Առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու կապակցությամբ նոյեմբերի 27-ից արդարադատության նախարարության «Սեւան» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած 7 ցմահ դատապարտյալներից երկուսը, այսօր՝ նոյեմբերի 30-ին դադարեցրել են հացադուլը։
Այս մասին Aravot.am-ի հարցմանը ի պատասխան նշեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
«Հացադուլավորներից մեկը նոյեմբերի 29-ին ներկայացրել է գանգատներ առողջության վերաբերյալ։ Հիմնարկի կողմից կանչված շտապօգնության բուժանձնակազմը խորհուրդ է տվել դեղորայքային բուժում, որը ստանալու համար դատապարտյալը պետք է դադարեցնի հացադուլը։ Վերջինս, սակայն, հրաժարվել է բուժումից՝ շարունակելով հացադուլը։ Այսօր՝ նոյեմբերի 30-ին, նույն դատապարտյալի, ինչպես նաեւ հացադուլ հայտարարած դատապարտյալներից եւս մեկի համար կրկին կանչվել է շտապօգնություն՝ առողջական խնդիրներից ելնելով։ Քրեակատարողական հիմնարկի ծառայողների, բուժաշխատողների եւ շտապօգնության բուժանձնակազմի հորդորով վերջիններս դադարեցրել են հացադուլը եւ այժմ գտնվում են հիմնարկի բուժանձնակազմի հսկողության ներքո»,-պարզաբանեց տիկին Նավիկյանը։
Հիշեցնենք, որ «Սեւան» քրեակատարողական հիմնարկի 7 ցմահ դատապարտյալ հացադուլ են հայտարարել՝ պահանջելով վերանայել իրենց վարքագիծը՝ առավել ցածր անվտանգային գոտի տեղափոխվելու համար, ինչպես նաեւ դժգոհ են պատժից պայմանական վաղաժամկետ ազատման գործընթացից, քանի որ նրանց վերաբերյալ դրական զեկույցներ չեն կազմվում։
Կարդացեք նաև
Ցմահ դատապարտյալների հարազատներն էլ բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի մոտ։ Ինչպես մեզ հետ զրույցում նշեց նախաձեռնող խմբի անդամ Արման Սարգսյանը՝ դիմումով դիմել են ՀՀ վարչապետին՝ խնդրելով ընդունելություն։
Հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալների հարազատները նաեւ ահազանգեցին, որ նրանց պահում են ոչ ջեռուցվող խցերում։ «Հացադուլ հայտարարած դատապարտյալները պահվում են վերանորոգված եւ ջեռուցվող խցերում»,-հավաստիացրեց քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ