Լրահոս
Օրվա լրահոսը

«Դրանք ստիպված քայլեր են, որոնք Նիկոլ Փաշինյանը պարտավոր է անել»․ Սամվել Բաբայանը՝ Արցախը հանձնելու եւ ՀՀ իշխանության զիջումների մասին

Նոյեմբեր 29,2023 15:58

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանն այսօր մասնակցեց 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստին։ Լրագրողների հետ զրույցում Սամվել Բաբայանը Արցախի հարցում ստեղծված իրավիճակի հարցում մեղավորության հիմնական սլաքներն ուղղեց Արցախի իշխանությունների ուղղությամբ։

«Առավոտի» հարցին, որ Արցախի հարցում նշաձողն իջեցրել է Նիկոլ Փաշինյանը, այնուհետեւ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե իբր բանակցում են արցախահայերի իրավունքների ու անվտանգության հարցով, իսկ այսօր իշխանության ներկայացուցիչներն ասում են, որ արդեն այդ հարցով էլ չեն բանակցում, ինչո՞ւ ինքն այդ մասին չի խոսում, եւ ի՞նչ կարող էր անել չճանաչված Արցախի իշխանությունը, եթե Նիկոլ Փաշինյանը Արցախը ճանաչել է Ադրբեջանի կազմում, Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Դուք մոռանում եք, առաջին հերթին ես ինչ-որ ձեւով սլաքները չեմ տանում ինչ-որ մեկի կամ մյուսի ուղղությամբ։ Ես ձեզ միշտ ասում եմ փաստերը, ես ձեզ հետ միշտ լինում եմ անկեղծ։ Խոսում եմ փաստերից, դուք քաղաքական կոնյունկտուրա եք ստեղծում, ասում եք՝ ասա, որ Նիկոլը մեղավոր է»։

Դիտարկմանը, որ մենք էլ ենք փաստեր մեջբերում, դրանք Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն ու գործողություններն են, Բաբայանը պատասխանեց․ «Ես էլ եմ փաստերն արձանագրում, Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ասում է՝ այս ձեւ պետք է անենք։ Դա չի նշանակում փաստեր, դա ստիպված քայլեր են, որը պարտավոր է անել։ Երկրորդ, Նիկոլ Փաշինյանը սխալ է մի շարք հարցերում։ Այնքան հարցեր կարող եմ ասել, եւ նաեւ մեղավոր է։ Եթե դա եք ուզում ինձանից լսել, կարող եմ այդ օրինակները բերեմ, ժամանակը գա կբերեմ։ Ասում եմ՝ ցանկացած աշխատող մարդ սխալներ, թերություններ թույլ է տալիս, դուք ինձ ասում եք՝ ոչ, ասա, որ պիտի գնդակահարենք»։

Մեր հարցին, թե այսինքն՝ Սամվել Բաբայանն ընդունո՞ւմ է ՀՀ իշխանության այն թեզը, որ Հայաստանը թույլ է, պարտված է, ու անընդհատ պետք է զիջումներ անել, այսպես զիջելով՝ ո՞ւր պետք է հասնենք, նա պատասխանեց․ «Պիտի կարողանանք հզոր բանակ ստեղծենք, ինքներս մեզ պաշտպանենք, հույսներս չդնենք հարեւանների վրա, հույսներս չդնենք, որ մեզ մեկը փրկելու է։ Ձեզ բազմիցս դրա մասին ասել եմ, չեք լսել, 20 տարի դա եմ ձեզ ասել, որ դուք ձեզ վրա հույսը դրեք։ Դուք չեք լսել, հիմա կանգնել եք փաստի առաջ, այդ ղեկավարն էլ այդ փաստից ելնելով՝ քայլեր է անում»։

Մեր ճշտող հարցին, որ այսինքն՝ ուժեղանալու ու զիջումներ չանելու փոխարեն ինքն արդարացնում է ՀՀ իշխանություններին, ասում է՝ ճիշտ են անում, որ զիջումների են գնում, Սամվել Բաբայանը նման պատասխան տվեց․ «Բայց ո՞վ է այդպիսի բան ասել, ինչի՞ց ելնելով եք գտնում, որ ես նման բան եմ ասել։ Դուք չգիտեք չէ՞, թե ես գրավոր քանի փաստաթուղթ եմ ուղարկում որ ծառայություններ, որ ղեկավարին, թե ինչ քայլեր պետք է անել։ Դուք ուզում եք իմ հրապարակային ելույթները եւ ինչ ես ներքին կարգով ասում եմ, դա բերենք սաղ հրապարակային դա՞շտ»։

Մյուս հարցին, թե այդ դեպքում ինչպե՞ս է Սամվել Բաբայանը սատարում Արցախը հանձնած Հայաստանի այս իշխանություններին, նա պատասխանեց․ «Բայց կարա՞ք մի օրինակ բերեք, որ ես էս իշխանությանը սատարում եմ։ Այսինքն՝ եթե ես ճշմարտությունից խոսում եմ, սատարում եմ այս իշխանությա՞նը։ Դուք խնդիրը դնում եք, որ հրաժարականը չեմ պահանջում։ Ով գոռգոռում է, հրաժարականը պահանջում է, ես կարող եմ ձեզ օրինակներ բերել, որ նրանք համագործակցում են այս իշխանության հետ»։

Սամվել Բաբայանը հայտարարեց, որ ինքը չի համագործակցում այս իշխանության հետ՝ հորդորելով փաստեր ներկայացնել։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930