Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Երեք տարի անց այն տասնյակ հազարավոր հայերից, որոնց ռուսները պարտավորվել էին պաշտպանել, ոչ ոք չի մնացել Լեռնային Ղարաբաղում. JAMnews

Նոյեմբեր 30,2023 11:48

Ռուսաստանի դերը ԼՂի հայաթափման մեջ

JAMnews. «Ռուսաստանի ինքնահեռացումը, որը հանգեցրեց էթնիկ զտումների Լեռնային Ղարաբաղում, ցույց է տալիս տարածաշրջանում նրա ազդեցության թուլացումը»,- ասում է շվեդ մարդաբան և ղարաբաղյան հակամարտության փորձագետ Ռասմուս Կանբեկը։ Լեռնային Ղարաբաղից գրեթե ողջ հայ բնակչության արտագաղթի գործում Ռուսաստանի դերի մասին նրա հոդվածը հրապարակել է Insider-ը։

Հրապարակում ենք փորձագետի կարծիքը ստեղծված իրավիճակում Ռուսաստանի դերի և վերջին տարիներին տարածաշրջանում նրա դիրքորոշման մասին՝ որոշ կրճատումներով։

Մի դավաճանության պատմություն. ինչո՞ւ Ռուսաստանը դարձավ ԼՂում էթնիկ զտումների լուռ դիտորդ

Ռուսաստանի ներկայությունը Լեռնային Ղարաբաղում, ինչպես նաև Ադրբեջանում, ոչ այնքան երկար տևեց, որքան կարելի էր սպասել երեք տարի առաջ՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրի ստորագրումից հետո։ Թղթի վրա Ռուսաստանը պետք է ստանար հնգամյա, երկարաձգման ենթակա մանդատ և Լեռնային Ղարաբաղում տեղակայեր 1960 զինվորական:

Խնդիր էր դրվել վերահսկել հրադադարի ռեժիմը, երաշխավորել տեղի բնակչության անվտանգությունը և ապահովել հայաբնակ Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը։

Երեք տարի անց այն տասնյակ հազարավոր հայերից, որոնց ռուսները պարտավորվել էին պաշտպանել, ոչ ոք չի մնացել Լեռնային Ղարաբաղում։ Մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ պահանջվեց, որ ամբողջ բնակչությունը փախչեր՝ վախենալով ադրբեջանական ճնշումներից, մինչդեռ ռուսական զորքերը հանգիստ մի կողմ էին քաշվել: Առաջանում է հարց՝ ի՞նչ դեր է խաղացել Ռուսաստանը այս էթնիկ զտումների մեջ։

Ադրբեջանը լրացնում է վակուումը

Նախքան էթնիկ զտումների հարցում Ռուսաստանի դերի մասին հարցին լիարժեք պատասխան տալը, հիշենք անցյալի իրադարձությունները։ Այն ժամանակ, երբ Ռուսաստանի հարաբերությունները Հայաստանի հետ, առնվազն դիվանագիտական ​​ոլորտում, վատթարանում էին, Ադրբեջանի հետ դրանք անշեղորեն բարելավվում էին։ Հավանական է, որ նախագահ Իլհամ Ալիևը շատ արագ հասկացավ, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին տարիներին ստեղծված անվտանգային վակուումը Մոսկվայի համար կարող է լրացնել Ադրբեջանը։

Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժումից անմիջապես առաջ Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը հանդիպեցին Մոսկվայում՝ ստորագրելու 43 կետից բաղկացած դաշնակցային նոր համաձայնագիր։ Մեզ համար առանձնահատուկ հետաքրքրություն են ներկայացնում ռազմական և էներգետիկ համագործակցության խորացմանը վերաբերող կետերը։

Քաղաքացիական բնակչություն՝ առանց Ռուսաստանի պաշտպանության

Եկեք դիտարկենք էթնիկ զտումների գործնական կողմը ռուսական տեսանկյունից։

Սահմանամերձ գյուղերից բազմաթիվ անկախ ապացույցներ վկայում են այն մասին, որ ադրբեջանական հարձակումների ֆոնին ռուսական զորքերը սկսել էին նահանջել կամ հանգիստ մի կողմ էին քաշվել:

Ականատեսներից մեկը՝ Մարտունի քաղաքում կռված հայ զինվորը, պնդում է, որ ռուսական զորքերը առավոտյան արդեն լքել էին առաջնագիծը։ Եթե ​​դա ճիշտ է, ապա դա ևս մեկ անգամ հաստատում է՝ ռուսական խաղաղապահ ուժերը գիտեին, թե ինչ է կատարվելու:

Առաջնագծում գտնվող քաղաքներում և գյուղերում խաղաղ բնակիչները փորձում էին ապահով վայր գտնել՝ տեղաշարժվելով հիմնականում ոտքով կամ ձիով, քանի որ շրջափակման ընթացքում վառելիքը սպառվել էր: Հազարավոր մարդիկ գնում էին օդանավակայան, որը գտնվում էր Ստեփանակերտից դուրս և 2020 թվականի նոյեմբերից վերահսկվում էր Ռուսաստանի կողմից։ Հաղորդվում էր, որ ռուսական զորքերը ստիպել են փախստականներին լքել օդանավակայանը, ինչի արդյունքում նրանք կենտրոնացել էին Ստեփանակերտում՝ անմխիթար պայմաններում։

Փախուստի մեկնարկին նախորդող կրիտիկական օրերին արևմուտքում՝ Հայաստանի ուղղությամբ շրջափակումը դեռ շարունակվում էր, իսկ ադրբեջանական զինուժը մոտենում էր արևելքից։

Սեպտեմբերի 23-ին, երբ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը Ռուսաստանի հսկողության ներքո ստորագրեց բանակը լուծարելու մասին համաձայնագիրը, շրջափակումը հանվեց։

Մեկ շաբաթվա ընթացքում ավելի քան 100 հազար հայ լքեց տարածաշրջանը։ Պետք չէ մոռանալ, որ ևս 50 հազար հայեր ստիպված էին եղել լքել իրենց տները դեռևս 2020 թ.-ին։

Ռուսաստանի դերն այն ամենում, ինչ տեղի ունեցավ

Վերջնարդյունքում դժվար է հասկանալ, թե Ռուսաստանը աշխարհաքաղաքական առումով ինչ օգուտ քաղեց Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներից։ Կարելի է միայն նշել, որ եթե Ադրբեջանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերություններն այսօր ավելի լավ վիճակում են, քան երկու ամիս առաջ, ապա Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները շատ ավելի վատ վիճակում են։ Այնուամենայնիվ, Ռուսաստանի ազդեցության լծակները երկու երկրների վրա էլ նվազել են:

Ադրբեջանը Ռուսաստանի համար ավելի վստահելի գործընկեր դուրս եկավ, քան Հայաստանը, չնայած այն հանգամանքին, որ Ադրբեջանում հասարակական կարծիքը Ռուսաստանի դեմ է։

Ակնհայտ է, որ եթե Ռուսաստանը կատարեր 2020 թվականի նոյեմբերին ստորագրված հրադադարի համաձայնագրի դրույթները, ապա սեպտեմբերին ոչ մի էթնիկ զտում տեղի չէր ունենա։ Չնայած հումանիտար աղետի մեղքը Հայաստանի ղեկավարության վրա բարդելու Վլադիմիր Պուտինի փորձերին՝ անվտանգության համար պատասխանատու էին ոչ թե հայկական, այլ Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուսական զորքերը։

Ռուսական զորքերին տրված չմիջամտելու հրամանը այն ժամանակ, երբ ադրբեջանական ավտորիտար պետությունը հարյուր հազարից ավելի մարդու փախստական էր ​​դարձնում, տրվել էր հենց Մոսկվայից։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930