Այսօր Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում «Առավոտի» լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի գործով առաջին դատական նիստն էր: Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտնի ասուլիսից հետո լրագրողը սոցցանցերով բազմաթիվ վիրավորանքներ ու սպառնալիքներ էր ստացել իշխանության աջակից օգտատերերից, որոնցից մեկը՝ Դիանա Մարտիրոսյանը մասնավորապես գրել էր՝ «Ոնց կգցեի քեզ քացուս տակ, այ լիրբ, ասում ես մորաքույրդ պատասխաններա տվել, իսկ հլը հարցրու էլի նավսյակի էն 30 մլրդ դոլարը աղքատ պետությունում ոնց են մտցրել քամագները…այ դու հլը հարցրու դրանք, մինչեւ մի օր դեմներս կհելնես, հարցերիդ պատասխանները կտանք լի, կլոր աշխարհ ա, էդ հլը մի մասն եմ ասում հարցերի, տենց ձեռ առնելով էլ տնեցիքիդ հետ կխոսաս»:
Լրագրողը հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ պահանջելով, որ Դիանա Մարտիրոսյանը պատվի եւ արժանապատվության դեմ կատարած արարքի համար ներողություն խնդրի հրապարակային, ինչպես նաեւ վճարի 400 հազար դրամ:
Լրագրողը ուղիղ եթերում, հայցադիմումը ներկայացնելիս հայտարարել էր, որ եթե Դիանա Մարտիրոսյանն ասում է՝ «մի օր դեմներս կհելնես», այդ տեղը կարող է լինել դատարանը, կհանդիպեն դատարանում: Սակայն այսօր դատարան Դիանա Մարտիրոսյանը չէր ներկայացել: Ավելին, դատարանին տեղեկացրել էր, որ այս գործով նիստերին ինքը չի մասնակցելու: Այնպես որ, նիստն ընթացավ առանց պատասխանող կողմի մասնակցության: Լրագրողի ներկայացուցիչ Շուշան Ավետիսյանը ներկայացրեց հայցը, հայցի պահանջը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե Ջեբեջյանը դատարանին տեղեկացրեց, որ անգամ դատական հայցից հետո Դիանա Մարտիրոսյանը շարունակել է իր ֆեսբուքյան էջում վիրավորել, մասնավորապես, նշել է. «Էլի դատի տվեցին, էս անգամ դատի տվեց Հռիփսիմե Ջեբեջյան, նույն ինքը, ով վարչապետի ասուլիսի ժամանակ մորաքրոջ, տոլի հորաքրոջ անունից ծաղրանքով էր խոսում վարչապետի հետ եւ բնականաբար ստացավ իրեն արժանի պատասխան: Ուրեմն սրանք այ սենց սաղին դատի տալով լավ էլ փող են աշխատում: Ցուցմունքի մեջ նշել ա, որ կամ ներողություն խնդրեմ ու հերքեմ, միաժամանակ էլ 400 հազար դրամ վճարեմ իրան վիրավորելու համար: Հիմա հարց՝ դու կարո՞ղ ա գժվել ես, աղջիկ ջան, ինչ ա քեզ թվում, ես քեզ 400000 դրամ կվճարե՞մ, սկի իմ անունով սեփական կատու չունեմ: Երկրորդ՝ քեզ ի՞նչ ա թվում, ես որ մի գրառում եմ անում, խի չե՞մ պատկերացնում, որ քո նմանները վազելու են վրես գրեն, мне до лампочки…»:
Մեկ այլ գրառման մեջ էլ նշել է. «Ասում ա՝ կպնենք գրպաններին, որ հասկանան, մեզ՝ լրագրողներիս չվիրավորեն: Բա չեք վախենում գրպանից մի քիչ էս կողմ կպնես: Էս ով են սրանք, լրիվ յախք են, կգնաս էն քոռ բուի հետ մի հատ էլ կգրես վրես»:
Հիշեցնենք, որ նույն Դիանա Մարտիրոսյանը Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ «New day» կայքի խմբագիր, լրագրող Անի Գեւորգյանի վրա էր հարձակվել եւ ասել՝ «դիշովկեք եք դուք», «ղուրբան էղի, որ ոտերիս տակ չես հայտնվել»:
Հաջորդ դատական նիստը նշանակվեց 2024-ի մարտի 19-ին: