Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղի եւ Հայաստանի ղեկավարությունները նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնել են փաստաթղթի, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է»․ Սամվել Բաբայան

Նոյեմբեր 29,2023 16:54

44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստից հետո լրագրողները Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին հարցրեցին՝ Արցախի պետական ինստիտուտները պետք է գործեն, թե՞ ինքն էլ է կիսում ՀՀ իշխանությունների տեսակետը, թե Արցախի պետական ինստիտուտների աշխատանքը սպառնալիք է ՀՀ անվտանգությանը։

«Ես առաջին օրը գրավոր ներկայացրել եմ վարչապետին, առաջարկել եմ հատուկ ծրագրերի վարչություն ստեղծել, որը գործել է 1990-ական թվականներին՝ Մոսկովյան փողոցի վրա։ Առաջարկել եմ այդ ծառայությունը մատուցել Ղարաբաղի ժողովրդին, ոնց որ դուք եք ձեւակերպում, տեր կանգնեն, վերաբնակեցնեն եւ այլն։ Նիկոլ Փաշինյանը մերժել է, չի հիմնավորել, թե ինչու։ Ես չգիտեմ՝ ինչու են մերժել, երեւի կհանդիպեմ մի օր, եթե հանդիպեմ, կխոսեմ։ Եթե ես Նիկոլ Փաշինյանին չեմ հանդիպել, չգիտեմ ինչ համար է մերժվել կամ մերժվել է, թե չի մերժվել, չեմ կարող պատասխանել։ Ես Նիկոլ Փաշինյանի հետ երկու տարուց ավելի է՝ ոչ տեսել եմ, ոչ խաբար եմ, ոչ գիտեմ»,- ասաց նա։

Բաբայանը հավելեց, որ Արցախի էջը ոչ մի ժամանակահատվածում փակված չի համարել։ Հարցին, թե ինչպե՞ս պետք է պայքարել արցախցիների վերադարձի համար, նա պատասխանեց․ «Դուք խի՞ եք այդ հարցերն ինձ ուղղում։ Ես ժամանակին Արցախն ազատագրել եմ, հետո ասել եք՝ ես ձեզ պետք չեմ, բերել եք խելոք, գրագետ մարդիկ, որ շարունակեն ազատագրածը»։

«Ես բազմիցս իմ ելույթներում ասել եմ՝ այս վերջին սեպտեմբերի 19-ի իրադարձությունների ժամանակ Արցախը հանձնել են Արցախի իշխանությունները»,- հայտարարեց Բաբայանը։

Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը 44-օրյա պատերազմից հետո չի նպաստե՞լ Արցախի կորստին, նա պատասխանեց․ «Նպաստեց, որովհետեւ ես իմ ելույթներում ասել եմ՝ ֆինանսավորել, այնպես անել, ինչպես անում է Նիկոլ Փաշինյանն Արցախում, ճիշտ չեմ համարում»։

Դիտարկմանը, որ Հայաստանի իշխանությունները սեպտեմբերի 19-ին ոչ մի քայլ չարեցին, երբ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա, Բաբայանը պատասխանեց․ «Հայաստանի իշխանությունը չէր կարողանում ոչ մի բան անել, որովհետեւ չունի բանակ, չունի պաշտպանություն։ Եվ Ադրբեջանը կոշտ հարցը դնում է, որ դու չես կարող իմ ներքին հարցերին խառնվես։ Հայաստանի իշխանությունը խնդրում էր Արցախի իշխանություններին, որ նստեն ուղիղ բանակցությունների։ Նրանք էլ դա բոյկոտում էին, որովհետեւ Մոսկվայից ստացել էին կարգադրություն, որ պիտի բոյկոտեն»։

Լրագրողները հիշեցրին, որ Նիկոլ Փաշինյանն է Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, Սամվել Բաբայանն ասաց․ «Բայց ինչո՞ւ է ձեզ թվում, որ Հայաստանի իշխանությունն է ճանաչել Ղարաբաղը Ադրբեջանի մաս։ Նիկոլ Փաշինյան-Արայիկ Հարությունյան բանակցություններում, որ համաձայնել են փաստաթուղթ ստորագրել, այդ րոպեին էլ Ղարաբաղը ճանաչել են Ադրբեջանի մաս։ Այսինքն՝ Ղարաբաղի ղեկավարությունը Հայաստանի ղեկավարության հետ նոյեմբերի 9-ին բանակցել են, համաձայնել են փաստաթղթի, որտեղ Ղարաբաղն Ադրբեջանի մաս է, վերջ։ Բոլոր նրանք, ովքեր համաձայն են եղել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրելուն, քաղաքական այդ բոլոր ուժերը կրում են պատասխանատվություն»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930