ՀՀ փաստաբանների պալատի անդամ, պաշտպան Գեորգի Մելիքյանը (լուսանկարում) երեկ տեղեկացրեց, որ Ալբերտ Բազեյանի խափանման միջոցի հետ կապված իր միջնորդությունը դատարանը մերժել է նոյեմբերի 23-ի որոշմամբ: Հիշեցնեմ, որ Համահայկական միացյալ դաշինքի նախաձեռնող խմբի անդամ Ա. Բազեյանը կալանքի տակ է սեպտեմբերի 29-ից (Երեւան քաղաքի քրեական դատարանի դատավոր Մարտին Արզումանյանը բավարարել էր ԱԱԾ միջնորդությունն ամբողջությամբ):
Նախկին քաղաքապետին, ԵԿՄ փոխնախագահին ձերբակալել էին սեպտեմբերի 23-ին՝ իր տանը: Նրան ներկայացվել է մեղադրանք:
Ազգային անվտանգության ծառայությունը սեպտեմբերի 24-ին տարածեց հաղորդագրություն, համաձայն որի՝ «Ալբերտ Բազեյանը եւ «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպության 7 անդամներ, ինչպես նաեւ այլ անձինք, ունենալով հակաիշխանական հայացքներ, ՀՀ կառավարության անդամների եւ ղեկավարի նկատմամբ՝ գաղափարական թշնամանք, նախնական համաձայնության գալով միմյանց հետ, պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը, որպես հանցագործության գործիք օգտագործելու միջոցով, կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով եւ դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը, մասնավորապես՝ Սահմանադրությամբ չնախատեսված այլ եղանակով տիրանալ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորություններին: Քրեական վարույթի շրջանակներում ձեռքբերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի առկայության դեպքով ձերբակալվել են հանցավոր խմբի ութ անդամներ, ՀՀ քրեական օրենսգրքի 43-419-րդ հոդվածի 1-ին մասով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ»:
ԱԱԾ տարածած հաղորդագրության մեջ նաեւ նշված էր. «Դիտավորությամբ ստեղծել են այլ պայմաններ, այդկերպ նախապատրաստվելով կատարել նախնական համաձայնությամբ, խմբի կազմում իշխանության յուրացում, սակայն իրենց կամքից անկախ հանգամանքներով չեն կարողացել սկսել իրենց դիտավորության մեջ ընդգրկված հանցանքի օբյեկտիվ կողմի կատարումը, նախապատրաստվող առանձնապես ծանր հանցագործությունը բացահայտվել եւ խափանվել է ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից»:
Կարդացեք նաև
Ա. Բազեյանը չի ընդունել իր մեղքը, փակ նիստի ժամանակ հայտարարությամբ հանդես է եկել նրա պաշտպանը:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
29.11.2023