Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ադրբեջանում դոմինանտ է անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքը հայ ռազմագերիների եւ գերեւարված անձանց նկատմամբ. Սիրանույշ Սահակյան

Նոյեմբեր 30,2023 12:46

Բաքվում պահվող հայ գերիներն այս ողջ ժամանակահատվածում չեն կարողացել որեւէ հանդիպում ունենալ խոշտանգումների կանխարգելման որեւէ անկախ կառույցի հետ. այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ հայտարարեց միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանը: Այցելությունները հիմնականում եղել են «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի կողմից, բայց դրանք հիմնականում նաեւ ուշացած են. անգամ բարձրաստիճան պաշտոնյաների դեպքում առաջին այցելությունները եղել են 2-3 շաբաթ անց: Ըստ բանախոսի, խոշտանգումները կանխելու համար պետք է անկախ կառույցների մուտքն ապահովել անհապաղ՝ մեկ շաբաթվա ընթացքում: Հայ ռազմագերիների եւ գերեվարված անձանց գործերը նաեւ անկախ փաստաբանների կողմից ներկայացնելն է արգելված, մինչդեռ անկախ փաստաբանները խոշտանգումների կանխարգելման հարցում կարող էին լուրջ դերակատարում ունենալ: Ըստ Սիրանույշ Սահակյանի, Հայաստան վերադարձած բոլոր գերեւարված անձինք ցուցմունքներ տվել են խոշտանգումների եւ վատ վերաբերմունքի մասին:

Տվյալների համադրումը ցույց է տալիս, որ Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների կանխարգելման մեխանիզմներ չկան: «Կարմիր խաչը» եթե նույնիսկ փաստագրում է տվյալներ, իր մանդատից ելնելով չի կարողանում բարձրաձայնել դրանց մասին: Ադրբեջանում դոմինանտ է անմարդկային եւ նվաստացնող վերաբերմունքը հայ ռազմագերիների եւ գերեւարված անձանց նկատմամբ:

Վագիֆ Խաչատրյանի փաստաբանը բողոքարկել է՝ Բաքվի դատարանի կողմից նրան 15 տարվա ազատազրկման ենթարկվելու որոշումը: Սիրանույշ Սահակյանը հայտարարում է, որ բողոքարկումը ձեւական պաշտպանության շրջանակներում է: Նախկինում էլ ունեցել են բողոքարկման դեպքեր, բայց դրանք արդյունք չեն տվել: Այսպիսով, Ադրբեջանը փորձում է ներկայացնել, թե ունի ներպետական պաշտպանության մեխանիզմներ եւ նման քայլերի հիմնական նպատակը միջազգային դատարաններում Ադրբեջանի պաշտպանության մեխանիզմներ ստեղծելն է:

Ռաշիդ Բեգլարյանի գործում էլ, ըստ Սիրանույշ Սահակյանի, ակնհայտ շինծու տարրեր կան, քանի որ հայտարարվեց, որ նրան ձերբակալել են սահմանն անօրինական խախտելու համար, հետո, մեղադրանք առաջադրվեց՝ իբրեւ, այսպես կոչված, Խոջալուի ցեղասպանությանը մասնակցելու համար, բայց անգամ նման պարագայում, դեպքերը քննվում են թարմ փաստերով եւ գոնե հարուցված քրեական գործ պետք է լիներ, հետախուզում պետք է հայտարարված լիներ: Բանախոսի կարծիքով, ակնհայտ է, որ հետագայում ուսումնասիրել են նրա ֆեյսբուքյան պրոֆիլը եւ ինչ-ինչ ընդհանրությունների հիման վրա մեղադրանք են առաջադրել:

Այսինքն, խնդիրն այդ մարդկանց ընդամենը որեւէ պատճառով Ադրբեջանում պահելն է եւ Հայաստանի դեմ քաղաքական նպատակներով օգտագործելը: Սիրանույշ Սահակյանը հիշեցնում է նաեւ Խոջալուի ցեղասպանության մտացածին լինելու մասին, ինչի առիթով կա ՄԻԵԴ որոշում եւ հենց ադրբեջանցի բնակիչը հայտարարել է, որ այդ ողբերգության առաջին պատասխանատուն Ադրբեջանի իշխանությունն էր, որը ռազմական օբյեկտները տեղակայել էր քաղաքացիական բնակավայրերում: ՄԻԵԴ-ը խիստ վիճելի տվյալ է որակել Խոջալուի ցեղասպանության փաստը:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930