Լրահոս
Օրվա լրահոսը

Հաստատված փաստ է, որ դատարանը Տաթև Վիրաբյանին երկամսյա կալանքի տակ պահեց բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքով. Արսեն Բաբայան

Նոյեմբեր 30,2023 10:27

Փաստաբան, «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան գրառումը

Նայեցի Պետրոս Ղազարյանի հարցազրույցը արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի հետ։

Պետրոսը Մինասյանին հիշեցնում է, որ մարդիկ երկու ամիս կալանավորված են եղել ընդամենը ոստիկանի ցուցմունքով։ Գրիգոր Մինասյանը Պետրոս Ղազարյանին հորդորում է չկրկնել սխալը և առանց քրեական գործի նյութերին ծանոթ լինելու չանել այդպիսի պնդումներ։ Իսկ նյութերը, Գրիգորի համոզմամբ, նախաքննական գաղտնիք են և իրենցից որևէ մեկը տեղյակ չէ դրանից ու չի կարող ասել, թե ինչ-ինչեր կան այդտեղ։

Գրիգոր Մինասյանի բախտը չբերեց, քանի որ նա հույս ուներ, թե այդ գործի նախաքննությունը դեռ այնքան կերկարի, որ բոլորը կմոռանան դրա մասին։ Իսկ նախաքննությունն արդեն շուրջ 10 օր է ավարտվել է և մենք, այդ գործով պաշտպաններս, ստացել են քրեական գործի ամբողջ նյութերը։

Եվ քանի որ արդեն ավարտվել է նախաքննությունը, նյութերը դարձել են հանրամատչելի, հիմա կհրապարակեմ այն ապացույցները, որոնց շնորհիվ, օրինակ՝ Տաթև Վիրաբյանը երկու ամիս անցկացրեց բանտում։ Այսպես, այդ ապացույցները թվով երեքն է, բայց իրականում՝ միայն մեկը (կցում եմ)․

1) Ոստիկանի ցուցմունք այն մասին, թե Տաթևը պլաստմասե տարրայով հարվածել է ոստիկանի գլխին, որի համար էլ Տաթևին ձերբակալել են։

** Ամբողջ նախաքննության ընթացքում այդպես էլ չգտնվեց այն ոստիկանը, որի գլխին իբր Տաթևը հարվածել էր պլաստմասե տարրայով:

2) Այդ նույն ոստիկանի մասնակցությամբ տեսագրության զննություն, որի ընթացքում այդ նույն ոստիկանը ճանաչում է Տաթևին, որը տեսագրության մեջ ապտակում է ոստիկանի։

** Այդ նույն տեսագրության մեջ լսվում է, թե ինչպես է ոստիկանը լկտի հայհոյանք հնչեցնում հավաքի մասնակիցների հասցեին, որին ի պատասխան Տաթևը մեկ ապտակ է հասցնում լկտի ոստիկանին։

3) Մեկ տեսագրություն, որտեղ երևում է, թե ինչպես է Տաթևը երեք անգամ պլաստմասե շիշ նետում ոստիկանների ուղղությամբ։

** Իրականում տեսագրության մեջ միայն մեկ շիշ է։ Իսկ այն հանգամանքը, թե շիշը նետել է ոստիկանների ուղղությամբ՝ ընդհանրապես չի երևում։

Այսպիսով, հաստատված փաստ է, որ դատարանը Տաթևին երկամսյա կալանքի տակ պահեց բացառապես մեկ ոստիկանի ցուցմունքով։ Տաթևին վերաբերվող այլ «ապացույցներ», թե իբր վերջինս մասնակցել է զանգվածային անկարգության, որի ընթացքում բռնություն է գործադրել՝ ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ։

Դրանով էլ պայմանավորված Տաթևի մեղադրանքը փոփոխվեց և բռնությամբ զուգորդված գործողության փոխարեն վերագրվեց խուլիգանության հանցակազմը։ Պատկերացնո՞ւմ եք, քննչական մարմինը մեղադրական եզրակացության մեջ ուղիղ գրել է, որ շիշ նետելը խուլիգանություն է․․․

Տաթև Վիրաբյանի և մյուսների (թվով 11 մեղադրյալ) քրեական գործով նշանակվել է առաջին դատական նիստը, որը կկայանա դեկտեմբերի 4-ին, ժամը 17:00–ին, դատարանի Ավանի նստավայրում։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930