Լրահոս
Օրվա լրահոսը

Լայնեզր գլխարկով եւ կարմիր շարֆով Հայաստանը

Նոյեմբեր 29,2023 15:30

Ութսունականների կեսերին մենք, որ ջահել էինք, քիչ բան իմացող, բայց շատ խոսող պատանիներ, քիչ հարցեր տվող, բայց ամեն ինչին «ստույգ» պատասխաններ ունեցող ուսանողներ, մի օր հասկացանք, որ երիտասարդական ունայնից փախչելու տեղ կար, հասկացանք, որ մենք «գնալու տեղ» ունեինք։ Դա «Գարունն» էր, որը մեզ համար ոչ թե տարվա եղանակ էր, այլ ամսագիր, ոչ թե լոկ թարմության ու նորացման խորհրդանիշ էր, այլ ոգու խրախճանք, որտեղ միախառնված էին հիշողությունն ու երազանքը, որտեղ չգիտես՝ կորցնում էինք, թե գտնում, մի վայր, որտեղից տրամաբանական հետեւողականությամբ գնում էինք աղմկոտ վայրեր՝ չգիտես մոռանալու թե հիշելու, սիրելու թե ատելու, հարբելու թե սթափվելու…

«Գնալու տեղի» տանտերը գրեթե միշտ լայնեզր գլխարկով եւ կարմիր շարֆով էր, որ հրաշալի պատմվածքներ ու էսսեներ էր գրում, խոսում էր Կարին-Էրզրումի հնչերանգով, հպարտ էր իր մայրագիծ ազնվականությամբ եւ հայրագիծ իմաստնությամբ։ Դեմ չէր խմելուն, երբեմն էլ՝ խմեցնելուն… Մարդ-տոն էր նա. համենայնդեպս, մեզ համար այդպիսին էր։ Տաղտուկի ու իր խոսքով ասած՝ «չափավոր անտաղանդների» անկռիվ ու անչար քննադատն էր, բայց հախուռն էր մի լուսավոր բան գտնելիս։ Կառչում էր որեւէ անսովոր, անակնկալ գրական ձիրք ու շնորհք տեսնելիս. հեղինակին բերում, խմբագիր ու բաժնի վարիչ էր կարգում, մեծարում, գլխին էր դնում… Ինչպես, օրինակ, լուսահոգի Վազգեն Սարգսյանին ու շատերին… Ու մեզ թվում էր, թե մենք ավելին էինք, քան էինք… Հետո՝ շատ տարիներ անց, պիտի տեսնեինք, որ հավերժական խանդավառություն թվացող այդ մարդը գլխարկն ու շարֆը կարող էր մի կողմ դնել ու մնալ աղմուկներից հեռու եւ միանգամայն ուրիշ… Այդ ուրիշությունն այն տարիներին թաքցնում էր, երեւի դա բեռ էր դիտում կողքինների համար եւ դարձյալ ժպտում ու վերադառնում իր հայտնի խոսքին՝ ամեն բան լավ կլինի…

Եվ մենք, որ գիտեինք, որ ամեն բան լավ չէ, այնուամենայնիվ, հավատում էինք նրա հրաշապատում հեքիաթին, որովհետեւ այն զարմանալիորեն իրականությունից ավելի ճշմարիտ էր…

Մերուժան Տեր-Գուլանյանի «Գարունը» երես առած տաղանդավոր երեխա էր, որի շուրթերով իսկապես ճշմարտությունն էր բարբառում, որ ոչ միայն գրականություն էր սփռում, այլեւ գրականություն ստեղծում։ Երես առած էր, որովհետեւ կամակոր էր, երբ վերեւից փորձում էին խանգարել կամ կասկածի տակ առնել այս կամ այն արժեքավոր նյութը։ «Գարունը» գրքի պես էին կարդում, կրպակներում հարցնում, եթե ճարում էին, ձեռքից ձեռք էին խլում, հացի պես ուտում… «Գարունով» մտածում էին, վերանայում, հուսահատվում, սիրահարվում… Եվ պարզ չէր՝ ով է հեղինակը, ով ընթերցողը։ Շատ ընթերցողներ որոշում էին, որ իրենք էլ գրող են եւ գլխավոր խմբագրի սենյակն էին փնտրում… Տեր-Գուլանյանի «Գարունը» նաեւ ազգային շարժում էր, երկրաշարժի ցավ, հայրենիքի որոնում…

Հետո եկավ «Ար» հեռուստաընկերությունը՝ փոխվեց ընդամենը մեր «գնալու տեղի» հասցեն։ «Արը» արարվում էր ջազի պես, հընթացս, հանկարծաստեղծվում էր, ցնցում, տակնուվրա անում այն ամենը, ինչ մահամերձ էր ու սովորական, ինչը կասեցնում էր հոգու ու մտքի ընթացքն իր տափակ զսպաշապիկներով…

Հետո այս հին աշխարհի լավից ու վատից ձանձրացած գրողը որոշեց տեսնել՝ ինչ կա իրերից այն կողմ ու ստեղծեց իր տարաշխարհիկ «Անդինը»՝ մեր «գնալու տեղի» նոր հանգրվանը… Այստեղ արդեն մեր հայացքը դրսից եկավ ներս, որ հայտնաբերի, թե ինչ կա ամենից անդին, որոնեց հավիտենականը։ Այստեղ պատվանդանին դրվեց միտքը, որ անխոտոր պահի մեր հոգիները։ Դիրքերում կանգնած զինվորներն այնքան էին կարդում ամսագիրը, որ ասես կրակոցներից ծակծկված մագաղաթի նման քրքրվում էր… Գուցե նախանշա՞ն էր դա, որ շուտով պաղ անտարբերությամբ պիտի փակեին «Անդինը»։

Հընթացս այս ամենին Մերուժան-Տեր Գուլանյանն իր «ուրբաթախոս» էսսեներով եկավ հասավ անհայտի սահմանին, հենց այդպես էլ կոչեց իր նոր գիրքը՝ «Անհայտի սահմանին», եւ ասաց. «Այս գիրքն ամբողջությամբ ընթացք է դեպի անհայտի սահմանը, որը շերտ առ շերտ բացվում է, բայց թույլ չի տալիս մոտենալ ու ճանաչել Իրեն՝ Աստծուն»:

Մերուժան-Տեր Գուլանյանն այսօր 75 տարեկան է։ Դա նշանակում է, որ այսօր Հայաստանը լայնեզր գլխարկով է եւ կարմիր շարֆով… Ուրեմն, ինչպես ինքն է ասում, «ամեն բան լավ է լինելու»։

Լևոն ԳԱԼՍՏՅԱՆ

75-ամյակի կապակցությամբ «Առավոտը» շնորհավորում է Մերուժան-Տեր Գուլանյանին՝ մաղթելով քաջառողջություն եւ ստեղծագործական բուռն գործունեություն:

«Առավոտ» օրաթերթ
29.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930