Շուտով կբոլորի 2 տարին, որ Վանաձորը չունի ընտրովի ղեկավար, ավագանին էլ հազվադեպ է նիստեր գումարում: Համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով նիստի փոխարեն, ավագանին արտահերթ նիստ էր գումարել ու 40-ից ավելի հարցերի դրական քվեարկել: Մինչ Վանաձորի ժամանակավոր իշխանությունները պնդում են, որ իրենց օրոք Վանաձորում շատ ավելի աշխատանքներ են տարվել համայնքում, քան նախկինում, քաղհասարակության ներկայացուցիչները նկատում են, որ վերջիններս ոչ միայն չունեն հաշվետու ու թափանցիկ աշխատելաոճ, այլ գործում են ՏԻՄ օրենսդիր մարմնից անկախ՝ փորձեր չձեռնարկելով ունենալ լիարժեք գործող ավագանի:
Վանաձորի ավագանին այս տարվա 3-րդ նիստն էր գումարել: Մի շնչով դրական քվեարկության արժանացրեց 40-ից ավելի հարցեր, այդ թվում և՝ 2024-ի բյուջեն: Չծավալվեցին քննարկումներ ու կարծիքների փոխանակում։
Ընդդիմադիր «Մամիկոն Ասլանյան» խմբակցության 13 անդամները «Հայրենիք» խմբակցության 2 անդամների հետ բոյկոտել ու չէին եկել նիստի: Վանաձորի համայնքապետի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ակնհայտ է համարում փոփոխությունները: Պնդում է՝ իր օրոք շատ ավելի աշխատանք է տարվել համայնքի զարգացման ուղղությամբ, քան անցած 30 տարում.«Ինձ թվում ա՝ բոլորդ էլ տեսնում եք՝ ինչ փոփոխություն կա մեր քաղաքում, փաստը փաստ ա, որ էս քաղաքը նենց սարքվեց 23 թվականին, որ 30 տարում էսքան գործ չի արվել, մյուս տարի 2 անգամ ավելի պիտի անենք: Վանաձորը պտի ծաղկի և վերջ, դուք էս կողմ, էն կողմ մի ընկեք։ Ով մեզ խանգարում ա՝ ուզում ա միանշանակ էս քաղաքի վատը»:
Շուրջ 2 տարի կալայնքի տակ գտնվող նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանը, որի օրոք Փելեշյանը, փոխքաղաքապետի պաշտոնն էր զբաղեցնում, նոյեմբերի 28-ի դատական նիստի ժամանակ ԶԼՄ-ների հետ զրույցում ասել էր, որ «բոլոր հնարավոր ու անհնարին միջոցներով Վանաձորում խոչընդոտվել և ասպատակվել է տեղական ինքնակառավարման մարմինների տրամաբանությունը: Վանաձորը վառ օրինակ է, որ կարողանանք արձանագրել, որ Հայաստանում ընդհանրապես թե՛ տեղական, թե՛ ընդհանուր ժողովրդավարական ինստիտուտները հավասարված են 0-ի: Փելեշյանն իր թիմի հասցեին հնչած քննադատությունների հետ համաձայն չէ: «Ինչո՞ւ իր նախկին թիմակից «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամները չեն գալիս նիստերի»՝ հարցին հակադարձեց՝ ես իրենց թիմից չեմ եղել: Իսկ, քաղաքապետարանի դռները բաց են, թող գան, ասում է. «Ես իրանց թիմակից չեմ եղել նախ, ես իրանց հետո կոալիցիա եմ կազմել: Ես իմ քաղաքի հըմար եմ աշխատել՝ տեղակալ ժամանակս էլ, քաղաքապետ ժամանակս էլ: Թող գան, որ չեն գալիս, մենք ի՞նչ անենք, իրանք քաղաքն ա, թող գան, քվեարկեն։ Որ իրանք չեն գալիս մենք ընչով ենք մեղավոր: Բոլորի համար դռները բաց են, որ իրանք չեն գալիս քննարկելու, ձեզ թվո՞ւմ ա՝ էս քաղաքը պիտի տուժի, էս քաղաքը դրանից ոչ մի անգամ չի տուժելու»։
Կարդացեք նաև
«Օրակարգի շատ հարցեր մտահոգիչ էին»,- ասում է Վանաձորի ավագանու «Մամիկոն Ասլանյան» խմբակցության անդամ Գայանե Քալանթարյանը: Օրինակ բերում Վահե Շահվերդյանի հիշատակը հավերժացնող հուշաքարը: Առանց ավագանու որոշման, այն արդեն փակցվել է, թեև համայնքապետի պաշտոնակատարը հակառակն է պնդում: Իրեն հաջողվել է կանխել բացումը՝ ավագանու նիստի օրակարգ բերելու մտադրությամբ: Համայնքային իշխանությունները կարծես անջատ են գործում ավագանուց, ինչը ողջունելի չէ:
Ինչո՞ւ են խմբակցության իր գործընկերները բոյկոտում նիստերը, Քալանթարյանը տեղյակ չէ: Ասաց, այս պահին ավելի շատ խղճի թելադրանքով, որպես անկախ անդամ է մասնակցում՝ համայնքի շահը վեր դասելով նեղ խմբակցային ու կուսակցական շահերից. «Գուցե քննարկումներ կան, բայց ես տեղյակ չեմ այդ քննարկումներից, այս պահին ես գործում եմ ոնց որ թե անկախ, հանուն քաղաքի շահի, մնացած ոչ մի հարց այլևս չի հետաքրքրում: Ես չեմ կարող ասել խմբակցության անդամների դիրքորոշումը այս պահին՝ իրենց դո՞ւր է գալիս, որ ես գնում եմ նիստերի, թե դուր չի գալիս, քանի որ այս պահին կապը խզված է ցավալիորեն»:
Հիշեցնենք՝ նախկին համայնքապետ Մամիկոն Ասլանյանի թիմակիցները դատական նիստի ավարտին ասել էին, որ չեն գնա նիստերի, քանի դեռ իրենց առաջնորդն անազատության մեջ է։
«Այս գումարման ավագանին»,- ասում է Գայանե Քալանթարյանը,-«զուրկ է առողջ քննարկումների մշակույթից: Փորձի պակասից է»: Խմբակցությամբ սեփական կարծիքը կաղապարելով ու կողմ քվեարկելով չէ, որ ձևավորվում է ավագանու անդամը.«Կուսակցական պատկանելության խնդիր կա, իրենց երևի իրենց ներսում քննարկում են, որ որևէ հարցի դեմ չպետք է քվեարկեն, բայց հարցադրումների պակասը վկայում է այն մասին, որ բավական տեղյակ չեն ավագանու գործառույթների վերաբերյալ: Իրենք վախենում են ինքնուրույն կարծիք կազմել կամ կարծիք չունեն, կամ ունեն կոնսենսուս, որ կարծիք չեն հայտնելու»:
«Ուղղակի Ժողովրդավարություն» ՀԿ նախագահ Գևորգ Քոթանջյանի դիտարկմամբ՝ Վանաձորում ՏԻՄ-ի օրենսդիր ու գործադիր թևերն իրարից առանձին են գործում: Այն, որ անգամ ավագանու անդամները տեղյակ չէին քննարկման ներկայացված հարցերի մանրամասներին, արդեն իսկ մտածելու տեղիք է տալիս: Որքանո՞վ է ներկա ավագանին արտացոլում ընտրովի մարմնի իր գործառույթները, արդյո՞ք իր աշխատանքով կարողացել է դեպի լավը փոխել 100.000-ից ավելի բնակիչ ունեցող խոշորացված համայնքի կյանքը: Գևորգենց կազմակերպությունը այլ կառույցների հետ այս տարի Վանաձոր խոշորացված համայնքի 4000 բնակչի շրջանում հարցում են անցկացրել ու պարզել, որ հարցվածների ճնշող մեծամասնությունը դժգոհ են Վանաձորի ժամանակավոր կառավարիչներից: Չկա բարեվարք, թափանցիկ ու հաշվետու կառավարում.«4000-ից 85,5 % դժգոհ է և առնվազն 40 %-ը չի տեսնում իր ապագան Վանաձորում մինչդեռ 2021-ին հակառակ պատկերն էր՝ 25 %-ն էր ընդամենը դժգոհ և 10 %-ն էր, որ ցանկություն չուներ իր ապագան տեսնել Վանաձորում»:
Այս ընթացքում ո՛չ համայնքապետարանը, ո՛չ ավագանու որևէ խմբակցություն նախաձեռնություն չցուցաբերեց՝ դատական արգելանքի որոշման հետ կապված, որ կարողանային համայնքապետ ընտրել, մինչդեռ նոյեմբերի 13-ին վարչական դատարանը որոշում ընդունեց Վանաձորի ավագանու նիստի արգելքին վերաբերող նիստը հետաձգել մինչև 2024 թվականի ապրիլը՝ պայմանավորված գործը քննող դատավորի՝ սեմինարների գնալու հանգամանքով։
«Անկախ դիտորդ» դաշինքի համակարգող Վարդինե Գրիգորյանի խոսքով՝ ավագանու նիստերի իմիտացիա անելու փոխարեն լավ կլիներ առաջնորդվել ՏԻՄ օրենքով. նիստ հրավիրել համայնքի ղեկավար ընտրելու օրակարգով.«Եթե նույնիսկ նիստ անցկացնեին ոչ ոք իրենց չէր ասելու, որ արգելանք կար, որովհետև էդ արգելանքը վերացել է օրենքի ուժով: ՏԻՄ օրենքը ասում ա, որ դատական ակտի ուժի մեջ մտնելու հաջորդ օրվանից հաշված 10 օրվա ընթացքում պետք է նիստ հրավիրի, փաստացի նիստ չի եղել, չի եղել նաև համայնքապետի ընտրություն: Վանաձորի դեպքում հստակ ա, որ պետք ա արձակվի չկայացած ավագանին, գնալ արտահերթ ընտրության»:
Ավագանու նիստի, թերևս, ամենապոզիտիվ որոշումը Վանաձորի նախկին Սպայի տունը Թումո կենտրոնի վերածելու մասին էր: Թումոյին անհատույց օգտագործման իրավունքով վստահված շենքը վերանորոգումից հետո կպահպանի իր ճարտարապետական տեսքը: Լոռեցի թումոյականների առաջին խումբը հնարավորություն կունենա հաճախել կենտրոն 2026-ից:
Լուսինե Սարգսյան