Դեկտեմբերի 1-ին եւ 2-ին տեղի է ունենալու «Գիտության և գործարարության օրեր 2023» համաժողով, որին ընդառաջ այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը եւ համաժողովի պատվավոր հյուր, աշխարհահռչակ փիլիսոփա, գրող և գիտնական Նասիմ Թալեբը համատեղ մամուլի ասուլիս էին հրավիրել:
Քերոբյանն ասաց, որ համաժողովը նպատակ ունի գիտնականների, գործարարների միջոցով պարզել, թե ինչպես անեն, որ Հայաստանում բիզնեսը դառնա գիտելիքահեն, տնտեսությունը դառնա նորարար ու մրցունակ:
Նասիմ Թալեբն ասաց, որ առաջին անգամ է Հայաստանում, բայց կարծում է, որ անցած կյանքում կապ է ունեցել հայերի հետ. «Վերջերս մի ուսումնասիրություն էի կարդում, որը վերաբերում էր գենետիկային, այնտեղ նշված էր, որ Լիբանանի առաջին բնակչությունը հայերից էր բաղկացած: Ես ինձ համարում եմ գործարար, այդպես եմ անցել գիտության ճանապարհը: Երբ գիտությունից գալիս եք իրականություն, դա այլ բան է, իսկ երբ իրականությունից եք գալիս գիտություն, բոլորովին այլ բան է»:
Հարցին՝ դուք Հայաստանում գիտության զարգացվածությունն ինչպե՞ս եք գնահատում եւ ի՞նչ հնարավորություն եք տեսնում՝ Նասիմ Թալեբը պատասխանեց. «Միայն ընդհանրական կարող եմ խոսել Հայաստանի մասին: Միակ բանը, որ կարող եմ ասել՝ պետք է կենտրոնանալ տեխնիկական, պրակտիկ գիտության վրա»:
Կարդացեք նաև
Լրագրողներից մեկը հարցրեց՝ «Երբ խաղադրույքը սեփական մաշկդ է» գրքում հարց եք շոշափում, թե ինչու են այսօր քաղաքական գործիչները այդքան անպատասխանատու ու պատասխանում եք՝ «որովհետեւ իրենք իրենց սեփական մաշկը չեն խաղադրույք կատարել, որովհետեւ այն բոլոր որոշումները, որ կայացնում են, իրենց համար սպառնալիք չեն, անգամ համեմատական եք կատարում աշխարհի լիդերների հետ, որոնք այսօր կարծես համակարգչային խաղ են խաղում՝ երկիրը կառավարելով, կարո՞ղ եք ասել՝ որո՞նք են այն մարտահրավերները, որոնք այսօր համաշխարհային կառավարման դեպքում կարող են մարդկությանը սպառնալ եւ որոնք են այն հնարավորությունները, որոնցից պետք է այսօր օգտվել, բաց չթողնել:
Գիտնականը պատասխանեց. «Այդ գրքում խոսքը իրականության մասին է: Շատ մարդիկ կարծում են, որ իրականության մեջ կարեւոր է խթանը, այսինքն այն մարդիկ, որոնք լավ են կատարում իրենց աշխատանքը, անընդհատ խթան են ստանում: Այդ խթանը կապիտալիզմի հիմքում է ընկած: Եթե դուք անում եք որեւէ սխալ, ապա դրա համար պետք է վճարեք, դա էլ է շատ կարեւոր:
Պսեվդոփորձագետների մասին էլ կուզենայի նշել՝ ինչպե՞ս ենք չափում՝ մարդը իսկապե՞ս փորձագետ է, թե՞ պսեվդոփորձագետ: Իհարկե, փորձագետն այն անձն է, ով ունի բոլոր փորձագիտական հատկանիշները, կապ չունի՝ Վաշինգտոնի համալսարա՞նն է ավարտել, թե՞ ինչ-որ հեղինակավոր համալսարանում է աշխատել, տարբերություն կա պսեվդոփորձագետի եւ իրական փորձագետի միջեւ: Եթե իմ տատիկին հարցնեիք, նա հստակ կմատնանշեր՝ սա մասնագետ չէ, կեղծ է: Օրինակ, եթե գնում եք վարսավիրանոց, դուրս եք գալիս, տեսնում եք մի բան այն չէ, խնդիր կա, կամ սանտեխնիկի դիմելիս հասկանում են՝ մարդ մասնագե՞տ է, թե՞ չէ: Այստեղ խոսքը այն մարդկանց մասին է, ովքեր անդադար խոսում են, 40 տարի խոսում են, որեւէ դիրք են զբաղեցնում ու դուք չգիտեք՝ այդ մարդն իսկապե՞ս մասնագետ է:
Երկրորդը՝ կուզենայի խոսել մարդկանց մասին, ովքեր ռիսկի են դիմում: Երբ մի մարդու շատ են վատաբանում, որ նա պատասխանատու է մահվան ելքով դեպքերի համար, նա ասում է՝ ես անձամբ ուղիղ ներգրավվածություն չունեմ: Պատմական մեծերին դիտարկենք՝ Ալեքսանդր Մակեդոնացուն, կամ Ջորջ Բուշ ավագին, նրանք, եթե պատերազմ էին անում, ո՞վ էր պատասխանատու, արդյոք իրականությունից կտրվա՞ծ էին: Ղեկավարը այն մարդը պետք է լինի, ով պատասխանատու լինի խնդիրների համար, ոչ թե սպասի, որ իրեն միայն գովաբանեն կամ դրական արդյունքների մասին խոսեն: Ղեկավարը չպետք է նստի իր գրասենյակում եւ հրամաններ արձակի՝ իրականությունից լիովին կտրված լինելով: Նախկինում՝ հին ժամանակներում այսպիսի իրավիճակ էր՝ ամենահարգված, հեղինակավորը այն մարդն էր, ով իր կյանքը ռիսկի էր ենթարկում, օրինակ, լորդ էր դառնում կամ արիստոկրատ դիրք էր զբաղեցնում, որովհետեւ պատրաստ էր իր կյանքի գնով պաշտպանել այլ անձանց: Սա կորցրել ենք, ցավոք: Պատկերացրեք, այսօր ես ընթանում եմ մի մայրուղիով, 200 կմ/ժ արագությամբ վարում եմ մեքենան, այլ մեքենաներ էլ կան, այստեղ ես անվտանգության մասին չեմ մտածում, որովհետեւ, ինչպես գրքում է նշված, մաշկիս վրա անձամբ չեմ զգում այդ ամենը: Կարծում եմ, որ գործարարները, քաղաքականություն մշակող անձինք, պատերազմ հրահրող կամ պատերազմում ներքաշված անձինք պիտի պարտադիր դա զգան իրենց մաշկի վրա, որովհետեւ, երբ չեն զգում, գիտեք, կարող են շատ լավ կահավորված իրենց գրասենյակում, որտեղ օդորակիչ է գործում, պարզապես սեղմեն ինչ-որ ստեղնի ու մի դրոն, ԱԹՍ մարդկանց մահվան հասցնի»:
Ինչ վերաբերում է ներկայիս սպառնալիքներին, նա ասաց, որ լավատես է եւ աշխարհն էլ փոփոխվում է. «Հետզհետե առաջ են գալիս մարդիկ, ովքեր կարող են իրենց մաշկի վրա զգալ այն ազդեցությունը, որն ունենում են: Այսօր կառավարությունները ավելի քիչ որոշումներ են ընդունում միանձնյա, համենայնդեպս, այդպիսի միտում կա: Նման միտում կա նաեւ տնտեսության մեջ»:
Քերոբյանն էլ, լսելով գիտնականին, ասաց. «Քանի որ պրոֆեսորն ասեց կյանքը ռիսկի տակ դնելու մասին, ապա պետք է հիշեցնեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով դրել է իր կյանքը ռիսկի տակ ու պատրաստ եմ նորից դա անել, որեւիցե խնդիր չկա: Մենք մեր աշխատանքի ընթացքում փորձում ենք մաքսիմալացնել այն հնարավորությունները, որոնք կան: Շուռ տալ ռիսկի եւ հնարավորությունների տեղերը՝ ռիսկը տանել հայտարար եւ հնարավորությունները բերել համարիչ: Բայց երբ մեծ միջոցներ են ռիսկի տակ դնում ու ստանում են քիչ արդյունք, պետք է խուսափել դրանից»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ