Անցնող տարվա ընթացքում Եվրոպական միության և Արևելյան գործընկերության Քաղաքացիական հասարակության ֆորումի աջակցությամբ Արևելյան գործընկերության երկրներում՝ Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Մոլդովայում և Ուկրաինայում իրականացվել են հետազոտություններ տնտեսական, իրավական, բնապահպանական, թվային ոլորտներում բարեփոխումների առաջընթացի վերաբերյալ՝ Եվրամիության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում։
Հայաստանում աշխատանքները համակարգել է Երևանի մամուլի ակումբը։
Հետազոտության՝ Հայաստանին վերաբերող արդյունքները ներկայացվեցին այսօր: Զեկույցն ամբողջությամբ պատրաստ կլինի ավելի ուշ:
ԵՄԱ ծրագրերի համակարգող Սարգիս Հարությունյանի փոխանցմամբ, ՀՀ-ԵՄ հարաբերությունները՝ 1991-ից ի վեր, մուտք են գործում աննախադեպ մի մակարդակ. վերջին 1-1,5 տարվա ընթացքում Երեւանի եւ Բրյուսելի հարաբերությունները բավականին ինտենսիվ են, մուտք են գործում անգամ ոլորտներ, որոնց մասին նախկինում չէր էլ խոսվում: Օրինակ, խոսքը վերաբերվում է քաղաքական եւ անվտանգային ոլորտներում համագործակցություններին, ինչը հանգեցնում է նաեւ նրան, որ այլ ոլորտներում էլ շփումների մեկնարկի համար առավել հիմնարար համաձայնություններ են ձեռք բերվում:
Կարդացեք նաև
ՀՀ-ԵՄ հարաբերություններում բանախոսը երեք ուղղություն է առանձնացնում՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցություններում ԵՄ միջնորդական ջանքերը: Նրա դիտարկմամբ, առավել շատ հանդիպումներ եւ քննարկումներ են եղել բրյուսելյան հարթակում, քան մոսկովյան: Վաշինգտոնյան հարթակն էապես զիջում է անգամ մոսկովյան հարթակին:
Հաջորդ ուղղությունն անվտանգության ուղղությունն է: Այս ոլորտում էլ հետազոտողներն աննախադեպ առաջընթաց են նկատում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ Հայաստանն իր անվտանգային մեխանիզմներն այլեւս այս հարթակի հետ է կապում, ոչ թե ՀԱՊԿ-ի: Այս ոլորտում համագործակցության հիմքը դրվեց նախորդ տարի, երբ ԵՄ քաղաքացիական դիտորդները տեղակայվեցին՝ նախ երկու ամսով, ապա՝ երկու տարով, ՀՀ-Ադրբեջան սահմանին, այս տարվա նոյեմբեր ամսին պայմանագիր ստորագրվեց առաքելության կարգավիճակի մասին, ընդլայնման մասին եւ այլն: Որպես օրինակ է նշվում նաեւ Ֆրանսիայի հետ ռազմական գործակցության համաձայնագիրը:
Համագործակցության երրորդ ուղղությունն առեւտուրն է. դրանք կտրուկ աճ են գրանցել 2021-ից՝ ուկրաինական պատերազմից հետո, ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցների արդյունքում: 2022-ի արդյունքներով ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունն աճել է գրեթե 44 տոկոսով՝ կազմելով մոտ 2 միլիարդ եվրո: 2023-ի 9 ամիսների արձանագրած արդյունքով էլ ՀՀ-ԵՄ առեւտրաշրջանառությունը կազմել է մոտ 2 միլիարդ եվրո:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ