ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:
Միջոցառմանը ներկա է եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ, մրցութային հանձնաժողովի նախագահ Արթուր Մարտիրոսյանը:
2024 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 5 քաղաք՝ Աբովյանը (Կոտայքի մարզ), Ալավերդին (Լոռու մարզ), Էջմիածինը (Արմավիրի մարզ), Գավառը (Գեղարքունիքի մարզ) և Վեդին (Արարատի մարզ)։ Մրցույթի արդյունքների ամփոփման նպատակով գումարված մրցութային հանձնաժողովի նիստում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցութային հանձնաժողովը Հայաստանի 2024 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Գավառը:
Նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհակալություն է հայտնել հայտատու քաղաքներին՝ մեկը մյուսին գերազանցող հայտերի համար:
Կարդացեք նաև
«Սա վկայում է համայնքներում երիտասարդական ներուժի աշխուժացման, նոր գաղափարների իրագործման պատրաստակամության մասին: Հատկապես կարևորում ենք համայնքներում երիտասարդական կենտրոնների գործունեությունը, որի համար ԿԳՄՍ նախարարի հրամանով ունենք օրինակելի ուղեցույց: Ըստ այդմ՝ կենտրոններում պետք է շեշտադրվեն երիտասարդների քաղաքացիական կրթությունը, տարբեր կարողությունների զարգացումը՝ սկսած աղետների կանխարգելումից մինչև թրաֆիքինգի մասին իրազեկվածության բարձրացում, ինչպես նաև ինտելեկտուալ ժամանցի ապահովումը: Այս միջավայրի առկայությունը կօգնի համայնքի երիտասարդներին ՏԻՄ-երի հետ ունենալ որոշակի գործառույթներ և համատեղ մշակել երիտասարդական կայուն ծրագրեր»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ ընդգծելով, որ նախարարությունը բաց է ցանկացած համագործակցության համար:
Նախարարի տեղակալն առաջարկել է ՏԻՄ-երի համար կազմակերպել դասընթացներ՝ երիտասարդական կյանքը ճիշտ կազմակերպելու, ռեսուրսներն արդյունավետ օգտագործելու նպատակով, որի մի բաղադրիչ կարող է լինել նաև հայտ ներկայացնելու կարողության զարգացումը:
Մինչ գնահատականների հայտարարումը մրցութային հանձնաժողովի քարտուղար Վերոնիկա Խորասանյանը ներկայացրել է մրցույթի կազմակերպման, հայտերի փորձագիտական գնահատման նպատակով փորձագիտական այցելությունների և դրան հաջորդող SMS քվեարկության ողջ գործընթացը: Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ մրցույթի կանոնակարգով սահմանված պահանջներին համապատասխանության տեսանկյունից: Իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելություններ հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման՝ դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը: Փորձագիտական գնահատումն այս տարի երկու բաղադրիչ է ունեցել՝ համայնքի կարողությունների գնահատում և ծրագրին ներկայացրած հայտի գնահատում:
Նոյեմբերի 9-ից 28-ը կայացել է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկությունը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:
Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ և SMS քվեարկությամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Գավառ քաղաքը:
Ըստ փորձագետների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա մրցույթում նկատելի էին մասնակից քաղաքների ոգևորվածությունն ու պատրաստվածությունը: Նրանք ընդգծել են, որ թեկնածու քաղաքներ կատարած այցերը գնահատման գործում ավելի ծանրակշիռ և որոշիչ դեր են ունեցել, քան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը:
Գավառ քաղաքի ներկայացուցչի՝ Գավառ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանի խոսքով՝ իրենց համար կարևոր էր նախկին փորձի հիման վրա ձեռքբերումներ արձանագրել, երիտասարդներին ներգրավելով տեղական ինքնակառավարման համակարգում՝ հզորացնել նրանց ներուժը և կրկին հայտ ներկայացնել: Ըստ նրա՝ այսօր Գավառում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և երիտասարդական մայրաքաղաք կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին և համայնքներում աշխուժացնելու երիտասարդական կյանքը: «Սա հնարավորություն էր Գավառ համայնքի համար ապացուցելու՝ եթե մեկ անգամ չի ստացվել, ապա կստացվի հաջորդ անգամ»,- ասել է Գրիգոր Դաշտոյանը:
Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:
Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), 2022-ին՝ Հրազդանը, 2023 թ.-ին՝ Մեծամորը։
ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ