Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Կգա՞ք միասին գնանք Լարս…Եթե խնդիրը քաղաքական է, տնտեսական չէ, ասեք՝ իմանանք». Քերոբյանը չընդունեց Լարս գնալու հրավերը

Նոյեմբեր 29,2023 14:16

ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում, երբ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ներկայացնում էր «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխությունների եւ լրացումների նախագիծը, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանը հարցրեց. «Լարսի անցակետը նորից փակ է, տեղյա՞կ եք թե՞ ոչ: Ըստ էության, Լարսի անցակետում այսօր ՀՀ արտահանողները հանդիպում են անլուծելի խնդիրների եւ դա բերում է տնտեսական, սոցիալական հետեւանքների: ՌԴ-ն ՀՀ-ի հիմնական արտահանման ուղղությունն է եւ աճում է այդ միտումը: 2022-ին ՌԴ-ի ուղղությամբ արտահանումը բազմապատիկ ավելացել է: Խնդիրը հիմա վերաբերում է առավելապես ՀՀ-ից արտահանվող որոշակի տեխնիկական, սանիտարահիգիենիկ ապրանքներին: Եթե այդպես է, բա ինչի՞ մեր պետական մարմինները նորմալ չեն աշխատում, որ գնում հասնում է սահման, այլ երկրի պետական մարմինը նույն նորմատիվով նայում է, ասում է՝ խնդիր է: Այդ մարդիկ հասնում են այդտեղ ու կրում են էական վնասներ: Եթե խնդիրը քաղաքական է, տնտեսական չէ, ասեք՝ իմանանք: Պարզ ու ճշմարիտ կերպով ուզում եմ անդրադառնաք ու մարդիկ պետական մարմնի թիվ մեկ պատասխանատուից իմանան այդ մասին»:

Քերոբյանը պատասխանեց. «Ռոսսելխոզնադզորի հայտարարության մեջ նշված են Հայաստանից արտահանվող ապրանքների մեջ տարեկան խախտումները: Վիճակագրությունը ցույց է տալիս, որ անցած ամբողջ տարվա ընթացքում 40-ից պակաս դեպք է տեղի ունեցել: ՌԴ-ի համապատասխան մարմինները Հայաստանից արտահանված ապրանքը հետ են վերադարձրել: Այսինքն, մեր պետական մարմինների աշխատանքը չի կարող համարվել վատ, որովհետեւ ցածր վիճակագրություն կա: Էկոնոմիկայի նախարարությունը, նաեւ ԵԱՏՄ-ի հանձնաժողովի մեր գործընկերները նախաձեռնել են քննարկում, որտեղ մեր ռուս գործընկերների հետ փորձելու ենք հականալ, թե ինչ է փոխվել կարգավորումների մեջ, որը հասցրել է այսպիսի վիճակագրության փոփոխության»:

Թադեւոս Ավետիսյան

Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ պատասխան չստացավ. «Դուք, որպես էկոնոմիկայի նախարար, պետք է ամենալավն իմանաք՝ մարդիկ հարյուր հազարավոր դոլարներ են կորցնում եւ դա դառնալու է աշխատատեղերի կորուստ, տնտեսական խնդիրներ: Հիմա մարդիկ շվարած կանգնած են: Մի մասը հետ է գալիս, մի մասը ինչ-որ պատահականությամբ անցնում են, խառնաշփոթ վիճակ է, այդ մարդիկ հո որբի գլու՞խ չեն, ներկայացնում են ՀՀ-ն չէ՞: Ի վերջո, ասում եք՝ մի շաբաթից կնստենք կքննարկենք, ապրանքներ կան, ժամերի ընթացքում փչանում են»:

Ավետիսյանը բարկացավ, որ պետական մարմինները իրենց տեղում չեն, պարգեւավճար են ստանում, պատասխանատվություն չեն կրում. «Ո՛չ աշխատավարձն են նրանց ձեռքից վերցնում, ոչ էլ «պադավատը», բայց բիզնեսը կորցնում է, չէ՞: Կորցնում է իր վարդը, թափում է աճեցրած բերքը, սա պոպուլիզմ չի, իրականություն է: Կգա՞ք միասին գնանք Լարս, տեղում տեսնենք, թուղթ ու գրիչով հարցնենք՝ ինչքան միլիոնների վնաս են կրել»:

Հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց, որ ինքն էլ կգա: Քերոբյանը հրաժարվեց. «Այդ նպատակի համար չեմ գա, որովհետեւ դա կարելի է օնլայն էլ հաշվել: Շատ լավ տեղյակ եմ, նախորդ 3 օրերին մոտ մի 100 արտահանողի հետ անձամբ եմ խոսել»:

Բաբկեն Թունյան

Թունյանը Թադեւոս Ավետիսյանին ասաց, որ այդ քննադատական իր տոնը չի ընդունում, որովհետեւ նրանք 20 տարի տնտեսության դիվերսիֆիկացման հնարավորություն են ունեցել ու չեն արել: Այսօրվա էներգետիկ, արտահանման եւ այլ խնդիրները մի ամսվա հարց չի, երկարաժամկետ լուծելու հարց է ու եթե ժամանակին լուծեին, այսօր այսքան մեծ ազդեցություն չէր լինի. «Ուզում է հրաշագործ լինի կառավարությունը, կարճ ժամանակում հնարավոր չի լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930