Լրահոս
Օրվա լրահոսը

103 տարի առաջ Ադրբեջանն Արցախը ճանաչել է որպես Հայաստանի մաս. Ստեփան Հասան-Ջալալյան

Նոյեմբեր 30,2023 13:26

1920թ. նոյեմբերի 29-ին Հայաստանի Հանրապետությունում հաստատվում են խորհրդային կարգեր: Ի նշան Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման, Խորհրդային Ադրբեջանի հեղափոխական կոմիտեի նախագահ Նարիման Նարիմանովը շնորհավորական ուղերձ է հղել, որտեղ հայտնել է, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Հեղկոմն ընդունել է որոշում, ըստ որի «Այսօրվանից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վեճերը հայտարարվում են վերացված: Լեռնային Ղարաբաղը, Զանգեզուրը և Նախիջևանը համարվում են Հայաստանի Սոցիալիստական Հանրապետության մասը»:

Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի վերոնշյալ որոշումը, ստորագրված Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովի և արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Միրզա Հուսեյնովի կողմից, 1920թ. դեկտեմբերի 7-ին տպագրվել է Երևանում լույս տեսնող «Կոմունիստ» թերթի 2-րդ համարում հայերեն թարգմանությամբ:

Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հայաստանում խորհրդային կարգերի հաստատման առթիվ 1920թ. դեկտեմբերի 1-ին Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահ Նարիման Նարիմանովը հրապարակել է նաև հռչակագիր, որտեղ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ որոշակիորեն խմբագրել է Ադրբեջանի Հեղկոմի ընդամենը մեկ օր առաջ՝ 1920թ. նոյեմբերի 30-ին ընդունած որոշումը:                                     Հռչակագրում Նարիմանովը, մասնավորապես, հայտարարել է, որ «Զանգեզուրի և Նախիջևանի գավառները հանդիսանում են Խորհրդային Հայաստանի անբաժանելի մասը, իսկ Լեռնային Ղարաբաղի աշխատավոր գյուղացիությանը տրվում է ինքնորոշման լիարժեք իրավունք…»:

Հաջորդ օրը՝ դեկտեմբերի 2-ին, հռչակագիրը տպագրվել է Բաքվում լույս տեսնող ռուսալեզու «Կոմունիստ» թերթի 178-րդ համարում:

Ահա թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.

Հիմք ընդունելով Խորհրդային Ադրբեջանի Հեղկոմի նախագահի 1920թ. դեկտեմբերի 1-ի հռչակագիրը և Հայաստանի ու Ադրբեջանի Խորհրդային Հանրապետությունների կառավարությունների միջև ձեռք բերված համաձայնությունը՝ Խորհրդային Հայաստանի ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ Ալեքսանդր Մյասնիկյանը 1921թ. հունիսի 12-ին ստորագրել է դեկրետ, որով հայտնել է, որ «Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան Յեղկոմի դեկլարացիայի և Հայաստանի ու Ադրբէջանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութիւնների կառավարութիւնների մէջ եղած համաձայնութեան հիման վրայ, յայտարարվում է, որ Լեռնային Ղարաբաղն այժմեանից կազմում է Հայաստանի Սոցիալիստական Խորհրդային Հանրապետութեան անբաժան մասը:»:

Դեկրետը հրապարակվել է Երևանում լույս տեսնող «Խորհրդային Հայաստան» թերթի 1921թ. հունիսի 19-ի համարում:

Ահա «Խորհրդային Հայաստան» թերթի բնօրինակ էջի համապատասխան հատվածի լուսապատճենը.
Նույն թվականի հունիսի 22-ին փաստաթուղթը տպագրվել է նաև Բաքվում լույս տեսնող «Бакинский рабочий» ռուսալեզու թերթում:

Ահա այն.
            Եվ այսպես, երկու ինքնիշխան պետություններ՝ Խորհրդային Հայաստանը և Խորհրդային Ադրբեջանը, վեճ ունեին կոնկրետ տարածքի հետ կապված: Վեճը լուծելու նպատակով տվյալ երկրների իշխանությամբ օժտված մարմիններն իրենց իրավասության սահմաններում վեճի առարկայի վերաբերյալ ընդունել են իրավական ակտեր, որոնք հրապարակվել են ժամանակի պաշտոնական մամուլում: Արդյունքում կարգավորվել է 1918թ. սեպտեմբերին ծագած ադրբեջանաարցախյան հակամարտությունը:

Այսպիսով, 103 տարի առաջ ճիշտ այս օրը՝ 1920թ. նոյեմբերի 30-ին, Խորհրդային Ադրբեջանը Լեռնային Արցախը, Նախիջևանը և Զանգեզուրը ճանաչել է որպես Հայաստանի մաս:

Ստեփան ՀԱՍԱՆ-ՋԱԼԱԼՅԱՆ

քաղաքագետ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930