Shamshyan.com. Երեկ՝ նոյեմբերի 28-ին, ինքնաձիգի օգտագործմամբ մարտաֆիլմ հիշեցնող սպանություն է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 23:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Լոռու մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրանյան 1 հասցեի մոտ կրակոցներ են հնչել, եւ կա տուժած:
Ոստիկանները նշված շենքի բակի տարբեր հատվածներում հայտնաբերել են ինքնաձիգից կրակված 20-ից ավելի պարկուճ, իսկ բակում՝ Ford Fusion մակնիշի ավտոմեքենա, որի առջեւի եւ կողային հատվածներում առկա էին կրակոցի 15-ից ավելի հետքեր:
Ավտոմեքենայի սրահում՝ վարորդի նստատեղին, հայտնաբերվել է դի:
Մինչ դեպքի վայրում աշխատում էին փորձաքրեագետները, Ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի ծառայողները եւ ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության քննիչները պարզել են, որ սպանվածը Վանաձոր քաղաքի Չուխաջյան թաղամասի բնակիչ, 39-ամյա Արման Փերիխանյանն է:
Կարդացեք նաև
Ա. Զաքարյանի, Ա. Աղումյանի, Ա. Բեժանյանի գլխավորությամբ, սպանության վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա ոստիկաններն ու պարեկները սկսել են հետախուզական աշխատանքներ կատարել, ինչի արդյունքում էլ հայտնաբերել են կասկածյալին, եւ օպերատիվ խմբերը մեկնել են նրա բնակության վայր․ կասկածյալը, տեսնելով, որ այլեւս չի կարող մոտենալ իր տանը, սպանության վայրից բավականին հեռու է մեկնում: Ի վերջո, ոստիկաններն ու պարեկները, վտանգելով իրենց կյանքը, կարողանում են դուրս գալ կասկածյալի հետքի վրա ու վնասազերծել նրան, ապա տեղափոխել Ոստիկանության Տարոնի բաժին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, կասկածյալը Վանաձոր քաղաքի բնակիչ, 28-ամյա Կարեն Փիլոյանն է:
Տեւական ժամանակ անց հաջողվում է հայտնաբերել ինքնաձիգը, որը Կ․Փիլոյանը դրել էր պարկի մեջ եւ թաքցրել երկաթե տարայի մեջ:
Գ. Շամշյանի տեղեկություններով, այս տարվա սեպտեմբերի 2-ին Վանաձորում կրակոցներ էին արձակել տեղի հայտնի խանութներից մեկի ուղղությամբ, որտեղ հրազենային վնասվածքներ ստացած կանանցից մեկը սպանված Ա. Փերիխանյանի կինն էր:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: