Լրահոս
Օրվա լրահոսը

Մենուա Սողոմոնյան․ «Այս իշխանության առաքելությունը հայ ժողովրդի, Հայաստանի բնակչության ինքնությունը փոխելու, ուրիշ ժողովուրդ դարձնելու մեջ է»

Նոյեմբեր 30,2023 21:21

«Հայկական օրակարգ» նախաձեռնության շրջանակներում կայացած «Ո՞ւր են տանում հայաստանյան քաղաքական զարգացումները» թեմայով պանելային քննարկման ժամանակ «Համախմբում» շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ասաց․«Կցանկանայի խոսել սոցիալ-քաղաքական ավելի խորքային փոխակերպումների մասին։ Խոսքը հայ ժողովրդի ինքնության փոխակերպման մասին է, որի արմատը հայ ժողովրդի, Հայաստանի բնակչության ինքնությունը փոխելու մեջ է, ուրիշ ժողովուրդ դարձնելու մեջ է։

Այդ տրանսֆորմացիան տեղի է ունենում Նիկոլ Փաշինյանի ձեռամբ։ Նա շատ լավ է սերտել երեւակայական համայնքների վերաբերյալ դասը այն մասին, որ ազգերը, ժողովուրդները ոչ թե էնպիսին են, ինչպիսին որ իրենք կան, այլ էնպիսին են, ինչպիսին իրենք իրենց երեւակայության մեջ պատկերացնում են։ Այս մտածողությունը հիմքում ընդունելով, հիմա տեղի է ունենում հայ ժողովրդի վերափոխում։ Այսինքն, այն, ինչը ժամանակին կամ ներկայում կարեւոր է ժողովրդի համար, խոսքը արժեքների, պատմության, այդ պատմությունից իմպուլս ստանալու, խորհրդանիշների մասին է։ Մասնավորապես, օրերս մենք նրան տեսանք՝ հետեւը Արագածի նկարը։ Իհարկե, Արագածը մեր լեռն է, բայց կա հատուկ միտում։

Ինքնության ընդհանուր փոփոխությունը նաեւ արտահայտվում է պետական տարբեր ինստիտուտների ինստիտուցիոնալ  ինքնավարության նվազմամբ Ընդհանուր առմամբ սա դրսեւորվում է նաեւ ժողովրդավարության գերեզմանմամբ, որպեսզի այդ ինքնության փոփոխությունները տեղի ունենան շատ ավելի հեշտ ու սահուն։  Դրա վառ օրինակը հարեւան Թուրքիայում է։ Էրդողանը կարողացավ տասնամյակից մի փոքր ավելի ժամանակում այդ երկրի ինստիտուտների աշխարհիկ բնույթը  փոխել կրոնական, իսլամիկ աշխարհի ավելի հավակնոտ, ամբիցիոզ արտաքին քաղաքականության։ Հայաստանի պարագայում, ցավոք, դրա հակառակն է տեղի ունենում  եւ ինքնության գործընթացը ավելի կրավորական, ավելի համաձայնողական, ավելի հանձնվողական արտաքին քաղաքականության է բերում։

Այս գործընթացը վարչապետի կարեւորագույն հանձնարարությունը, նրա առաքելությունն է։ Եվ դա ավարտին հասցնելու համար է իրեն պետք իշխանությունը։ Քաղաքական պրոցեսների տրամաբանությունը հանգելու է նրան, որ ինքը հնարավորինս ապահովի իր քաղաքական մենաշնորհը այն պայմաններում, երբ որ փաստացի կոտրել է բոլոր ընդդիմադիր քաղաքական կեցվածք ունեցող ուժերի դիմակայությունը եւ ժողովրդավարության պատրանքի ներքո ապահովում է ինչ-որ պրոքսի ուժերի ներկայություն ու այդպես փորձում է ցեմենտել իր իշխանությունը։

Կանգնած լինելով այն հանգրվանի վրա, որ Արցախը հայաթափվել է եւ Արցախի պետական կառույցները վերականգնելու մասին լսել անգամ չեն ուզում, այս պայմաններում վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ կարող է սրբագրվել, ամրագրել այս հանգրվանը՝ սրան  լեգիտիմության նոր շղարշ տալով, բանը հասցնելով ընտրությունների։ Հետեւապես ակնկալելի է, որ առաջիկայում ներքաղաքական կյանքի գլխավոր թեման կարող է դառնալ հենց այդ ընտրությունները»,-ասաց Մենուա Սողոմոնյանը եւ խոսեց նաեւ Արցախի հարցը փակված համարելու իշխանության քաղաքականությանը։

Նրա խոսքով, իշխանության առաքելությունը Արցախի հարցը գերեզմանելն է, որովհետեւ իրենք Հայաստանում ներկայացնում են օկուպացիոն վարչակազմ եւ իրենք թշնամու շահերը սպասարկող քաղաքական ուժ են։ Սակայն Արցախի հարցի այսպիսի լուծումը ձեռնտու չէ Ռուսաստանին, Արեւմուտքին ու հիմնավորեց՝ ինչու։ «Հարցի  այսպիսի լուծումը ձեռնտու չէ նաեւ Ադրբեջանին, որովհետեւ ինքը ավել մեծ ակնկալիքներ ունի։ Բնականաբար, ձեռնտու չէ նաեւ հայ ժողովրդին, որովհետեւ փոքրանում է Հայոց հայրենիքը, մեր պետության ռազմավարական խորությունը եւ մեր անվտանգությունը շատ ավելի սպառնալից է դառնում։ Դա ձեռնտու է միայն մեկ խմբի, որովհետեւ հարցի այսպիսի լուծմամբ, դրա լեգիտիմացմամբ, իրենց իշխանությունը ցեմենտելու հնարավորություն են ունենում»,-ասաց բանախոսը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930