Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր մասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Սամվել Բաբայանն անդրադարձավ հարցին, թե ինչպե՞ս է պատկերացնում Արցախի ապագան։ «Կա առաջին տարբերակ՝ վերադարձ բանակցություններին, մնացածը կտեսնենք, ժամանակը ցույց կտա»,- պատասխանեց նա։
Հարցին, թե ո՞վ պետք է բանակցի, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Դուք այսօր ինձ համոզեցիք, որ դուք ունեք նախագահ Ղարաբաղում, երեւի իրենք էլ պետք է բանակցեն։ Ես ինչքան գիտեմ՝ իրենք էլ բանակցում են։ Ես տեղյակ եմ, որ Արցախի նախագահն այսօր էլ Ադրբեջանի հետ կապի մեջ է։ Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, հիմա էն մարդը բանակցում է։ Ամեն օր զանգում է Բաքու, խոսում։ Ինչ է բանակցում, իրեն հարցրեք, ինքն ասելու է»։
Ըստ Սամվել Բաբայանի՝ Սամվել Շահրամանյանն ասել է, որ բանակցում են Արցախ վերադարձի հարցով։ «Ես ձեզ հիմա ասում եմ՝ ինքը բանակցում է վերադարձի մասին, դուք հարց եք տալիս՝ Ղարաբաղի ապագան ի՞նչ է լինելու, ասում եմ՝ իշխանություն կա, բանակցում է վերադարձի մասին»,- նշեց նա։
Հարցին, թե հստակ ինֆորմացիա ունի՞, որ Սամվել Շահրամանյանը բանակցում է Բաքվի հետ, թե՞ ենթադրում է, Բաբայանը պատասխանեց․ «Մեր պատգամավորների, պառլամենտի ղեկավարի հետ հանդիպել է, խոսել է, ասել է»։
Կարդացեք նաև
Նա նշեց, որ Արցախի իշխանությանն առաջարկել է հանդիպել, կետ առ կետ քննարկել, թե ինչպես են պատկերացնում վերադարձը, ինչ կարգավիճակով, բայց դեռ արձագանք չի ստացել։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ