Հայերեն «Վիքիպեդիա» առցանց հանրագիտարանի 32 խմբագիր մեկ ամսում ստեղծել է հայերեն 769 նոր հոդված։ «Վիքի.հայ» ամենամյա մրցույթը, որի շրջանակում իրականացվել է այս աշխատանքը, կազմակերպել են «Ինտերնետ հանրություն»(ISOC.AM) եւ «Վիքիմեդիա» կազմակերպությունները։ Նպատակը համացանցում հայերեն բովանդակության հարստացումն է, հայության մասին հոդվածների պատրաստման խթանումը։
Մրցույթի արդյունքներն ամփոփվել են նոյեմբերի 29-ին, մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությամբ։ Աշխատանքը գնահատվել է հոդվածների քանակի եւ որակի համադրմամբ։
Լավագույնն են ճանաչվել վիքի 5 խմբագիրներ՝ արժանանալով «Ինտերնետ հանրություն» ՀԿ սահմանած դրամական պարգեւների եւ մասնակցության հավաստագրերի, 2 խմբագրի էլ շնորհվել է խրախուսական հավաստագիր։
Կարդացեք նաև
«Վիքի.հայ-2023-ի» մրցանակակիրներն են՝ Արմինե Աղայան-Ֆլիշը, Արա Թրվանցը, Արմինե Սիրականյանը, Սլավիկ Սահակյանը, Մարինա Գեւորգյանը, Վոլոդյա Գրիգորյանը, Մոնիկա Փաշիկյանը։
«Համացանցում հայերեն բովանդակությունը ավելացնելով՝ ամրապնդում ու պաշտպանում ենք մեր երկրի սահմաններն այդ տիրույթում»,- նշել է «Վիքիմեդիա» գիտակրթական ՀԿ համահիմնադիր Մհեր Բեքարյանը։
«Համացանցի հայկական բովանդակության հարստացումն այսօր իրապես ռազմավարական կարեւորության հարց է մեզ համար՝ ոչ միայն որպես կազմակերպության, այլեւ՝ որպես հայ հանրության ներկայացուցիչներ։ Արդեն երեք տարի հետեւողականորեն սկսել ենք այս աշխատանքը «Վիքիմեդիայի» հետ եւ ուրախ ենք արձանագրել, որ միայն այս մրցույթի շնորհիվ ունենք ստեղծված շուրջ 2000 հոդված»,-ասել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի անդամ Քրիստինա Հակոբյանը։
«Ինտերնետ հանրություն» ՀԿ