JAMnews. Հայաստանում ժողովրդագրական վիճակի բարելավումը համարվում է անվտանգային հարց: Այս մասին խոսել ու ծնելիությունը խթանելու քայլեր են ձեռնարկել ներկա և անցյալ բոլոր իշխանությունները: Սակայն ծնունդների թիվը միայն շարունակում էր նվազել է: 2019-ից փորձագետներն ահազանգում էին՝ երկիրը ժողովրդագրական ճգնաժամի է հասել և մոտենում է դեպոպուլյացիայի փուլին։ Իսկ դրանից հետո իրավիճակն ավելի բարդացավ կորոնավիրուսի համավարակի և Արցախյան երկրորդ պատերազմի հետևանքով։
Այս տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, վերջապես, արձանագրվել է ծնելիության աճ։ Տոկոսային աճը կազմել է մոտ 2.6 %: 2023թ.-ի առաջին վեց ամիսներին ծնվել է 16 939 երեխա 2022թ.-ի նույն ժամանակահատվածի 16 511 երեխայի համեմատ:
Մի բազմազավակ ընտանիքի պատմություն
Ստելլան ապրում է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերից մեկում: 2020թ-ից հետո ունեցել է իր երրորդ և չորրորդ երեխաներին: Ասում է՝ պատերազմից հետո երկրին մի բանով օգտակար լինելու ցանկություն կար։ Դրա հետ մեկտեղ, ընտանիքը հաշվի է առել պետական աջակցության ծրագրերից օգտվելու հանգամանքը:
«Գյուղում դժվար է կնոջ համար աշխատանք գտնելը: Եթե երեխաներ էլ ունես` գրեթե անհնար: Հիմա ես մի ամբողջ աշխատավարձ ունեմ երեխաներիս նպաստների հաշվին և կարողանում եմ կարիքներս հոգալ»,- ասում է նա:
Կարդացեք նաև
Վճարումները չեն ուշանում, ավելին՝ մի մասը երեխաների համար բանկում բացված ավանդային հաշվին է փոխանցում.
«Մենք նաև երկու միլիոն դրամ միանվագ նպաստ ենք ստացել երրորդ և չորրորդ երեխաների ծննդյան ժամանակ: Այդ գումարով տանը կոսմետիկ վերանորոգում ենք արել։ Շատ մեծ աջակցություն չէ, բայց օգնեց մեր ընտանիքին մի փոքր ոտքի կանգնել, երեխաների հիմնական ծախսը հոգալ՝ տակդիրներ, կաթնախառնուրդ, հագուստ և այլն»:
Ծնելիության խրախուսման պետական ծրագրերը
2020թ-ից լայն թափով սկսել են կյանքի կոչվել ծնելիության խրախուսման, երիտասարդ և երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության տարբեր ծրագրեր։
Այսպես, առաջին երեխայի ծննդյան միանվագ նպաստը 50 հազար դրամից դարձել է 300 հազար դրամ։ Երկրորդ երեխայի ծննդյան միանվագ նպաստը 150 հազար դրամից դարձել է 300 հազար դրամ:
Աշխատող մայրերին տրվող ամսական նպաստը 18 000 դրամից դարձել է 25 500 դրամ։
Գյուղական բնակավայրերում երեխայի խնամքի նոր նպաստի տեսակ է ներդրվել՝ մինչև երեխայի երկու տարեկան դառնալը մայրերին ամսական տրամադրվում է ևս 25 500 դրամ:
2022թ-ի հունվարի 1-ից հետո բոլոր այն ընտանիքներում, որտեղ ծնվել են երրորդ և ավելի երեխաներ, տրամադրվում է 50 000 դրամ ամենամսյա նպաստ: Սոցիալական աջակցությունն այդ ընտանիքները ստանում են մինչև երեխայի 6 տարեկան դառնալը:
Գայանե ԱՍՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: