«Ես անկեղծ ամբողջովին ներկայացրել եմ իրավիճակը՝ եւ 44-օրյա պատերազմի ժամանակ, եւ հիմա։ Ես եկել եմ որպես քաղաքացի` իմ պարտքը տվել եմ, արտահայտվել եմ, ինչ տեղյակ եմ։ Թե այդ հանձնաժողովը կհասնի իր նպատակին, թե ոչ, ես չգիտեմ»,- 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողներին ասաց Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Հարցին, թե ո՞վ է պատերազմի մեղավորը, նա պատասխանեց․ «Մեկը չի եղել։ Դուք կոնկրետ անուն ազգանուն եք ուզո՞ւմ լսել»։
Հարցին, թե շարունակո՞ւմ է պնդել իր նախկին տեսակետը, որ Արցախի եւ Հայաստանի իշխանության դավադիր որոշման հետեւանք էր պատերազմը, Բաբայանը պատասխանեց․ «Եթե մի անգամ մի բան ասում եմ, չեմ փոխում իմ տեսակետը, մնում եմ իմ տեսակետին»։
Հարցին, թե Արցախը հանձնելու գլխավոր մեղավորն ո՞վ է, նա պատասխանեց․ «Դե բանակի հրամանատարն ինքը չի ղեկավարում ռազմաճակատը, իր հետ մեկտեղ ղեկավարում են այլ անձինք, ուրեմն այդտեղ պետք է քննություն գնա ու ճշտվի։ Ես անուններով չեմ խոսում, դրվագներով, փաստերով, ստեղծված իրավիճակով հուշում եմ, թե ինչ ուղղությամբ կարելի է տանել քննությունը»։ Հարցին, թե անձամբ Նիկոլ Փաշինյանի մեղավորությունը ո՞րն է, Բաբայանը պատասխանեց․ «Անձամբ իր մեղավորությունը ոչ ճիշտ կադրային քաղաքականությունն է։ Երկրորդ խնդիրն այն է, որ հավատացել է նրանց, ում հավատացել է»։
Կարդացեք նաև
Սամվել Բաբայանը նոյեմբերի 9-ի հայտարարությունը դավաճանական փաստաթուղթ է համարում, լրագրողները հիշեցրին, որ այդ հայտարարությունը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը։ «Բա դուք խի՞ եք համարում, որ ոչ ճիշտ ռազմական ղեկավար նշանակելը դա քաղաքական դավաճանություն չէ։ Եթե ես հասկանում եմ, որ այս մարդուն նշանակում եմ այս պաշտոնին, այս խնդիրը չի կարողանալու լուծել, դա դավաճանություն է թե՞ ոչ»,- ասաց նա։
Սամվել Բաբայանը հավելեց, որ Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում հնչեցրած հայտարարությունների վերաբերյալ հարցեր եւս իրեն ուղղել են քննիչ հանձնաժողովում։ Բացի դա, նա ասաց, որ այդ հարցազրույցից հետո հրավիրվել է Քննչական կոմիտե՝ հարցաքննության։ «Ընթանում է քննություն, առաջինը ես եմ հարցաքննության հրավիրվել Քննչական կոմիտե եւ այն, ինչ խոսել եմ Հանրայինով, ավելի ծավալուն ներկայացված է իրենց»,- ասաց նա։
Հարցին, թե ի՞նչ գործով է կանչվել Քննչական կոմիտե, նա պատասխանեց․ «Զենք զինամթերքի հանձնման, իմ կողմից Բաքվի հետ բանակցությունների, Սահմանադրության տապալման եւ այլն»։
Անդրադառնալով Բաքվի հետ իր բանակցությունների վերաբերյալ հայտարարություններին, Սամվել Բաբայանն ասաց․ «Դրանք բանակցություններ չեն եղել, եղել են սկզբունքներ, թե ինչ սկզբունքների շուրջ ենք նստում բանակցությունների։ Ասենք՝ կոնկրետ Ղարաբաղն ունենալու է իր բանակը, թե՞ ոչ։ Այդ կետերը քննչականում կան։ Մի օր, երբ կավարտվի քննությունը, ձեզ համար կհրապարակեն երեւի, թե ինչի մասին ենք բանակցել։ Սամվել Շահրամանյանը տեղյակ է եղել, մինչեւ նախագահ ընտրվելը Շահրամանյանը եղել է Անվտանգության խորհրդի քարտուղար, այդ դահլիճում մասնակցել է, իմ ելույթը լսել է։ Դրանից հետո ինքը ճշտել է Ադրբեջանի անվտանգության տեղակալի հետ, նա ասել է՝ նման փաստաթուղթ գոյություն չունի։ Ճիշտ է ասել, որովհետեւ ես շպիոն չեմ, որ Ադրբեջանի անվտանգության հետ շփվեմ, ես Ադրբեջանի նախագահի ապարատի հետ եմ շփվել։ Իմ ներկայացուցիչը փաստաթղթերը փոխանցել է այնտեղ»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ