Aravot.am-ի տեղեկություններով՝ ոստիկանությունը ՀՀ ԿԳՄՍՆ-ից գրություն է ստացել, որ խախտելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության եւ օգտագործման մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի դրույթները՝ հուշարձան համարվող Մակարավանք համալիրի ենթահուշարձան հանդիսացող օժանդակ կառույցների մեջ, առանց լիազոր մարմնի թույլտվության՝ կատարվել են հողաքանդման աշխատանքներ, ինչի արդյունքում խաթարվել է հուշարձանի պատմամշակութային շերտը, բացվել են խեցանոթները, որոշները վնասվել են:
Ըստ մեր տեղեկությունների, հաղորդումը, զեկուցագրերը, ամփոփագիրը և կից փաստաթղթերն ուղարկվել են ՀՀ Տավուշի մարզային քննչական վարչություն:
Aravot.am-ի հետ զրույցում ԿԳՄՍ նախարարության Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանություն ծառայություն ՊՈԱԿ-ից հաստատեցին մեր ունեցած տեղեկատվությունը․ «Այո, հողաքանդման աշխատանքներ են իրականացվել, բացվել է հողային շերտը, դիմել են ոստիկանություն»:
Հավելենք, որ Մակարավանքը 13-րդ դարի վանական համալիր է՝ Տավուշի մարզում: Այն գտնվում է Աչաջուր գյուղից 6-7 կմ հարավ-արևմուտք, Պայտաթափ լեռան լանջին։ Հուշարձանի մասին հիշատակություն կա Կիրակոս Գանձակեցու մոտ։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ tahuys.am կայքից