ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը Մյասնիկյան բնակավայրի «Մյասնիկյանի Արայի անվան» միջնակարգ դպրոցում ներկա է գտնվել Արցախյան առաջին պատերազմում հերոսաբար զոհված, հետմահու «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրված Արա Հարությունյանի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման միջոցառմանը:
Հուշ-ցերեկույթին ներկա էին համայնքային և մարզային ներկայացուցիչները, Մյասնիկյան համայնքի անմահ հերոսների ծնողները, բնակիչներ և այլոք:
Հուշակոթողի բացման պատիվը վստահված էր հերոս Արայի մայրիկին՝ տիկին Ռոզային, իսկ օծման արարողակարգն իրականացրեց Տեր Սարգիս քահանա Խլղաթյանը:
Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն իր խոնարհումի ու ցավակցության խոսքերն ուղղեց հերոսների հարազատներին, նշելով, որ մեզանից յուրաքանչուրն իր ազնիվ ու հայրենանվեր աշխատանքով, կատարած գործերով պետք է արժանի լինի հերոսների կյանքով հաստատված այսօրվա խաղաղությանն ու ապագային։
Կարդացեք նաև
«Մենք պարտք ենք այս հերոս տղերքին, ովքեր հերոսական մաքառումով պաշտպանեցին հայկական պետականությունը, ինչի շնորհիվ մենք ունեցանք մեր սուրբ հայրենիքում խաղաղ ապրելու և արարելու հնարավորությունը։
Ուստի բոլորս պետք է լցվենք նոր եռանդով ու հավատով և միասնական ուժերով շարունակենք հայրենիքի շենացման ու հզորացման գործը»,- իր խոսքում նշեց մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը:
ՀՀ Արմավիրի մարզպետի աշխատակազմ