Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ատելության մթնոլորտը, արժեքային դեգրադացիան, որը տիրում է մեր հասարակության մեջ, նաեւ տեսալսողական մեդիայի մեղքով է»․ Լիլիթ Գալստյան

Նոյեմբեր 30,2023 15:42

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հնչեցրեց տեսալսողական մեդիայում ատելության խոսքի, ֆեյք լուրերի դեմ պայքարի հարցը։

Հանձնաժողովի նիստում ներկայացվեցին Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի անդամի թափուր տեղերի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածությունները։

«Որքան էլ կարգավորող մարմնի նախագահը երբեմն տրտնջացել է իր լիազորությունների սահմանափակ լինելուց, բայց ես վստահ եմ, որ եթե ինքը քաղաքական բավարար կամք ունենար, կկարողանար որոշակիորեն այդ մթնոլորտն առողջացնել ու որոշակի բարոյական, մասնագիտական նորմեր սահմանել դաշտում»,- ասաց Լիլիթ Գալստյանը։

Նա թեկնածու Նունե Հախվերդյանին հարցրեց․ «Դուք կունենա՞ք այդ մասնագիտական եւ քաղաքացիական խիզախությունը, կարո՞ղ ենք ձեզնից ակնկալել, որ մոնիտորինգի արդյունքում այս կամ այն հեռուստաընկերությանը, որոնք մինչեւ հիմա էլ շարունակում են ատելության, տգիտության, ոչ պրոֆեսիոնալիզմի, հանրային կյանքը թունավորող մթնոլորտը տարածել, գոնե դեղին քարտ ցույց կտաք»։

Նունե Հախվերդյան

Նունե Հախվերդյանն ասաց, որ ՀՌՀ-ը վերգետնյա հեռարձակման ու օնլայն մեդիայի վրա ներազդելու գործառույթ չունի։ Դրա համար ավելի լուրջ հանձնաժողովներ պետք է ստեղծվեն։ Ըստ նրա՝ մեդիայի դաշտը կարգավորող օրենքները միշտ ուշանում են եւ շատ թերի են։

Հախվերդյանը նշեց, որ հանրօգուտ բովանդակությունը պայքարի միակ գործիքն է։ «Այս միջավայրում, որտեղ հատկապես սոցցանցերը խրախուսում են բեւեռացումը եւ այս լարված հասարակական մթնոլորտում լսելի է նա, ով գոռում է ավելի բարձր, ավելի ռադիկալ բառապաշար է օգտագործում։ Դա երեւի ավելի շատ քլիք է բերում։ Եվ ինչ-որ պահի այդ ատելության բառապաշարի հագեցվածությունը գալիս է, այստեղ կշահի իրականում ավելի խորը խոսքը, ոչ թե ավելի բարձր։ Դրա համար ես կարեւորում եմ լրագրողի աշխատանքը եւ անկախ խմբագրական աշխատանքը»,- ասաց Նունե Հախվերդյանը։

Լիլիթ Գալստյանը նշեց, որ որոշակի չափորոշիչներ սահմանելու դեպքում կարելի է սահմանել հանրային օգտակարության եւ ատելության խոսքի սահմանը։ «ՀՌՀ-ի ճիշտ ու կոլեկտիվ ախտորոշումը թույլ կտա սահմանել այնպիսի խաղի կանոններ, որոնք հանրային առողջությանը իրենց մեկ բաժակ ջուրը կբերեն։ Այն ատելության մթնոլորտը, արժեքային դեգրադացիան, որը տիրում է մեր հասարակության մեջ, խորապես այդտեղ իրենց բաժինն ունեն նաեւ տեսալսողական մեդիայի միջոցները։ Ձեր գործիքակազմը թույլ է տալիս ներքին կանոնակարգեր մշակել, որն ընդունելի պետք է դառնա մեդիադաշտի համար»,- ասաց պատգամավորը։

Հանձնաժողովը հաստատեց Հասմիկ Հակոբյանի եւ Նունե Հախվերդյանի թեկնածությունները

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930