Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ օրգանիզմը մագնեզիումի կարիք ունի․ ինչ է պետք իմանալ այս հանքանյութի տեսակների ու դրանց առանձնահատկությունների մասին

Նոյեմբեր 30,2023 09:30

Մագնեզիումը կարևոր հանքանյութ է, որն օրգանիզմում մասնակցում է ավելի քան 300 գործառույթների, մասնավորապես՝

  • ՌՆԹ-ի ու պիտակուցի արտադրություն,
  • մկանային գործառույթներ,
  • նյարդերի գործառույթներ,
  • արյան մեջ շաքարի մակարդակի վերահսկում,
  • զարկերակային ճնշման կարգավորում,
  • սրտի ռիթմի կարգավորում,
  • ոսկրերի առողջություն,
  • կալցիումի ու կալիումի տեղափոխություն և այլն։

Մագնեզիումի լավ աղբյուր են համարվում հետևյալ մթերքները՝ 

  • Մուգ շոկոլադ,
  • նուշ,
  • քեշյու,
  • սպանախ,
  • ավոկադո,
  • սև լոբի,
  • դդմի սերմեր,
  • ամբողջահատիկ մթերքներ,
  • թուզ,
  • յոգուրտ,
  • սաղմոն,
  • տոֆու,
  • բանան,
  • բրոկոլի և այլն։

Մագնեզիումի՝ մեծահասակներին խորհուրդ տրվող օրական նորման* (օրական չափաբաժինն ավելի բարձր կարող է լինել հղիների ու կերակրող մայրերի համար

  • 19- 30տ․ տղամարդիկ – 400 մգ,
  • 31 տ․ և ավելի բարձր տարիքի տղամարդիկ – 420 մգ,
  • 19-30 տ․ կանայք – 310 մգ,
  • 31 տ․ և ավելի բարձր տարիքի կանայք – 320 մգ։ 

Թեև, ինչպես տեսանք, բազմաթիվ մթերքներ են մագնեզիում պարունակում, բայց շատերն ինչ-ինչ պատճառներով այն չի ստանում բավարար քանակությամբ․ մագնեզիումի անբավարարությանը նպաստող գործոններից են գերազանցապես վերամշակված սննդի օգտագործումը, ալկոհոլի չարաշահումը, որոշ հիվանդություններն ու դեղամիջոցների կողմնակի ազդեցությունները, հողի հյուծվածության պատճառով սննդամթերքների ցածր որակը և այլն։

Մագնեզիումի անբավարարության ախտանշաններն են՝ 

  • ախորժակի կորուստ,
  • սրտխառնոց ու փսխում,
  • հոգնածություն կամ թուլությունը։

Ավելի սուր պակասի մասին են խոսում՝

  • մկանային ջղակծկումները,
  • վերջույթների թմրածությունն ու ծակծկոցը,
  • սրտի ռիթմի խանգարումները,
  • անձի խանգարումները և այլն։

Հետազոտությունները մագնեզիումի պակասը կապում են այնպիսի հիվանդությունների հետ, ինչպիսիք են Ալցհայմերի հիվանդությունը, 2-րդ տիպի դիաբետը, սիրտ-անոթային հիվանդությունները, միգրենը։

Մագնեզիումի տեսակները

Երբեմն մագնեզիումի պակասը լրացնելու և առողջական որոշ խնդիրները հարթելու համար մարդիկ ստիպված են լինում դիմել մագնեզիումի հավելումների օգնությանը, և, հաշվի առնելով մագնեզիումի տեսակների բազմազանությունը, երբեմն կարող են դժվարություններ առաջանալ ճիշտ ընտրություն կատարելու հարցում։ Ստորև քննարկենք մագնեզիումի մի քանի տեսակների առանձնահատկությունները։

Մագնեզիումի օքսիդը սովորաբար օգտագործվում է մարսողության հետ կապված խնդիրների դեպքում, նպաստում է ստամոքսի խանգարումների, փորկապության, այրոցի թեթևացմանը, սակայն այն այնքան լավ չի յուրացվում, որքան մյուս տեսակները։

Կան որոշակի ապացույցներ, որ մագնեզիումի օքսիդը կարող է կանխարգելել միգրենը, սակայն դեռևս չկան բավարար թվով հետազոտություններ այս թեմայով։

Կողմնակի ազդեցությունները՝ կարող է առաջացնել ջղակծկումներ կամ փորլուծություն։ 

Մագնեզիումի ցիտրատն ավելի լավ է յուրացվում օրգանիզմի կողմից, մասնավորապես օգտագործվում է փորկապությունների թեթևացման համար։ Հատկապես օգտակար է մագնեզիումի ցիտրատի հեղուկ տարբերակը։

Կողմնակի ազդեցությունները՝ կարող է առաջանալ փորլուծություն կամ ավելի հաճախակի կղելու ցանկություն։

Մագնեզիումի սուլֆատը հիմնականում լինում է փոշու կամ լուծույթի տեսքով և ավելի հայտնի է «անգլիական աղ» անվամբ։

Օգտագործվում է տարատեսակ հիվանդությունների բուժման ժամանակ, այդ թվում՝ փորկապություն, արյան մեջ մագնեզիումի ցածր մակարդակ, պրեէկլամպսիա (զարկերակային գերճնշում հղիների շրջանում): Մագնեզիումի սուլֆատի լուծույթը կիրառվում է նաև կապտուկների ու վնասվածքների բուժման համար։ Անգլիական աղով լոգանքները նպաստում են մկանային ցավերի, գլխացավերի թեթևացմանը։

Կողմնակի ազդեցությունները՝ պերօրալ ընդունման դեպքում հնարավոր են որովայնի ցավեր, փքվածություն, գլխացավ ու սրտխառնոց։ Որպես լուծույթ օգտագործելու դեպքում հնարավոր է տեղային կարմրություն ու գրգռվածություն։ Մագնեզիումի սուլֆատի չափից շատ և հաճախակի օգտագործումը վտանգավոր է առողջության համար։ 

Մագնեզիումի հիդրօքսիդը թողարկվում է պերօրալ ընդունման համար նախատեսված ձևերով, այն նաև ավելացնում են մաշկի խնամքի որոշ միջոցների կազմում՝ որպես հակաբորբոքային ու հակամիկրոբային բաղադրամաս։

Պերօրալ ընդունման դեպքում մագնեզիումի հիդրօքսիդն օգտագործվում է փորկապության թեթևացման ու մարսողական խանգարումների ժամանակ։

Կողմնակի ազդեցությունները՝ փորլուծություն կամ ավելի հաճախակի կղելու ցանկություն։

Մագնեզիումի գլյուկոնատը, հանդիսանալով հանքանյութի՝ առավել լավ յուրացվող տեսակներից մեկը, ավելի հաճախ օգտագործվում է մագնեզիումի պակասը լրացնելու համար, քանի որ քիչ է հավանականությունը, որ փորլուծություն կառաջացնի։

Կողմնակի ազդեցություններից են փորլուծությունն ու ստամոքսի խանգարումները։

Մագնեզիումի գլիցինատը հեշտ է յուրացվում օրգանիզմի կողմից և ունի հանգստացնող ազդեցություն և կարող է օգնել անքնության, տագնապի, մկանային լարվածության դեպքում։

Մագնեզիումի L-թրեոնատն ունակ է հաղթահարելու արյունաուղեղային պատնեշը, ինչի շնորհիվ այն գլխուղեղի առողջության համար դրական ազդեցության պոտենցիալ ունի։ Սակայն դեռևս հարկավոր են լրացուցիչ հետազոտություններ՝ այս տեսակի անվտանգությունը փաստելու համար։

Մագնեզիումի մալատը հեշտությամբ յուրացվում է օրգանիզմի կողմից և կապվում է մկանային ցավերի նվազեցման հետ։ Այս տեսակը հաճախ խորհուրդ է տրվում ֆիբրոմիալգիայի և քրոնիկ հոգնածության համախտանիշի բուժման համար։

Մագնեզիումի քլորիդը հաճախ է օգտագործվում մկանների ու հոդերի համար նախատեսված լոսյոնների և յուղերի կազմում։

Մագնեզիումի հավելումները սովորաբար անվտանգ են մարդկանց մեծամասնության համար։ Երբ օրգանիզմը համալրվում է հանքանյութի բավարար քանակությամբ, ավելցուկներից ազատվում է մեզի միջոցով։

Սակայն մագնեզիումի որոշ տեսակներն ու գերդոզավորումը կարող են թեթև ախտանշաններ առաջացնել, ինչպես, օրինակ, փորլուծությունը կամ ստամոքսի խանգարումն է։ Հազվադեպ կարող է առաջանալ թունավորում, հատկապես մեծ է ռիսկը երիկամների հիվանդություններ ունեցող մարդկանց շրջանում։

Խորհուրդ է տրվում չանտեսել հետևյալ ախտանշանները՝

  • սրտխառնոց․
  • փսխում,
  • մկանային թուլություն,
  • անկանոն շնչառություն,
  • թուլություն,
  • միզելու հետ կապված դժվարություններ։

Ծանուցում․ նյութն ընդհանուր տեղեկատվական բնույթի է և չի հետապնդում բուժում նշանակելու նպատակ, սննդային որևէ հավելման օգտագործումը համաձայնեցրեք ձեր բժշկի հետ։

*Ցուցանիշներն՝ ըստ ԱՄՆ ուղեցույցների։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ Forbes Health, Medical News Today

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930