Դեկտեմբերի 1-ից մեկնարկում է «Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը։ «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը հրաշալի եւ կարեւոր որակեց այն:
«Օրերս պատիվ ունեցանք Կառավարությանը ներկայացնելու նախագիծ, որտեղ մեծ ծրագրերով ներկայացված էր ներառական ոլորտը: Գալով «Կողք կողքի» փառատոնին՝ կուզենայի ողջունել նրա անունը՝ ոչ թե դեմ դիմաց, այլ կողք կողքի: Սա նշանակում է, որ հասարակության բոլոր շերտերով պետք է լինենք կողք կողքի»,-ասաց փոխնախարարը:
«Կողք կողքի» 4-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի ղեկավար Նաիրա Սարգսյանի խոսքով. «Փառատոնում ընդգրկված է զարգացման տարբեր առանձնահատկություններով շուրջ 150 մասնակից: Փառատոնի գլխավոր նպատակն է բացահայտել, զարգացնել եւ նպաստել ներառական մտածողությունը հասարակության մեջ: Այս տարի փառատոնն ընդգրկել է նաեւ թատերարվեստը եւ պարարվեստը, փառատոնի շրջանակում անցկացվելու են վարպետաց դասեր: Հրավիրված են Ֆրանսիայից, Գերմանիայից, Ռուսաստանից եւ Վրաստանից ներառականության ոլորտի բարձր մասնագիտական որակներ ունեցող մասնագետներ»:
Կարդացեք նաև
Նաիրա Սարգսյանը հավելեց նաեւ, որ փառատոնին մասնակցում են տարբեր հաստատությունների սաներ, օրինակ` Վրաստանից տեսողական խնդիրներով 2 երեխա, հաշմանդամություն ունեցող երիտասարդ՝ Բահրեյնից, իսկ ՌԴ-ից ժամանելու է ներառական խումբ: «Այս փառատոնը շատ կարեւոր է նաեւ հասարակության համար, քանի որ հասարակությունն էլ է ընդգրկվում ներառականության մեջ»,-ասաց Նաիրա Սարգսյանը:
Հավելենք, որ դեկտեմբերի 1-ին Երևանի Հովհ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում փառատոնի շրջանակում կկայանա նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես, կցուցադրվի Հ. Թումանյանի թանգարանի «Ռոտոնդա» ներառական թատերախմբի «Էսպես չի մնա» ներկայացումը, նախատեսված է նաեւ «Ամբրելլա» ռուսաստանյան ներառական նախագծում հաղթող ճանաչված հայ մասնակիցների մրցանակաբաշխության արարողությունը:
Դեկտեմբերի 2-ին Երևանի մանկապատանեկան ստեղծագործության քաղաքային կենտրոնում կկայանա սեմինար եւ վարպետության դաս՝ արտասահմանցի մասնագետների մասնակցությամբ, իսկ դեկտեմբերի 3-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում էլ կկայանա փառատոնի գալա համերգը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ