Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր. 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ, 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ. Սիրանույշ Սահակյան

Նոյեմբեր 30,2023 11:56

Այն, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո գերեւարված անձինք դեռեւս գտնվում են Ադրբեջանում, միջազգային իրավունքի մասնագետ Սիրանույշ Սահակյանի կարծիքով, արդեն իսկ խոսում է հայկական կողմի ձախողումների մասին: Այսօր «Մեդիա կենտրոնում» կայացած քննարկման ժամանակ նա նկատեց, որ ակտիվ ռազմական գործողությունների ավարտից հետո, որպես կանոն, տեղի է ունենում գերիների փոխանակում, միջազգայնորեն ընդունված նորմ է՝ մարդասիրական իրավունքից ելնելով ժամանակավոր դադարները, որոնց նպատակը հենց գերիների փոխանակումն է, վիրավորների կյանքին վերաբերվող հարցերը: Մեր դեպքում գոյություն ունի նաեւ Ադրբեջանի ավտոնոմ պարտավորություն, որը նաեւ քաղաքական ամրագրում է ստացել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ: Բայց Ադրբեջանն արհեստականորեն պատրվակներ ստեղծեց, որոնց նպատակը նոր գերեւարումներն էին, այդ թվում նաեւ Արցախի նախկին նախագահների, բարձրաստիճան պաշտոնյաների:

Հիշեցնենք, նոյեմբերի 23-ին, Ճշմարտության և արդարադատության կենտրոնը հրապարակեց «Ադրբեջանը պետք է ազատ արձակի բոլոր քաղբանտարկյալներին, պատանդներին և գերիներին» վերնագրով զեկույցը, որում նշվում է, որ Ադրբեջանում ապօրինաբար պահվող բոլոր քաղբանտարկյալները, ռազմագերիները և պատանդները պետք է անհապաղ ազատ արձակվեն միջազգային իրավունքի համաձայն. «2020 և 2023 թվականների՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմների ընթացքում Ադրբեջանի իշխանությունները գերեվարել են շուրջ 200 հայ քաղաքացիական և զինվորական անձանց։ ․․․Տասնյակ մարդիկ ապօրինաբար շարունակում են մնալ ադրբեջանական բանտերում, ոմանք սպասում են դատավարությունների, իսկ մյուսներն ապօրինաբար դատապարտվել են երկարաժամկետ ազատազրկման»:

Սիրանույշ Սահակյանի գնահատմամբ, Հայաստանն ինքնուրույնաբար չմոտեցավ ռազմագերիների խնդրին եւ պատշաճ չբարձրաձայնեց Ադրբեջանի բացթողումների մասին: Նաեւ՝ Հայաստանը կարծես ընդունեց Ադրբեջանի խաղի կանոնները՝ ռազմագերիների վերադարձի հարցը կապելով քաղաքական օրակարգում ներառված հարցերի հանգուցալուծման հետ: Համենայնդեպս, հայ ռազմագերիների վերադարձի բոլոր դեպքերը կապված են ինչ-որ քաղաքական գործոնների հետ. օրինակ՝ ականապատ դաշտերի քարտեզների վերադարձ, բնակչության ազատում որոշակի տարածքներից եւ այլն: Մարդու իրավունքների խնդիրների կապակցումը քաղաքական պատճառների հետ, Սիրանույշ Սահակյանի կարծիքով, հանգեցրեցին ներկայիս իրավիճակին, երբ մենք ունենք պատանդներ, որոնք պահվում են Ադրբեջանում, ինչ-ինչ քաղաքական խնդիրների լուծման համար:

Այս պահին Բաքվում պաշտոնապես պահվում են 55 հայեր, այդ թվում 6 քաղաքացիական անձինք, 41 ռազմագերիներ եւ 8 նախկին բարձրաստիճան քաղաքական եւ զինվորական գործիչներ, ովքեր համարվում են քաղբանտարկյալներ:

Բաքվում հայկական կողմն ունի նաեւ 80 ռազմագերի եւ քաղաքացիական անձ կա, որոնց ճակատագրի ուղղությամբ որեւէ աշխատանք չի իրականացվում: 2022 թվականի գարնանից չեն արձանագրվել դեպքեր, որ Ադրբեջանը կնույնականացնի 44-օրյա պատերազմում գերեւարվածների:

 

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Լուսանկարը՝ Մեդիա կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930