Լրահոս
Օրվա լրահոսը

Գառնիկ Դանիելյան․ «Սամվել Բաբայանի խոսքերից ստացվում է, որ նա Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան»

Նոյեմբեր 29,2023 20:50

ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Արցախի հարցը ոչ մի ժամանակում լուծված չի եղել, մենք բոլորս ենք մեղավոր Արցախի հանձնման համար եւ որ 20 տարի Հայաստանի եւ Արցախի ղեկավարությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը,  չեն թողել, որ մի բան արվի, ասաց, որ նման երեւույթները իր համար նորություն չեն։ «Սամվել Բաբայանից առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Գորգիսյանը թողեց իր պաշտոնը։ Հիմա Սամվել Բաբայանի խոսքերից է ստացվում, որ նա Նիկոլ Փաշինյանին համարում է դավաճան։ Սա պատահական չէ։ Բոլոր հարցումները ցույց են տալիս, որ ընտրությունների գնալու դեպքում այս իշխանությունը վարչական լծակներով ունի առավելագույնը 10-15 տոկոս վարկանիշ։ Եվ նրա սատելիտ ուժերը, որոնք ծառայել  են նրան, տարիներ շարունակ աջակցել, արել բոլոր սեւագործ աշխատանքները, փորձելու են ավելի կոշտ ընդդիմադիր դիրքերից հանդես գալ, ցույց տալ, թե իրենք ինչքան են դեմ եղել թե նախկինում, թե հիմա գործող իշխանությունների վարած քաղաքականությանը։ Նրանք փորձելու են գահավիժող իշխանության էլեկտորատը բերել իրենց դաշտ։ Բայց մոռանում են, որ մեր ժողովրդի հիշողությունն այդքան էլ կարճ չի։

Երբ Արցախի հետ կապված իրողությունների մեջ Սամվել Բաբայանը մեղադրում է իշխող  կուսակցությանը, կարծում եմ, այդ պլանները Նիկոլ Փաշինյանի անմիջական մասնակցությամբ կազմվել են Արցախը ուրախ եւ երջանիկ հանձնելուց հետո Գուրգեն Արսենյանի ու Անդրանիկ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ, որ լուսանկարներն էլ տարածվեցին համացանցում։ Կարծում եմ, տրվել են հստակ հրահանգներ՝ երբ պետք է խոսի, ինչ պետք ասի, այս պահին ինչ դիրքավորում ունենա, որպեսզի հետագայում իրեն եւ մյուս ուժերին օգտագործեն ըստ անհրաժեշտության։ Բայց կրկնում եմ, ժողովրդի հիշողությունը կարճ չէ եւ վստահ եմ, որ ժողովուրդը այս կուտը չի ունի»,-ասաց Գառնիկ Դանիելյանը։

Պատգամավորի կարծիքով Սամվել Բաբայանի գնահատմամբ առաջիկայում, դա կլինի մի քանի ամիս, մեկ տարի, թե տարիուկես հետո,  լինելու են նոր ընտրություններ ու բոլորն էլ հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանը չունի բավարար վարկանիշ։ Դրա համար փորձելու են Նիկոլ Փաշինյանի սատելիտ ուժերով ապահովել 50+1 ձայներ։

Գառնիկ Դանիելյանի խոսքով, եթե անգամ ընդունենք, որ Սամվել Բաբայանի խոսքերն անկեղծ են, ապա ի՞նչ  գնահատական տալ նրան, որ նա գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպում է Նիկոլ Փաշինյանին, իշխող ուժի ղեկավարությանն ու նախարարներին, նրանց  հետ ժամանակ անցկացնում։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930