Լրահոս
Օրվա լրահոսը

3-րդ երկրներից «ձեւական» ժամանակավոր ներմուծված մեքենաների մաքսազերծման գումարի մի մասը կվճարի պետությունը, եթե մաքսազերծումն իրականացվի մինչեւ դեկտեմբերի 30-ը

Նոյեմբեր 30,2023 13:32

«Այս թեմային առնչվել ենք այն բանից հետո, երբ տեսանք, որ Հայաստանում շատ մեծ տեմպերով աճում են վրացական համարանիշերով ավտոմեքենաները։ Ես դրա համար սկզբում շատ եմ ուրախացել, մտածել եմ, որ Վրաստանից ՀՀ այցելությունների թիվն արագ ավելանում է»,-այսօր այս մասին կառավարության նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը, երբ քննարկվում էր 3-րդ երկրներից ՀՀ ժամանակավոր ներմուծվող ավտոմեքենաների մաքսազերծման մասին հարցը։

ՀՀ-ում 3-րդ երկրներից ներկրվող տրանսպորտային միջոցները, ինչպես նշված է նախագծի հիմնավորման մեջ, օրենքով ազատ շրջանառության նպատակով ձեւակերպելու եւ գրանցելու փոխարեն, այդ տրանսպորտային միջոցները քաղաքացիները ձեւակերպում եւ գրանցում են այդ երկրներում (հիմնականում Վրաստանում) եւ ներմուծվում ու տնօրինվում են Հայաստանում «ձեւական» ժամանակավոր ներմուծում ձեւակերպելու ճանապարհով:

«Այս իրավիճակը այսպես շարունակել չի կարելի»,-հայտարարեց Փաշինյանը։

Ըստ հիմնավորման՝ ներկա պահին Հայաստանի տարածքում նման կարգավիճակով շահագործվում են շուրջ 9000 միավոր ավտոմեքենա, եւ արդյունքում վճարումներ չեն կատարվում պետական բյուջե թե՛ մաքսատուրքերի, թե՛ ավելացված արժեքի հարկի, թե՛ բնապահպանական հարկի եւ թե՛ գույքահարկի գծով․ «Դրա փոխարեն Հայաստանի Հանրապետությունում շահագործվող, սակայն գրանցում չստացած խնդրո առարկա տրանսպորտային միջոցների մասով վերը նշված վճարներով համալրվում են այլ երկրների պետական բյուջեի եկամուտները»:

Նախագծով առաջարկվում է՝ 3-րդ երկրում գրանցված տրանսպորտային միջոցը Հայաստան ժամանակավորապես ներմուծելու համար մաքսային մարմիններին ներկայացնել ապահովում՝ տրանսպորտային միջոցի ազատ շրջանառության համար բացթողնելու համար վճարման ենթակա մաքսատուրքի եւ հարկերի չափով գումարի տեսքով՝ վճարելով այդ գումարը մաքսային մարմնի կողմից տնօրինվող դեպոզիտային հաշվին, որը նրանց կվերադարձվի տվյալ ավտոմեքենան վերաարտահանելիս։

«Այս միջոցը կոչված է տրանսպորտային միջոցի «ձեւական» ժամանակավոր ներմուծումը ոչ շահավետ դարձնելու»,-նշված է հիմնավորման մեջ։

Կառավարությունը հաստատեց մեկ այլ նախագիծ էլ, որով փաստորեն 3-րդ երկրներից ժամանակավոր ներմուծված մարդատար ավտոմեքենաների ՀՀ-ում ազատ շրջանառության համար պետությունը կաջակցի մաքսազերծման որոշակի գումար փոխհատուցելով։

Նիստում ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանի ներկայացմամբ՝ պետությունը մաքսազերծման փոխհատուցման գումար կտրամադրի այն քաղաքացիներին, ովքեր մինչեւ 2023-ի դեկտեմբերի 4-ը ներառյալ ժամանակավոր ներմուծման նպատակով 3-րդ երկրներից ներմուծել են մարդատար ավտոմեքենա եւ դեկտեմբերի 5-30-ը կկատարեն մաքսազերծումը․ «Մինչեւ 5 տարի թողարկման տարեթիվ ունեցող մեքենայի դեպքում փոխհատուցվելու է վճարման ենթակա գումարի 40%-ը, քաղաքացին կվճարի 60%-ը, 5 տարուց ավելիի դեպքում՝ վճարման ենթակա գումարի 70%-ը կվճարի պետությունը, մնացածը՝ քաղաքացին»։

Սմբատյանի խոսքով՝ հունվար 1-ից սահմանվում է խիստ պահանջ, որը կանխարգելում է ՀՀ 3-րդ երկրների համարանիշերով ավտոմեքենաների ձեւական ժամանակավոր ներմուծումը, մյուս կողմից էլ այդ քաղաքացիներին հնարավորություն է տրվում մինչեւ դեկտեմբերի 30-ը օգտվել պետական աջակցությունից ու ձեւակերպել մաքսազերծում։

«Մեր քաղաքացիները գերադասում են նման մեթոդը, քանի որ Վրաստանում մաքսատուրքն ավելի քիչ է, քան Հայաստանում։ Մենք կարող էինք գնալ մաքսատուրքը նվազեցնելու ճանապարհով, բայց խնդիրն այն է, որ դա ԵԱՏՄ կարգավորում է եւ ՀՀ-ն չի կարող միակողմանի այդ խնդիրը լուծել։ Մենք կարծում ենք, ԵԱՏՄ-ում, ըստ պատեհության, կարող է քննարկվել հարցը, մենք այդ հնարավորությունը կդիտարկենք։ Բայց երկար ժամանակ ԵԱՏՄ կարգավորումներով ՀՀ-ն ուներ արտոնություն ավտոմեքենաների ներմուծման համար»,-ասաց Փաշինյանը։

Նա նաեւ նշեց, որ եթե նման մեթոդով են մաքսաձեւակերպումներ արվել ու վրացական պետհամարանիշերով երթեւեկել, դա ՊԵԿ-ի խնդիրն է, քանի որ այս կառույցից ազդակներ պետք է ստանային խնդրի սկզբնական շրջանում։

«Մենք հիմա առաջարկում ենք՝ նրանք, ովքեր արդեն ներմուծել են ավտոմեքենաները, աջակցություն ենք տրամադրում, որպեսզի նրանք ավելի թեթեւ պայմաններով մաքսազերծեն։ Սրան զուգահեռ ոստիկանությունը վարչարարություն կիրականացնի նրանց նկատմամբ, ում մեքենաների շահագործումը չի համապատասխանի այս կանոններին, վարչական լծակներով կդրդենք, որպեսզի երթեւեկեն ՀՀ համարանիշերով»։

Փաշինյանն ասաց, որ վերջերս դեպքերն են բացահայտվել, երբ մաքսային ծառայողները կեղծ ձեւակերպում են արել, թե իբր այդ մեքենաները դուրս են եկել ՀՀ-ից եւ վերադարձել, եւ սա արվել է, որպեսզի ներմուծման ժամկետնը զրոյացվի ու նոր ձեւակերպում արվի․ «Նման ծառայությունից օգտվում են նրանք, ովքեր ակնհայտորեն խիստ անապահով չեն»։

Փաշինյանը խիստ զգուշացում տվեց՝ մաքսային ծառայության բարեվարքության կանոններից շեղումներ չլինեն։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930