44-օրյա պատերազմում զոհված զինվորների ծնողների՝ «Որդիների կանչ» ՀԿ-ի նախագահ Արուս Հարությունյանի եւ կազմակերպության անդամ Արա Ռոստոմյանի համար սպասելի էր «Եռաբլուրի գործի» կարճումը եւ ոստիկաններին քրեական պատասխանատվության չկանչելը:
Նոյեմբերի 16-ին հայտնի դարձավ, որ «Եռաբլուրի գործով» ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվի, վարույթն էլ կարճվել է: Եռաբլուր զինվորական պանթեոնից, հիշեցնենք, զոհված զինծառայողների 34 ծնող էր բերման ենթարկվել 2021 թվականի սեպտեմբերի 21-ին: Ըստ գործի նյութերի, 439 ոստիկան է եղել դեպքի վայրում: Հիշեցնենք, որ այդ օրը զոհված զինծառայողների ծնողները փակել էին պանթեոնի մուտքը՝ թույլ չտալու Նիկոլ Փաշինյանի մուտքը Եռաբլուր, քանի որ նա պարտություն էր ապահովել պատերազմում հայկական կողմի համար: Ծնողները բերման էին ենթարկվել բիրտ ուժի կիրառմամբ:
Այսօր «Մեդիա կենտրոնում» ասուլիսի ժամանակ, անդրադառնալով այդ որոշմանը, Արուս Հարությունյանն ասաց. «2022 թվականի ապրիլին վարչապետը ինքնախոստովանական ցուցմունք տվեց գլխավոր ամբիոնից, ասաց՝ կարող էինք ունենալ նույն ելքը, բայց առանց զոհերի, Գլխավոր դատախազությունը ոչ մի ընթացք չտվեց այդ հայտարարությանը ու մեր ներկայացրած հաղորդմանը: Բոլոր իրավական համակարգերը ծառայում են Փաշինյանին, հայ քաղաքացին պաշտպանված չէ. երկիրը մասնատեցին, հողերը տվեցին՝ ո՞վ պիտի պատասխան տա դրա համար»:
Մինչեւ օրվա իշխանություններից չազատվենք, որեւէ իրավական հարց չի լուծվի. կարծում է «Որդիների կանչ» կազմակերպության անդամ Արա Ռոստոմյանը:
Կարդացեք նաև
«Ու բացի այն, որ գործը կարճել են, մի բան էլ իբրեւ լավություն են ներկայացնում, որ ծնողների նկատմամբ քրեական գործ չի հարուցվում: 20 թերթանոց գրություն է եկել մեզ՝ ծնողներիս, շատ փնթի գրված. առաջին կետով իրենք գործը կարճում են, ասում են` հոկտեմբերի 17-ին կարող եք գալ եւ ծանոթանալ նյութերին, բայց նամակը մենք ստանում ենք նոյեմբերի 15-ին: Հակասություններ շատ կան ոստիկանների եւ ծնողների ցուցմունքների միջեւ: Իրենք գրել են՝ երկու ոստիկաններ են տարել, բայց Նարինեի ցուցմունքը կա, չի էլ հերքվել, որ 6 հոգով են տարել, Արմինեին՝ 40 կիլոգրամ էլ չկա քաշը, 4 հոգով են տարել. ուզել են գցել գազելի մեջ, չի հաջողվել, ընկել է գետին»,- ասաց բանախոսը:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ