կիրառվեն ինչպես առցանց, այնպես էլ անցանց բովանդակության համար: Ապատեղեկատվության դեմ պայքարում խոսքի ազատության պաշտպանությունն ապահովելու համար անհրաժեշտ է, որ խոսքի ազատության իրավական սահմանափակումները հստակ սահմանված լինեն օրենքով և կիրառվեն միայն այլ հիմնարար արժեքների պաշտպանության համար` համաչափ լինելով առկա սպառնալիքին: Այս երեք պայմանները ամրագրված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում[xvi]։ Գործնական արձագանքման քայլի օրինակ է 2018 թվականին Ֆրանսիայի կողմից ընդունված այն օրենքը, որը սահմանում է ալգորիթմների ավելի մեծ թափանցիկության պահանջ՝ այդպիսով լսարանին լրացուցիչ իրազեկելով առցանց տեղեկատվության մասին[xvii]։ Բացի այդ` Իսպանիան 2020 թվականին կարգավորում է մտցրել, որը թույլ է տալիս պետական մարմիններին վերահսկել տեղեկատվական տարածքը, նախազգուշացումներով հանդես գալ և գործարկել ապատեղեկատվության դեմ պայքարի արշավներ[xviii]։

Արդյունավետ հաղորդակցության ռազմավարություն

 

Ժամանակին և ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելը կառավարության հիմնարար գործառույթն է։ Այն վճռորոշ դեր է խաղում ապատեղեկատվությանը արձագանքելու հարցում կառավարություններին աջակցելու տեսանկյունից։ Կայուն արձագանքման ինստիտուցիոնալացման միջոցով կառավարությունները կարող են նպաստել առողջ տեղեկատվական միջավայրի ձևավորմանը: Պատշաճ հանրային հաղորդակցությունը կարող է կանխել ապատեղեկատվությունը, լրացնել տեղեկատվական բացը և ամրապնդել ինստիտուցիոնալ վստահությունը: Սակայն դա պետք է ըմբռնել որպես երկկողմանի ներգրավվածություն քաղաքացիների հետ։ Հայաստանի կառավարությունը մինչ այժմ չի կարողացել իրականացնել ապատեղեկատվությանը հակազդելու արդյունավետ ռազմավարություն՝ նպաստելով Հայաստանի տեղեկատվական տարածքի խոցելիությանը, ստեղծելով տեղեկատվական վակուումներ և սրելով հասարակության պառակտումը։

Ապատեղեկատվության դեմ պայքարելու համար կառավարությունները, ավանդական լրատվամիջոցները, փաստերի ստուգմամբ զբաղվող կազմակերպությունները, տեխնոլոգիական ընկերությունները, քաղաքացիական հասարակությունը և քաղաքացիները պետք է համագործակցեն՝ խթանելու արժանահավատ բովանդակություն և ամրապնդելու տեղեկատվական միջավայրը: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը մշակել է «Կեղծ տեղեկատվությանը և ապատեղեկատվությանը հանրային հաղորդակցության արձագանքման լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքներ» փաստաթուղթը՝ միջոլորտային աշխատանքների ուղղորդման նպատակով[xix]։ Հիմնվելով տարբեր երկրների արդյունավետ փորձի վրա՝ այս սկզբունքների նպատակն է ամրապնդել կառավարության և քաղաքացիական հասարակության գործընկերների միջև տեղեկատվության հոսքը և ներգրավվածությունը:

Լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքների ընդհանուր ակնարկ․

 

1.    Ինստիտուցիոնալացում

 

Կառավարությունները պետք է համախմբեն միջամտությունները համաձայնեցված մոտեցումների մեջ՝ առաջնորդվելով պաշտոնական քաղաքականություններով, չափորոշիչներով և ուղեցույցներով: Արդյունքում հանրային հաղորդակցության գրասենյակները  կունենան պատշաճ ռեսուրսներ, համակարգված մոտեցում բոլոր մակարդակներում և պրոֆեսիոնալ անձնակազմ

2.Հանրային շահի վրա հիմնվածություն

 

Կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության դեմ պայքարում հանրային հաղորդակցությունը պետք է անկախ լինի քաղաքականությունից։ Այն պետք է տարբերվի կուսակցական և ընտրական հաղորդակցությունից և ներառի հստակ հեղինակության, անաչառության, հաշվետվողականության և օբյեկտիվության միջոցներ:

3.            Ապագային միտվածություն և արհեստավարժացում (պրոֆեսիոնալացում)

 

Հանրային ինստիտուտները պետք է ներդրումներ կատարեն նորարարական հետազոտությունների և ռազմավարական կանխատեսումների մեջ՝ տեխնոլոգիաների և տեղեկատվական էկոհամակարգերի սպառնալիքներին պատրաստ լինելու համար: Միջամտությունները պետք է լինեն բաց և հարմարեցման ենթակա, և փոփոխվող մարտահրավերներին արձագանքելու կարողությունների ջանքերը պետք է համապատասխանեցվեն։

6․Թափանցիկություն

 

Կառավարությունները պետք է ապահովեն թափանցիկ հաղորդակցություն՝ օրենսդրության սահմաններում հրապարակելով համապատասխան տեղեկատվությունը և որոշումները։ Թափանցիկությունը նվազեցնում է բամբասանքների քանակը, ստեղծում հանրային վերահսկողության հնարավորություն և խթանում որոշումների կայացման ժամանակ ազնվության ու հստակության սկզբունքների պահպանումը։

5․ Պատեհաժամություն

 

Պետական կառույցները պետք է արագ նույնականացնեն և արձագանքեն ի հայտ եկող պատումներին և կեղծ տեղեկատվությանը՝ հաշվի առնելով դրանց տարածման արագությունը: Հաղորդակցության պատասխանատուները կարող են պատրաստվել՝ ստեղծելով ճշգրիտ և համոզիչ բովանդակությամբ արագ միջամտության մեխանիզմներ:

6.  Կանխարգելում

 

Կառավարությունները պետք է կանխեն կեղծ տեղեկատվության և ապատեղեկատվության տարածումը` բացահայտելով և մշտադիտարկելով խնդրահարույց բովանդակությունը և դրա աղբյուրները, ակտիվորեն լրացնելով տեղեկատվական բացերը, կանխատեսելով ապատեղեկատվության մարտավարությունը և ձեռնարկելով համապատասխան գործողություններ, ինչպիսին է օրինակ «նախահերքումը» (pre-bunking):

7․Փաստահենություն

 

Կառավարության միջամտությունները պետք է հիմնված լինեն հավաստի տվյալների, փորձարկումների և լսարանի պատկերացումների վրա: Հետազոտություններն ու վերլուծությունները պետք է շարունակաբար հանգեցնեն փորձառության բարելավմանը: Կառավարությունները պետք է տեսնեն ի հայտ եկող պատումները, վարքագծերն ու բնութագրող հատկանիշները՝ հասկանալու այն համատեքստը, որի շրջանակներում իրենք հաղորդակցվում և արձագանքում են:

8․Ներառականություն

 

Միջամտությունները պետք է լինեն բազմազան և ներառական, որպեսզի ընդգրկեն հասարակության բոլոր խմբերին։ Պաշտոնական տեղեկատվությունը պետք է լինի տեղին և դյուրըմբռնելի՝ տարբեր լսարանների համար հարմարեցված ուղերձներով: Հաղորդակցությունը պետք է հասնի չներգրավված, թերներկայացված կամ մարգինալացված խմբերին: Համապատասխան ռեսուրսները և ջանքերը կարող են նպաստել ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված երկխոսությանը:

9․Ողջ հանրության ներգրավում

 

Ապատեղեկատվությանը հակազդելու համար կառավարությունները պետք է աշխատեն շահագրգիռ կողմերի հետ, ինչպիսիք են լրատվամիջոցները, մասնավոր հատվածը, քաղաքացիական հասարակությունը, ակադեմիական համայնքը և առանձին անհատները։ Սա ներառում է հանրության դիմակայունության խթանում և այնպիսի միջավայրի ստեղծում, որը կխրախուսի տեղեկատվության հետ կառուցողական ներգրավվածություն։ Պետական

կառույցները պետք է իրենց աշխատանքները համակարգեն և վստահելի մթնոլորտ ստեղծեն հանրային ոլորտի գործընկերների հետ երկրի ողջ տարածքում:

 

Հայաստանում ապատեղեկատվության հակազդմանն ուղղված միջոցառումներ

 

Հայաստանի քաղաքացիական հասարակությունը մասնակցել է ապատեղեկատվության դեմ պայքարին մի շարք նախաձեռնությունների միջոցով, որոնք զորեղացնում են անկախ լրատվամիջոցներին, ձգտում են հասնել լրատվամիջոցների[xx] պատկանելության և ֆինանսավորման շուրջ թափանցիկության, խթանում են լրատվամիջոցների ինքնակարգավորման մեխանիզմների ներմուծումը, իրականացնում են փաստերի ստուգման ծրագրեր և ապահովում մեդիագրագիտության վերաբերյալ կրթություն: Այս միջոցառումները չափազանց կարևոր են մեդիագրագիտության բարձրացման և լրատվամիջոցների թափանցիկության, հաշվետվողականության և վստահելիության բարձրացման համար: Այնուամենայնիվ, քաղաքացիական հասարակությունը, հատկապես իրավապաշտպանները, կարող են ավելի արդյունավետ գործել՝ տեղեկատվության հաղորդակցումը դիտարկելով որպես գործիք, որի միջոցով կունենան երկարաժամկետ և հաստատուն ռազմավարություն՝ ուղղված ավելի լայն պատումների նկատմամբ վերահսկողությունը վերականգնելուն և մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության ըմբռնումները վերափոխելուն:

 

Հայաստանի կառավարությունը սկսել է ավելի մեծ ուշադրություն դարձնել ապատեղեկատվության սպառնալիքին և որոշակի միջոցներ ձեռնարկել դրան հակազդելու համար, չնայած մոտեցումները եղել են հատվածական, ոչ հմուտ և խարսխված չեն եղել ռազմավարական կամ համապարփակ մտածողության վրա: Ըստ երկրի ներկայիս Ազգային ռազմավարության[xxi], որն ընդունվել է 2020 թվականին, օտարերկրյա պետությունների, անհատների և այլ կազմակերպությունների կողմից կիբերհարձակումները տեղեկատվական անվտանգության սպառնալիք են: Ռազմավարությունում նաև նշվում է, որ ավելի հաճախակի է դարձել տարատեսակ ապատեղեկատվական գործիքների կիրառումը, ինչը թիրախավորում է ժողովրդավարական արժեքները: Ռազմավարությամբ նախատեսվում է զարգացնել ազգային տեղեկատվական և կիբերանվտանգության կարողությունները, սակայն մինչ այժմ բավարար առաջընթաց չի արձանագրվել:

 

Հայաստանի Ազգային ժողովը որոշակի առաջընթաց է գրանցել ապատեղեկատվության դեմ պայքարի օրենսդրության ընդունման հարցում: 2020 թվականին ԱԺ-ն էթիկայի կանոններ և ինքնակարգավորման մեխանիզմներ սահմանեց արտոնագրման մրցույթներին մասնակցող հեռարձակող ընկերությունների համար, թեև դեռևս պարզ չէ, թե որքանով է այն կիրարկվում[xxii]։ Բացի այդ, 2020 թվականին Ազգային ժողովն ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքը, որը հեռարձակող լրատվամիջոցներից պահանջում է ավելի մեծ հաշվետվողականություն և ֆինանսական թափանցիկություն։ Չնայած երկրում հեռուստատեսության պատկանելության շուրջ թափանցիկությունը բարելավելու այս ջանքերին` հասանելի տեղեկատվությունը այն մասին, թե ովքեր են վերահսկում կոնկրետ լրատվամիջոցները, մնում է անորոշ, և հեռարձակողների կապերը քաղաքական կուսակցությունների հետ հաճախ բացահայտվում են հետաքննական լրագրության միջոցով:

 

Որոշ հայ օրենսդիրների՝ ապատեղեկատվության դեմ օրենսդրություն մշակելու փորձերը, մասնավորապես Քրեական օրենսգրքում տեղ գտած փոփոխությունները, քննադատության են ենթարկվել լրատվամիջոցների կողմից, որոնք մտահոգություն են հայտնել, որ դրանք կարող են  անխտիր կերպով օգտագործվել օրինաչափ ազատ խոսքի դեմ[xxiii]։ Ըստ առաջարկվող օրինագծերից մեկի` լրագրողներին արգելվում է օգտագործել չնույնականացվող առցանց աղբյուրներ՝ լրջորեն սահմանափակելով սոցիալական ցանցերի տեղեկատվությունը օգտագործելու հնարավորությունը: Օրինագիծը փոփոխվել է միայն լրատվամիջոցների ճնշումներից հետո։ Մյուս օրինագծերը կարծես ուղղված լինեին լրատվամիջոցներում պետական պաշտոնյաների վերաբերյալ լուսաբանումը վերահսկելուն, այլ ոչ թե ապատեղեկատվության դեմ պայքարին[xxiv]։ Բացի այդ, առաջարկվող օրենսդրությունն ընդհանուր առմամբ չի անդրադարձել ապատեղեկատվության արագ զարգացող սպառնալիքին և չի ընդունել ավելի համապարփակ մոտեցում:

 

Հայաստանում ապատեղեկատվությունը մեծապես թիրախավորել է խոցելի խմբերին, այդ թվում՝ ԼԳԲՏՔ+ համայնքին, կանանց իրավունքների համար պայքարող ակտիվիստներին և իրավապաշտպաններին։ Այնուամենայնիվ, կառավարությունը շատ քիչ ջանքեր է գործադրել այս համայնքների ներկայացուցիչներին ապատեղեկատվության շուրջ քաղաքականության մշակման մեջ ներգրավելու համար: Տեղեկատվական անվտանգությունը երկրի պաշտպանության կարևոր բաղադրիչ է, և տարբեր դերակատարներ պետք է դրանում մասնակցություն ունենան[xxv]։ Ապատեղեկատվությանը հակազդելու քաղաքականության մշակման գործում խոցելի խմբերի մասնակցության պակասը ընդգծում է կառավարության անտարբերությունը ողջ հանրությանը ներգրավելու մոտեցման նկատմամբ և երկրում ապատեղեկատվության դեմ համազգային դիմակայունություն ստեղծելու անկարողությունը։ Տարբեր խոցելի համայնքների վրա ապատեղեկատվության եզակի ազդեցություններն անտեսելը ավելի է խորացնում խնդիրը: Այս խմբերի ներգրավումը քաղաքականության մշակման մեջ էական նշանակություն ունի ավելի արդյունավետ և հաշվետու քաղաքականության հասնելու համար:

 

Հայաստանի Ինֆորմացիայի ազատության կենտրոնը մշակել է ապատեղեկատվության դեմ ազգային ռազմավարություն՝ ապահովելու կառավարության կողմից ապատեղեկատվության կանխարգելումը, հայտնաբերումը և վերլուծումը: Սա ապատեղեկատվության դեմ պայքարի ամենաընդգրկուն շրջանակն է, որը մշակվել է կառավարության հետ համագործակցությամբ: Ռազմավարությունը նախանշում է առաջարկությունների մի քանի թեմատիկ ուղղվածություն, այդ թվում՝ ապատեղեկատվությանը արձագանքելու հայաստանյան ինստիտուտների կարողությունների զարգացումը, մասնավոր հատվածի հետ համագործակցության բարելավումը և մեդիագրագիտության վրա շեշտադրումը: Թեև առաջարկությունները դրական քայլ են, այնուամենայնիվ շրջանակի հետ կապված առկա են որոշ խնդիրներ: Մասնավորապես, այն չունի ոչ համոզիչ հիմնավորում, ոչ էլ համապարփակ ծրագիր, որոնք կխթանեին ապատեղեկատվության դեմ պայքարի ռազմավարության ինստիտուցիոնալացմանը ու համակարգմանը։ Ռազմավարությունը նաև անտեսում է այն ուրույն սպառնալիքը, որն  ապատեղեկատվությունը ներկայացնում է թվային լրատվամիջոցների համար, և չի անդրադառնում կեղծ տեղեկատվության և իրականության չարամիտ տարածման ներկայացրած այլ բնույթի սպառնալիքներին։

Առաջարկություններ

Ողջ հանրությանը ներգրավելու մոտեցում

Հայաստանում ապատեղեկատվության դեմ պայքարը միայն իշխանությունների պարտականությունը չէ։ Անհրաժեշտ է որդեգրել ողջ հանրությանը ներգրավելու մոտեցում, որը կհամակարգվի կառավարության կողմից և կարտացոլի քաղաքացիական հասարակության, լրագրողների և մասնավոր հատվածի առանցքային դերը: Հաշվի առնելով այն, որ Հայաստանում ապատեղեկատվությանը հակազդելու մոտեցումները բավարար ֆինանսավորում չեն ստանում և հատվածական են՝ կառավարությունը պետք է գործառույթը կիսի հասարակական ոլորտի դերակատարների հետ: Դերակատարների և գործառույթների ողջ սպեկտրում առկա գործիքների համապարփակ ըմբռնումը, ինչպես նաև փոխշահավետ դերերի նույնականացումը առանցքային դեր ունեն համակարգված ազդեցության հասնելու հարցում: Այս նպատակին հասնելու համար կառավարությունը պետք է

 

  • Շարունակի ձեռնարկել ապատեղեկատվության դեմ պայքարին ուղղված քայլեր գոյություն ունեցող շրջանակների միջոցով, ներառյալ Ապատեղեկատվության դեմ ազգային ռազմավարության (2023թ․) մեջ տեղ գտած առաջարկությունների ընդունումը` ընդգրկելով հստակ սահմանումներ և ողջ հանրությանը ներգրավելու ծրագիր:
  • Համագործակցի քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների և մասնավոր հատվածի հետ ՝ ստեղծելու պետություն-մասնավոր գործընկերություններ՝ ապատեղեկատվության դեմ պայքարի վերաբերյալ տեղեկատվության, ռեսուրսների և ռազմավարությունների փոխանակման նպատակով:
  • Նույնականացնի դերերն ու գործառույթները, որոնք անհրաժեշտ են ողջ հանրությանը ներգրավելու մոտեցումը որդեգրելու համար։
  • Ամրապնդի և ընդլայնի անկախ առցանց լրատվամիջոցներին աջակցելու ջանքերը։ Դա կարելի է անել ֆինանսական աջակցության և ֆինանսավորման նորարարական մոդելների, տեխնիկական աջակցության և մասնագիտական զարգացման ծրագրերի միջոցով: Այս գործողությունները պետք է աջակցեն քաղաքացիական հասարակության կողմից մեդիագրագիտության բարելավմանն ուղղված գործող նախաձեռնություններին:
  • Մշակի տեղեկատվության ազատ հոսքը պաշտպանող օրենսդրություն, պաշտոնյաներին լրագրողների համար հասանելի դարձնի և ժամանակին արձագանքի տեղեկատվության ազատության շրջանակներում ուղղված հարցումներին:

Օրենսդրություն և կարգավորումներ

Հետևելով միջազգային լավագույն փորձին՝ Հայաստանը պետք է ստեղծի հատուկ ազգային մարմին, որը կունենա ապատեղեկատվությունը բացահայտելու և դրան հակազդելու գործառույթ: Այդ մարմինը պատասխանատու կլինի ապատեղեկատվությանը հակազդելուն ուղղված արձագանքների մշակման համար՝ կառավարության տարբեր գերատեսչությունների և քաղաքացիական հասարակության ներգրավմամբ։ Դրան կարելի է հասնել հետևյալ կերպ.

  • Հստակ սահմանագծել ապագա պետական մարմնի գործառույթները ապատեղեկատվության կանխարգելման և դրա դեմ պայքարի հարցում:
  • Աշխատել Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության հետ՝ գնահատելու արտաքին միջամտության ռիսկերն ու հետևանքները:
  • Համակարգել կապի պահպանումը և արտաքին միջամտության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրել ռիսկի գոտում գտնվող ոլորտներին և համակարգերին։
  • Պաշտպանել խոսքի ազատությունը և իրավունքները՝ տարանջատելով ապատեղեկատվությունը նույնականացնելու վերաբերյալ որոշումների կայացումը արձագանք նախատեսող որոշումներից, մասնավորապես, երբ խոսքը վերաբերում է պատժամիջոցներին կամ զսպող այլ միջոցներին:
  • Ապահովել այդ մարմնի անկախությունը՝ օրենքում ամրագրելու, անդամների համար ֆիքսված, երկարաժամկետ պաշտոններ և բարձր, հաստատագրված աշխատավարձ սահմանելու միջոցով, ապահովել բյուջե, որը բավարար կլինի մարմնի՝ օրենքով սահմանված պարտականությունների կատարման համար, և միջոցների ծախսման ու հաշվապահական հաշվառման վերաբերյալ զեկուցել անմիջապես Ազգային ժողովին:
  • Ապահովել խոցելի խմբերի, այդ թվում՝ լրագրողների, իրավապաշտպանների, կանանց և ԼԳԲՏՔ համայնքի մասնակցությունը որոշումների կայացմանը։
  • Սահմանափակ ռեսուրսների դեպքում կարելի է սկզբնական շրջանում կենտրոնանալ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության և կառավարության գերատեսչությունների միջև տեղեկատվության փոխանակման վրա:

 

Բացի այդ, կառավարությունը պետք է ազգային իրավական շրջանակի մեջ ներառի և պաշտոնականանցնի ապատեղեկատվության, կեղծ տեղեկատվության և իրականության չարամիտ տարածման, ինչպես նաև հիբրիդային սպառնալիքների և ազդեցության արշավների հստակ իրավական սահմանումները։ Եզրույթների սահմանումները պետք է բխեն միջազգայնորեն ճանաչված և կիրառվող սահմանումներից և պետք է արտացոլվեն բոլոր պաշտոնական նյութերում և հաղորդակցություններում:

 

Սոցիալական ցանցերի առումով կառավարությունը պետք է

  • Օրենքով հստակ ամրագրի պետական մարմինների միջև համագործակցությունը և Հայաստանի խոշոր տեխնոլոգիական ընկերությունների պատասխանատվությունը:
  • Աջակցի փաստերի ստուգման անկախ նախաձեռնություններին, որոնք աշխատում են սոցիալական ցանցերում շրջանառվող տեղեկատվության ճշգրտության ստուգման և կեղծ պնդումների հստակ և արժանահավատ բացահայտման ուղղությամբ։ Պետք է նաև ջանքեր գործադրի փաստերը ստուգող կազմակերպությունների հարցումներին ժամանակին պատասխանելու ուղղությամբ՝ լինի դա պնդումների հաստատում, թե հերքում:
  • Ընդլայնի համագործակցությունը այլ երկրների հետ՝ լավագույն փորձի ու տեղեկատվության փոխանակման և անդրազգային, թվային ապատեղեկատվության արշավների դեմ պայքարի աշխատանքները համակարգելու համար:

Արդյունավետ հաղորդակցության ռազմավարություն

 

Հույժ կարևոր է, որ Հայաստանի կառավարությունը քաղաքացիական հասարակության հետ միասին մշակի համաձայնեցված, համապարփակ և կանխազդիչ հաղորդակցության ռազմավարություն՝ տեղեկատվական տարածքն ավելի առողջ դարձնելու համար: Սա նաև էական քայլ կլինի կառավարության թափանցիկությանը խթանելու, պետական հաստատությունների նկատմամբ վստահություն ձևավորելու և, ի վերջո, Հայաստանի ժողովրդավարության դիմակայանությունը բարձրացնելու ուղղությամբ: Ռազմավարությունը պետք է ներառի Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության՝ լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքները.

  • Ինստիտուցիոնալացում
  • Հանրային շահի վրա հիմնվածություն
  • Ապագային միտվածություն և պրոֆեսիոնալացում/արհեստավարժացում
  • Թափանցիկություն
  • Պատեհաժամություն
  • Կանխարգելում
  • Փաստահենություն
  • Ներառականություն
  • Ողջ հանրության ներգրավմամբ համագործակցություն

___________________________________

 

Կարենա Ավեդիսյանը՝ գթ․, քաղաքագետ,  Եվրասիայում պետություն-հասարակություն հարաբերությունների, ռազմավարական պատումների և քաղաքական հաղորդակցության հարցերով փորձագետ: Գիտական աստիճանը ստացել է 2015 թ․՝ Բիրմինգհեմի համալսարանի Ռուսագիտության և արևելաեվրոպագիտության կենտրոնից։ Այդ ժամանակից ի վեր աշխատել է Հարավային Կալիֆորնիայի և Բիրմինգհեմի համալսարաններում` որպես գիտաշխատող՝ ուսումնասիրելով Հայաստանի պետականաշինությունը և ռուսական ապատեղեկատվական արշավները: Համագործակցում է Գյոտենբուրգի համալսարանի V-Dem ինստիտուտի հետ: Ավտորիտարիզմի, հասարակության խոցելի խմբերի և քաղաքացիական հասարակության փոխազդեցության վերաբերյալ նրա աշխատանքները հրապարակվել են ակադեմիական հրատարակություններում և The Guardian պարբերականում:

 

Ծանոթագրություններ

[i] Ապատեղեկատվության նկատմամբ բազմաչափ մոտեցում անկախ բարձրաստիճան խմբի զեկույցը կեղծ լուրերի և առցանց ապատեղեկատվության վերաբերյալ, Եվրոպական հանձնաժողով, Հաղորդակցության ցանցերի հարցերով գլխավոր տնօրինություն, Բովանդակություն և տեխնոլոգիաներ, Հրապարակումների գրասենյակ։

https://op.europa.eu/en/publication-detail/-/publication/6ef4df8b-4cea-11e8-be1d-01aa75ed71a1/language-en

[ii] Ապատեղեկատվությունը ժողովրդավարական երկրներում Ապատեղեկատվության նկատմամբ հասարակության դիմակայունության բարձրացում, ՆԱՏՕ-ի Ռազմավարական հաղորդակցության գերազանցության կենտրոն, https://stratcomcoe.org/pdfjs/?file=/publications/download/Disinformation-in-Democracies-DIGITAL.pdf?zoom=page-fit

[iii] Հայաստանի Ինֆորմացիայի ազատության ՀԿ-ի կողմից մշակված ռազմավարությունն առաջարկում է ապատեղեկատվության դեմ պայքարի շրջանակ և դիտարկվում է ընդունման համար Հայաստանի կառավարության կողմից: Փաստաթղթին կարելի է ծանոթանալ այստեղ՝ http://www.foi.am/hy/research/item/2265/

[iv] Օնգ, Ջոնաթան Կորպուս «Ապատեղեկատվության մեղմացում․ Դեպի ողջ հանրությանը ներգրավելու մոտեցում», 2021թ. ապրիլի 21, https://fight-dis.info/Mitigating-Disinformation-Towards-a-Whole-of-Society-Approach.html

[v] «Կեղծ տեղեկատվությանը և ապատեղեկատվությանը հանրային հաղորդակցության արձագանքման լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքներ», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային կառավարման ոլորտի քաղաքականության փաստաթղթեր

https://www.oecd-ilibrary.org/docserver/6d141b44-en.pdf?expires=1684310099&id=id&accname=guest&checksum=AF69C0AB06FBE577165A364AFE0CD61F

[vi] Արագ արձագանքման ստորաբաժանում, Միացյալ Թագավորության խորհրդարան, https://questions-statements.parliament.uk/written-questions/detail/2023-02-20/148802

[vii] Շվեդիայի հոգեբանական պաշտպանության գործակալություն, https://www.government.se/government-agencies/swedish-psychological-defence-agency/

[viii] Գործակալությունն իր գործունեությունը սկսել է 2022 թվականի հունվարի 1-ից և հաշվետու է Շվեդիայի արդարադատության նախարարությանը։

[ix] RESIST 2 ապատեղեկատվության դեմ պայքարի գործիքակազմ, Միացյալ Թագավորության կառավարության Հաղորդակցության ծառայություն,

https://gcs.civilservice.gov.uk/publications/resist-2-counter-disinformation-toolkit/

[x] «Կեղծ լուրեր» եզրույթը չունի համաձայնեցված սահմանում և սովորաբար չի օգտագործվում ապատեղեկատվության հարցերով փորձագետների կողմից:

[xi] Այս սահմանումները սպառիչ չեն: Առաջարկվում է նաև սահմանումներ ունենալ հարակից եզրույթների համար, ինչպիսիք են «հիբրիդային սպառնալիքները» և «վնասակար արտաքին ազդեցության արշավները», որոնք Հայաստանի համար ոչ պակաս վտանգ են ներկայացնում, քան ապատեղեկատվությունը:

[xii] Ռոբերտ Էլիոթ Սմիթ, «Ցասում մեքենայի ներսում․ ալգորիթմների կանխակալությունը, և ինչպես այլևս թույլ չտալ մեր ծայրահեղականացումը համացանցի կողմից»

[xiii] Ապատեղեկատվությունը Հայաստանում, Ֆրիդըմ հաուս։ https://freedomhouse.org/sites/default/files/2021-06/Disinformation-in-Armenia_En-v3.pdf

[xiv] Ռազմուս Քլայս Նիլսեն, «Ինչպե՞ս արձագանքել ապատեղեկատվությանը՝ միաժամանակ պաշտպանելով խոսքի ազատությունը», 2021թ․ փետրվարի 19 https://reutersinstitute.politics.ox.ac.uk/news/how-respond-disinformation-while-protecting-free-speech Վիետնամի և Թուրքիայի օրինակները:

[xv] Օրինակները ներառում են առաջարկություններ, որոնք առանձնացվել են ՄԱԿ-ի Ինտերնետ կառավարման համաժողովի Հարթակների պատասխանատվության դինամիկ կոալիցիայի (DCPR) կողմից։ Տե´ս Հարթակների վերաբերյալ կարգավորումները. ինչպես են կարգավորվում հարթակները և ինչպես են դրանք կարգավորում մեզ,

http://bibliotecadigital.fgv.br/dspace/handle/10438/19402

[xvi] Դոմինիկա Բիխավսկա-Սինիարսկա, «Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում ազատ արտահայտվելու իրավունքի պաշտպանություն», https://rm.coe.int/handbook-freedom-of-expression-eng/1680732814

[xvii] LOI No 2018-1202 du 22 décembre 2018 relative à la lutte contre la manipulation de l’information.

[xviii] Հոկտեմբերի 30-ի PCM/1030/2020 հրամանը, որով սահմանվում է Ազգային անվտանգության խորհրդի կողմից հաստատված ապատեղեկատվության դեմ գործողությունների կարգը։

[xix] «Կեղծ տեղեկատվությանը և ապատեղեկատվությանը հանրային հաղորդակցության արձագանքման լավագույն փորձի վրա հիմնված սկզբունքներ», Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հանրային կառավարման ոլորտի քաղաքականության փաստաթղթեր,

https://www.oecd-ilibrary.org/docserver/6d141b44-en.pdf?expires=1684310099&id=id&accname=guest&checksum=AF69C0AB06FBE577165A364AFE0CD61F

[xx] Հատկանշական է, որ այն ներառում է Երևանի մամուլի ակումբի ԶԼՄ-ների էթիկայի դիտորդ կենտրոնը՝ ինքնակարգավորվող մարմին, որը միավորում է ավելի քան 60 լրատվամիջոցների, որոնք ստորագրել են մասնագիտական կանոնագիրքը

[xxi] Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ռազմավարություն, https://www.mfa.am/filemanager/security%20and%20defense/Armenia%202020%20National%20Security%20Strategy.pdf

[xxii] Արշալույս Բարսեղյան, Լուսինե Գրիգորյան, Աննա Փամբուխչյան, Արթուր Պապյան, «Ապատեղեկատվությունը և կեղծ տեղեկատվությունը Հայաստանում» Ֆրիդըմ հաուս, 2021թ․ հունիսի 3, https://freedomhouse.org/sites/default/files/2021-06/Disinformation-in-Armenia_En-v3.pdf

[xxiii] Նույն տեղում։

[xxiv] Դրանք ներառում են Ալեն Սիմոնյանի առաջարկած երկու օրինագծեր, որոնք եռապատկում են զրպարտության կամ վիրավորանքի համար նախատեսված ֆինանսական պատիժը և խստագույն պատիժներ են սահմանում համապատասխանաբար կեղծ տեղեկությունների կամ կեղծանունով հանդես գալով` զրպարտության դիտավորյալ տարածման համար։ Սեդա Ղուկասյան, «Քրեական պատասխանատվություն՝ ֆեյքերի կեղծ տեղեկությունների, վիրավորանքի և զրպարտության համար․ Ալեն Սիմոնյանի նախագիծը», 2021թ․ մարտի 27, https://hetq.am/hy/article/129049

[xxv] Դմիտրի Տեպերիկ, Սոլվիտա Դենիսա-Լիպնիս, Կաար; Կուլամաա, «Դիմակայունություն ապատեղեկատվության դեմ․ Արդյո՞ք պետք է հետևել Բալթյան երկրների օրինակին», Պաշտպանության և անվտանգության միջազգային կենտրոն։ 2022թ․ հոկտեմբեր

https://icds.ee/wp-content/uploads/dlm_uploads/2022/10/ICDS_Report_Resilience_Against_Disinformation_Teperik_et_al_October_2022.pdf

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930