Լրահոս
Օրվա լրահոսը

Հարցաքննության ժամանակ Սամվել Բաբայանն ասաց․ «Ես ի՞նչ կապ ունեմ, ես ո՞վ եմ, ի՞նչ ֆունկցիա ունեմ, ես կողքից նայողի դերում եմ»․ «Հրապարակ»

Նոյեմբեր 30,2023 10:04

Արցախի նախկի գլխավոր դատախազ Գուրգեն Ներսիսյանն ուշագրավ դրվագ պատմեց Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի ցուցմունքից։

«44-օրյա պատերազմի ժամանակ ինքն Անվտանգության խորհրդի քարտուղարն էր, Արցախի հարավային թեւի օպերացիան մշակելու ու իրականացնելու մասին հայտարարություններ էր անում, այսպես ասած՝ գլուխ էր գովում։ Երբ օպերացիան տապալվեց, ամեն ինչ պռավալ գնաց, Բաբայանին կանչեցինք հարցաքննության, որ հասկանանք՝ ինչ է արել որպես առանցքային պաշտոնյա։ Պատերազմի ավարտից հետո ում գլխում ինչ ծագում էր, փչում էր։ Սամվել Բաբայանն էլ այստեղ-այնտեղ ասում էր, թե հարավային թեւի օպերացիայի մշակման մեջ իր դերակատարությունն ունի։ Հարցաքննության ժամանակ ասաց․ «Ես ի՞նչ կապ ունեմ, ես ո՞վ եմ, ի՞նչ ֆունկցիա ունեմ, ես կողքից նայողի դերում եմ, դրա համար բանակ կա` թող բանակն ասի»։ Մի խոսքով՝ ամեն ինչ գցեց ուրիշների վրա»,- պատմեց Գուրգեն Ներսիսյանը։

Հարավային թեւի օպերացիայի մշակումը, որի հետեւանքով թշնամին վերցրեց Հադրութը, ապա՝ Շուշին, ըստ Ներսիսյանի, սկսվել է հոկտեմբերի 4-ին։ Հոկտեմբերի 6-ին Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ հրապարակեց՝ կից գրելով․ «Երեկ Արցախում էի։ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի եւ Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ քննարկել ենք հակառակորդին արժանի հակաահաբեկչական հարված հասցնելու հետագա քայլերը»: Տեսանյութում Փաշինյանի կողքին նստած են նախագահ Արայիկ Հարությունյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը, Պաշտպանության բանակի հրամանատար Ջալալ Հարությունյանը, ԱԱԾ տնօրենը եւ այլ պաշտոնյաներ։

Գ. Ներսիսյանի խոսքով՝ Բաբայանը, որպես Անվտանգության խորհրդի քարտուղար, կարող էր Փաշինյանին եւ Արայիկ Հարությունյանին ասել, որ հարավային թեւի օպերացիան աղետաբեր կարող է լինել, սխալ է` մի իրականացրեք․ «Հարցաքննության ժամանակ մենք հարցրել ենք Բաբայանին՝ ի՞նչ ես արել, որ կանխես այդ օպերացիան, ունեիր լիազորություն, որ ասեիր՝ ընկերներ, սխալ եք գործում։ Անվտանգության խորհրդում բազմաթիվ հարցեր են քննարկվում, ինքը պետք է կարծիքներ հայտներ ոչ թե պատերազմից հետո, երբ ամեն ինչ կորսված էր, այլ հենց այդ ժամանակ։ Այդ ո՞նց եղավ՝ օպերացիան մշակելիս ասում էր՝ «ես եմ», անարդյունավետ ավարտվում է, ասում է՝ «ես ի՞նչ կապ ունեմ, դրա համար բանակ կա»»։

Իրավապահ համակարգում աշխատող պաշտոնյաների հիշողությունը թարմացնելու համար նշենք, որ հարավային թեւի պաշտպանության եւ հակահարձակման համար մշակված օպերացիայի հետեւանքով կորցրինք Արցախի ողջ հարավային թեւը, թշնամին մտավ Հադրութ, առաջ շարժվեց դեպի Շուշի եւ գրավեց քաղաքը։ Մինչ օրս որեւէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել այդ տապալված օպերացիայի համար թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում։ Ոմանց կարծիքով, հենց այդ ժամանակ բեկում եղավ, եւ այլեւս մեր պարտության ընթացքը կանգնեցնել չհաջողվեց:

Լիա ՍԱՐԳՍՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930