Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն իր բողոքն է հայտնել արևմտյան երկրների դիվանագետներին՝ Ադրբեջանում լրագրողներին աջակցելու համար

Նոյեմբեր 29,2023 10:41

«Ամերիկայի ձայն». Ադրբեջանի արտգործնախարարությունը երեքշաբթի հրավիրել է Բաքվում ԱՄՆ, Ֆրանսիայի և Գերմանիայի բանագնացներին՝ բողոք հայտնելու «անօրինական ֆինանսական գործողությունների» վերաբերյալ, որոնք, ըստ ադրբեջանական իշխանությունների, ֆինանսական աջակցությունն են՝ հետաքննությամբ զբաղվող լրատվամիջոցներին:

Նոյեմբերի 21-ին չորս ամսով կալանավորվեցին «Abzas Media» անկախ առցանց լրատվամիջոցի երեք ներկայացուցիչներ՝ մաքսանենգության մեղադրանքով: Ոստիկանությունը 40 հազար եվրո (44 հազար դոլար) է «հայտնաբերել» լրատվամիջոցի՝ Բաքվի գրասենյակում: Կալանավորվածներից երկուսը հերքել են մեղադրանքները:

Ըստ Ադրբեջանի արտգործնախարարության, օտարերկրյա դիվանագետներին նշվել է, որ իրենց «երկրներում գրանցված կազմակերպությունները» անօրինական գործողություններ են կատարել՝ ֆինանսավորելով «Abzas Media»-ն:

Ադրբեջանական կողմը հնչեցված մեղադրանքների որևէ ապացույց չի ներկայացրել։

Ադրբեջանի հարաբերությունները արևմտյան որոշ երկրների հետ վատթարացան այս սեպտեմբերից, երբ Բաքուն իր վերահսկողությունը հաստատեց Լեռնային Ղարաբաղի նկատմամբ, որից հետո տեղի հայ բնակչությունը գրեթե ամբողջությամբ տեղահանվեց Հայաստան:

Արևմտյան երկրները, այդ թվում՝ ԱՄՆ-ն և Ֆրանսիան, սուր քննադատության ենթարկեցին Ադրբեջանի գործողությունները՝ Հայաստանին ցուցաբերելով մարդասիրական և դիվանագիտական աջակցություն։

Երեքշաբթի՝ պաշտոնական Բաքվի հաղորդագրության համաձայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ հեռախոսազրույցում նշել է, թե Վաշինգտոնի աջակցությունը Հայաստանին «լուրջ վնաս է հասցրել երկկողմ կապերին»։

«Abzas Media»-ի դեմ ադրբեջանական իրավապահների գործողությունները եզակի չեն․ երեքշաբթի ոստիկանությունը ձերբակալել է «Kanal-13» առցանց հեռուստաալիքի ղեկավար Ազիզ Օրուջևին։ Վերջինիս փաստաբանն ասել է, որ նրան մեղադրանք է առաջադրվել առանց թույլտվության շինարարություն իրականացնելու մեջ, և լրատվամիջոցի ղեկավարին մինչև երեք տարի ազատազրկում է սպասվում: Օրուջևը հերքում է մեղադրանքները՝ ընդգծելով, որ պատճառն իր լրագրողական գործունեությունն է։

Լրատվամիջոցների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող միջազգային կազմակերպությունները Ադրբեջանի իշխանություններից պահանջել են ազատ արձակել լրագրողներին՝ պաշտոնական Բաքվի նման քայլերը որակելով որպես ազատ խոսքը լռեցնելու փորձ։

Հիշեցնենք, «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության համաշխարհային ինդեքսում Ադրբեջանը 151-րդ տեղում է 180 երկրների շարքում։

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հրաժարվել է արձագանքել։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930