Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպես չվարակվել «նեգատիվի վիրուսով»

Նոյեմբեր 30,2023 10:00

Սոցցանցային (Հայաստանի դեպքում՝ ֆեյսբուքյան) իրականությունը սոցիալական կամ հոգեբանական տեսանկյունից առանձնապես նոր բան չի ներկայացնում: Պարզապես այդ իրականությունը ջրի երես է հանում, ակնառու է դարձնում այն, ինչ կար մարդու բնույթի մեջ: Մարդիկ հավաքվում են որոշակի խմբերում, մեղադրում եւ դատապարտում են ինչ-որ այլ խմբերում գտնվող մարդկանց եւ հրճվանք են ապրում այն առիթով, որ տվյալ խմբում հավաքվածները ճիշտ են եւ լավը, իսկ իրենց թիրախը դարձած «չ-հավաքվածները»՝ սխալ են ու վատը:

Դա, կրկնեմ, մի օրինաչափություն է, որը գործում է մարդկության ողջ պատմության ընթացքում եւ բազմիցս նկարագրվել է մտածողների կողմից, առնվազն Սոկրատեսի ժամանակվանից սկսած:

«Ճիշտ լինելու» մոլուցքը, որը ստանում է իր խմբակային հաստատումը, բերում է բազմաթիվ հետեւանքների: Դրանցից մեկն այն է, որ «նեգատիվը», բացասական զգացմունքները վարակում են մարդկանց (ցանկացած վիրուսի նման), իսկ այնուհետեւ էներգիա են ստանում մարդկանց հավատի միջոցով: Կամ՝ ինչպես որ դա ավելի պոետիկ ձեւով ներկայացնում է Գրիգոր Նարեկացին, «ընթացող գուպարն ըմբոստ մտքերիս, որոնց հենց ինքս տվի զորություն, գործակից դարձած բանսարկուի նենգ հնարքներին»:

Նրանք, ովքեր մտնում են համացանցային քննարկումների մեջ, նույնիսկ այն դեպքում, եթե միայն սեփական խմբում «ջան են ասում ու ջան են լսում», կամա թե ակամա տուրք են տալիս «բանսարկուին», այսինքն՝ սատանային, որովհետեւ իրենց հոգում, ուղեղում աճեցնում են «նեգատիվի» վիրուսը:

Բայց դրանից կարելի է խուսափել՝ կարծիքներին բացարձակապես որեւէ նշանակություն չտալով: Եթե դուք համացանցում կարդում եք որեւէ միտք, որը ձեզ անհեթեթ է թվում՝ օրինակ, «մենք պարտվել ենք պատերազմում, որովհետեւ Վանեցյանը լավ չկռվեց Շուշիում», կամ՝ «Սուրեն Սահակյանը դուրս է եկել փողոց Կրեմլի հրահանգով, որպեսզի իրագործի Հայաստանում հեղաշրջում անելու ռուսական ծրագիրը», պետք չէ այն տարածել սեփական խմբում, ընկերների մեջ՝ համապատասխան մեկնաբանություններով: Դա ընդամենը կարծիք է՝ հարյուրավոր եւ հազարավոր կարծիքների շարքում: Դուրս բերելով այն քննարկման, դժգոհելով եւ փրփրելով՝ մենք վարակվում ենք «նեգատիվի վիրուսով»: Խնդիրն այն չէ, թե ով է ճիշտ կամ սխալ: Խնդիր է՝ պատասխանատվություն վերցնել սեփական էմոցիաների համար:

…Երբ Սոկրատեսին հարցրեցին՝ արդյոք նա չի՞ նեղվում իր հասցեին հնչող վիրավորանքներից, փիլիսոփան պատասխանեց՝ «ոչ, որովհետեւ դրանք ինձ հետ կապ չունեն»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Կուսակցության հասունությունը որոշվում է իր հստակ երկու գաղափարական բաղադրիչներով, առաջինը կոչվում է ռազմավարություն, երկրորդը՝ մարտավարություն: Հասուն կուսակցությունների ռազմավարությունը մշակվում եւ հաստատվում է հասուն կուսակցությունների ընդհանուր ժողովում, որտեղ ներկա են ե՛ւ գործող իշխանության կուսակցությունները ե՛ւ իշխանության թեկնածու կուսակցությունները (ընդդիմադիր ածականը վերաբերում է կուսակցությունների մարտավարությանը, իսկ ռազմավարության հարցում բոլոր հասուն կուսակցությունները դաշնակից են): Ռազմավարությունը՝ դա քաղաքական գիտության թե կրոնի աքսիոմատիկան է կամ դոգմատներն են, որոնց ընդունումից հետո դառնում են բոլոր կուսակցությունների մարտավարության համար անքննելի անվիճելի անապացույց ճշմարտություններ, որոնց հիման վրա կուսակցություններն առաջարկում են բոլոր կուսակցությունների համար միակ ռազմավարության իրագործման իրենց քաղաքական մարտավարությունը: Այն կուսակցությունները, որոնք ի վիճակի են միավորվել ռազմավարական սկզբունքների շուրջ, կոչվում են հասուն կուսակցություններ, իսկ այն կուսակցությունները, որոնք միայն ընդդիմադիր են կոչվում, սրանք քաղաքական անչափահասներ են: Հասուն քաղաքական կառույցի համար անհրաժեշտ են ցանկացած կենտրոնացված կառույցի սկզբունքները՝ օրենսդիր, գործադիր եւ դատական համակարգեր, որ երբ որեւէ կուսակցություն գալով իշխանության խախտի բոլոր հասուն կուսակցությունների կողմից միաձայն ընդունված ռազմավարությունը, կենթարկվի քաղաքական դատարանի առջեւ պատասխանատվության: Մենք ոչ թե պետք է միայն մերժենք անչափահաս կուսակցությունների կառավարումը, մենք պետք է ստեղծենք շատ ավելի արդյունավետ համակարգ, որը համարյա կզրոյացնի անարդյունավետ անչափահաս կուսակցությունների մուտքը դեպի գործող իշխանություն: Մեր մտավորականությունը՝ հասուն գիտնականներն ու հասուն հոգեւորականները պետք է համարյա զրոյից սկսեն կառուցել մեր քաղաքական ամրոցը, որը կդառնա մեր պետության գոյության միակ երաշխիքը: Իսկ այն գիտնականներն ու հոգեւորականները, ովքեր կասեն թե քաղաքականությունը կեղտոտ գործ է, մենք լավ է մեր մասնագիտական գործով զբաղվենք, սրանք անչափահաս գիտնական ու հոգեւորականներ են եւ սրանց քաղաքական անգործության պատճառով է, որ ամեն տեսակ քաղաքական անչափահասներ են ներթափանցում մեր պետության կառավարման համակարգ: Հասուն գիտնականներ եւ հոգեւորականներ, միավորվեք եւ ստեղծեք ընդհանուր ռազմավարություն: Եթե ոչինչ չանենք, համաշխարհային պետականափլուզման արհավիրք գայլը կսրբի աշխարհի երեսից բոլոր անչափահաս նաֆ նաֆ ու նիֆ նիֆ ծղոտից ու ճյուղերից կառուցված պետությունները եւ կմնան միայն քարից կառուցված նուֆ նուֆ պետությունները, որոնց մտավորականությունը իր հզոր քաղաքական՝ նույնն է թե պետական ամրոցն է նախապես կառուցել: ՄԻԱՑՈ՛ՒՄ:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930