Լրահոս
Օրվա լրահոսը

Ավտոկայանատեղերի վճարի թանկացումը հակասահմանադրական ու հակաօրինական է. Արդարադատության նախկին նախարար

Նոյեմբեր 29,2023 23:30

Արդարադատության նախկին նախարար, իրավաբանության դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է ավտոկայանատեղիների վճարների բարձրացմանը․

«Հերթական առերևույթ հակասահմանադրական և հակաօրինական ակտը՝ այս անգամ ավտոկայանատեղերի համար վճարներ սահմանելու փորձի տեսքով։ Հասկանալի է, որ բյուջետային լրջագույն խնդիրներ կան, սակայն կան նաև առավել արդյունավետ լուծումներ, որոնց բազմիցս եմ անդրադարձել։ Իսկ հարկերի, տուրքերի ու վճարների արհեստական տասնապատիկ ավելացումների մոլուցքը հաստատ այդպիսին չէ։

Սահմանադրության 60-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն. «Յուրաքանչյուր ոք պարտավոր է մուծել OՐԵՆՔԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ UԱՀՄԱՆՎԱԾ հարկեր, տուրքեր, կատարել պետական կամ համայնքային բյուջե մուտքագրվող պարտադիր այլ ՎՃԱՐՈՒՄՆԵՐ»։ Սա համընդհանուր կանոն է։ Երևանի ավագանին փորձել է յուրովի մեկնաբանել Սահմանադրության 185֊րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը և ենթադրել, որ կայանատեղերի համար վճարը կարող է դիտարկվել իբրև ՀԱՄԱՅՆՔԻ ՄԱՏՈՒՑԱԾ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՄԱՉԱՓ ՎՃԱՐ, ուստի ինքն իբրև ամբողջովին ազատ է իր հայեցողությամբ դրույքաչափեր սահմանելիս։ Այսպիսի բացահայտ կամայական մեկնաբանությունը առերևույթ հակասահմանադրական և ապօրինի է առնվազն հետևյալ էական հիմնավորումներով (մնացյալին, հարկ եղած դեպքում, կանդրադառնամ այլ առիթով)։

Խախտվել է Սահմանադրության 78֊րդ հոդվածով ամրագրված ՀԱՄԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԸ։

Կայանատեղին ոչ թե ծառայության մատուցում է, այլ այլոց հաշվին երթևեկության սահմանափակման հարկադրական միջոցների կիրառման պարզունակ գործընթաց։ Բանուկ ճանապարհի մի հատվածը պարզապես արգելվում է երթևեկության համար և հրամցվում իբրև կայանատեղի, որի կահավորումը, եթե կարելի է վառ երևակայությամբ ծառայության մատուցում հրամցնել, սկսվում և ավարտվում է թույլ նշմարվող գծանշաններով։ Այսինքն՝ ճանապարհի մի հատվածի նշանակությունը կամայականորեն փոխելը ինքնին չի կարող որակվել իբրև ծառայության մատուցում։

Իհարկե, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 17-րդ կետով կայանատեղերի համար սահմանված է տեղական վճար, սակայն նույն օրենքով հստակ ամրագրված է, որ խոսքը ծառայություն մատուցելու մասին է, ինչը քննարկվող դեպքում բացակայում է։ Մեծ հաշվով, այս օրենքը ևս աղերսներ ունի Սահմանադրության հետ, սակայն անգամ դա է շրջանցվել։

Հ.Գ. Չգիտեմ ինչպես կարձագանքեն այս որոշման նախագծին դեմ  խմբակցությունները, սակայն հուսանք, որ ընդունվելու դեպքում,  իրենք կղեկավարվեն ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 192-րդ հոդվածի 3-րդ մասով և իրենց վերապահված լիազորությունների սահմաններում կդիմեն Վարչական դատարան, հընթացս ներկայացնելով միջնորդություն, որպեսզի դատարանը կասեցնի վիճարկվող նորմատիվ ակտը, ինչպես նաև դատաքննությունը և միջնորդություն ներկայացնի ՍԴ …»:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930