Լրահոս
Օրվա լրահոսը

Փախուստ վտանգից, շինաղբից, աղմուկից, փոշուց

Նոյեմբեր 30,2023 13:00

Ուր էին մայրաքաղաքի Բրյուսովի փողոցի բնակիչները

2015 թվականին Երեւան քաղաքի նախկին քաղաքապետի նախկին տեղակալ Վահե Նիկոյանը հանդիպել էր Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի փողոցի չորրորդ կարգի վթարային շենքի բնակիչների հետ, ներկայացրել նրանց վերաբնակեցման ավագանու որոշման մասին: Որքանով հիշում եմ, առաջարկել էին Շինարարների 6/1 նորակառույց շենքը… Այսինքն, ձեռք էին մեկնել բնակիչներին, ստացել նրանց համաձայնությունը:

Այդպես չէ, սակայն, նշված տարածքի այսօրվա սեփականատերերի պարագայում: Նրանց տներին կից «Ջերմուկ գրուպ» ՓԲ ընկերությունը կառուցում է «Բյուրեղ» բազմաբնակարանային համալիրը՝ 23-25 հարկանի շենքեր (ՓԲ ընկերության տնօրեն՝ Վլադիմիր Պողոսյան, կառուցապատող՝ Նորայր Մովսիսյան): Շինարարական ընկերությունը նրանց սեփական տներին կից փոսեր էր փորել՝ չպահպանելով անգամ մինչեւ երեք մետր հեռավորությունը, ինչի մասին տեղեկացրել էինք մեր հրապարակումներից մեկում («Առավոտ» օրաթերթ, 27.07.2023. «Տունն ամբողջ օրը ցնցվում է, երեխաներին հանել ենք տներից»):

Այս տները անցյալ դարի 50-ական թվականների տներ էին: Նախկին տրամվայի հավաքակայանի հարեւանությամբ կառուցված տները հիմնականում աշխատակիցների համար էին, այստեղ կա մի տուն, որն անցյալ դարի 1928 թվականի է:

ՀՀ քաղաքաշինության նախարարի 2014 թվականի հոկտեմբերի 14-ի N 263-Ն հրամանով «ՀՀՇՆ 30-01-2014 «Քաղաքաշինություն. Քաղաքային եւ գյուղական բնակավայրերի հատակագծում եւ կառուցապատում» շինարարական նորմերը» հաստատված հավելվածի 11 կետի համաձայն, «Համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերում հեռանկարային զարգացման տարածքներն ընտրելիս պետք է հաշվի առնել գյուղատնտեսական նշանակության բարձրարժեք հողերի պահպանման անհրաժեշտությունը, բնապահպանական սահմանափակումները, միաժամանակ ապահովելով` տարածքների օգտագործման անվտանգությունն ու արդյունավետության բարձրացումը, համայնքների, սեփականատերերի եւ այլ հողօգտագործողների իրավունքների ու շահերի փոխադարձ համադրումն ու համաձայնեցումը»։

Երբ ամիսներ առաջ հանդիպեցի սեփականատերերի հետ, նրանք ասացին, որ աղմուկին գումարվել է ակտիվ շինարարությունը, եւ որ իրենք հայտնվել են շինարարական աղբի, փոշու «բլոկադայի» մեջ, սկսել են դղրդյունով քանդվել նրանց տների առաստաղները, պատերը, ապրելը դարձել է անթույլատրելիության աստիճանի վտանգավոր:

ՀՀ էկոնոմիկայի նախարարության «Ստանդարտացման եւ չափագիտության ազգային մարմին» ՓԲ ընկերության փորձագետներն ամիսներ առաջ տվել էին բնակիչներին մի եզրակացություն, համաձայն որի՝ նշված փողոցում ձայնի համարժեք մակարդակը գերազանցում է թույլատրելի մակարդակը, չի համապատասխանում սանիտարական նորմերի սահմանված պահանջներին: Հարուցվել էր վարչական վարույթ, բազմաբնակարան շենքերի կառուցապատող ընկերության տնօրենը՝ Վլադիմիր Պողոսյանը, քառասուն հազար դրամի չափով ենթարկվել էր վարչական տուգանքի:

Երեկ Բրյուսովի փողոցում էի մեկ այլ ահազանգի հետքերով: Տեսա 11/8, 12, 13 կից բնակարանների դռները փակ: Հարեւաններն ասացին, թե 4 տարի է՝ այս մարդիկ կորցրել են իրենց քունն ու դադարը, անվտանգ ապրելու տարրական իրավունքները, նրանք «փախնում են» տներից, որովհետեւ անհնար է իրենց սեփական տների կողքին սկսված շինարարական աշխատանքներին զուգահեռ զբաղվել այլ գործերով, մնալով տանը… Երբեմնի գողտրիկ տների վիճակն այսպիսին էր, երբ լուսանկարում էի:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Հ.Գ. Տեղեկացա, որ այս փողոցի բնակիչներից մեկի գործով՝ Զ. Սահակյանի, կա դատարանի հուլիսյան որոշում: Հայցվորի պահանջն էր Բրյուսովի փողոց հ. 6 հասցեում՝ «Հրավար» ՍՊԸ-ին պատկանող կոշիկի ֆաբրիկայի 783. քմ մակերեսով հողամասի նկատմամբ «Հրավար» ՍՊԸ-ի անվամբ գրանցված վարձակալության իրավունքը ճանաչել դադարած: Դատարանն արձանագրել էր. «Նշված պահանջը ծագում է հանրային իրավահարաբերությունից, քանի որ վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը գրանցող մարմինը Կադաստրի կոմիտեն է, որը հանրային իշխանական լիազորություններով օժտված սուբյեկտ է, որը իրավունքը դադարեցնելու հարաբերության ընթացքում հանրային շահի իրացման կապակցությամբ իրացնում է օրենքով սահմանված իր հանրային իշխանական լիազորությունները, որն ուղղված է հանրային շահի` միասնական պետական գրանցման եւ դադարեցման ռեեստր վարելու սոցիալ-իրավական պրակտիկայի իրացմանը եւ առարկայացմանը»: Ըստ դատարանի, թեեւ որպես պատասխանող սույն դեպքում հանդես է գալիս Երեւանի քաղաքապետարանը, սակայն ներկայացված իրավասությամբ օժտված սուբյեկտը Կադաստրի կոմիտեն է, հետեւաբար վեճը ենթակա չէր քննության քաղաքացիական դատավարության կարգով եւ մերժել էր հայցը:

Լուսանկարները՝ հեղինակի

«Առավոտ» օրաթերթ
29.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930