Միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանն արցախցիների վերադարձ Արցախ դժվարանում է պատկերացնել այն իրականությունում, երբ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանողը հերոսացվում է այդ երկրում, 44-օրյա պատերազմում մարդկանց մաշկազերծ անողներն այդ հասարակությունում ընկալվում են հերոսներ:
Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ Սիրանույշ Սահակյանն անդրադարձավ նաեւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալու հնարավորություններին, ինչի մասին վերջին շրջանում Հայաստանում հրապարակային քննարկումներ են սկսվել:
Ադրբեջանցիների՝ Հայաստան վերադառնալը նա քաղաքական հարց է համարում, այդ թվում նաեւ ժողովրդագրական ռիսկերի գնահատումը, որը վստահ է, որ Հայաստանում պատշաճ չի իրականացվել: Բայց կարծում է, որ Հայաստանը կարող է երաշխիքներ տալ, որ ադրբեջանցիները իրապես անվտանգ կապրեն մեր երկրում, քանի որ ադրբեջանցիների նկատմամբ ատելության քաղաքականություն մեր երկրում չի վարվել եւ մենք իրականում հանդուրժող ենք օտարերկրացիների, այդ թվում՝ ադրբեջանցիների նկատմամբ: Ադրբեջանցիների վերադարձից առաջ, բանախոսի կարծիքով, պետք է քննարկման առարկա դառնան հայերի բնակության հարցերն այն հողերում, որոնք նաեւ պատմական հայրենիք են ու քանի այս հարցերի նկատմամբ Ադրբեջանը անհանդուրժող է, անհասկանալի է, թե ի՞նչ սկզբունքներից ելնելով են Հայաստանում բացվում դռներն ադրբեջանցիների առջեւ: Մանավանդ, որ այդ երկիրը պետականորեն հայտարարում է ՀՀ-ի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին:
Սիրանույշ Սահակյանը մտավախություններ ունի, որ հայերը Հայաստանում կարող են դառնալ փոքրամասնություն եւ եթե ադրբեջանցիներին հնարավորություն տրվի համահավասար իրավունքներից օգտվելու, իրենք նաեւ քաղաքական գործընթացների վրա են ազդեցություններ ունենալու: Օրինակ է բերում Եվրոպական երկրներում ապաստանած Թուրքիայի քաղաքացիներին, որոնք գործոն են դառնում այդ երկրների ներքաղաքական կյանքում:
Կարդացեք նաև
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի