Ինչպես Նիկոլ Փաշինյանն էր պատերազմի ժամանակ կոչ անում՝ ֆիդայական ջոկատներ կազմել, կասկաները դնել ու գնալ հաղթել պատերազմը, այնպես էլ նրա աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է երեկ ասֆալտի ֆիդայինի ինքնավստահությամբ Եվրոպայի եւ համայն հայությանը կոչ արել՝ «կազմել կամավորական ջոկատներ» ու հայկական ապրանք գնել։
Տնտեսագիտության դոկտոր Ատոմ Մարգարյանը, լսելով Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին, սկսեց ծիծաղել, ապա նախ հումորով պատասխանեց հարցին․ «Ես խորհուրդ կտամ՝ թող ինքը գնի, ինձ թվում է՝ այդքան հնարավորություն արդեն կունենա։ Ախր ծիծաղելի է, ի՞նչ մեկնաբանեմ։ Եթե մարդը կոմպետենտ չէ` ոչ մի բանում կոմպետենտ չէ»։ Շարունակելով հումորը՝ Մարգարյանին հարցրինք, թե աշխարհասփյուռ հայությունն ու Հայաստանի հայությունն օրը քանի՞ ձուկ պետք է ուտի, որ արտահանման ծավալները սպառի։ «Մարդն էնքան պետք է ձուկ ուտի, որքան թույլ են տալիս կենսաբանորեն հիմնավորված նորմաները։ Չի կարելի շատ ձուկ ուտել, դա ֆոսֆոր է, օրգանիզմի համար վտանգավոր է, Արայիկ Հարությունյանը դա չգիտի՞»,- կատակեց Մարգարյանը, ապա փորձեց Արայիկ Հարությունյանի հնչեցրած «դարակազմիկ» միտքը լրջորեն մեկնաբանել․ «Ընդհանրապես, նման հայտարարություն անողն անմիջապես պետք է հրաժարական տա ու հեռանա, կամ էլ վարչապետը նրան անմիջապես պաշտոնից հեռացնի։ Դա ծայրահեղ ոչ պրոֆեսիոնալ, տրամաբանությունից, խելքից, քաղաքական որեւէ նպատակահարմարությունից զուրկ հայտարարություն է, տնտեսական իրողությունների հետ անգամ աղերս չունի։ Որեւէ երկրի արտահանման խողովակներն ընդհանրապես պետք է բաց լինեն բոլոր ուղղություններով։ Այսինքն՝ եթե Ռուսաստանն ինչ-ինչ պատճառներով փակել է, կամ բնակլիմայական վատ պայմանների պատճառով փակված է Լարսի անցակետը, ապա դա նշանակում է, որ պետք է նման խորհուրդնե՞ր տալ։ Ինքը լավ կանի՝ խորհուրդ տա իր կառավարությանը, որպեսզի ողջամտության տիրույթում գործեն։ Իսկ տնտեսական նպատակահարմարության, առեւտրային հոսքերի առումով դա շատ մեծ հարված է մեր տնտեսությանը, մեր ագրարային սեկտորն աշխատում է հատկապես Ռուսաստանի ուղղությամբ, որովհետեւ առայժմ կարողանում է այդ ստանդարտներով աշխատել, դա է խնդիրը, դու պետք է կարողանաս առաջին արգելապատնեշը հաղթահարել, որպեսզի կարողանաս ցատկել 2-րդ, 3-րդ արգելապատնեշների վրայով եւ հասնես եզրափակչին։ Դրանք տարրական բաներ են, եւ նման ռանգի պաշտոնյաները պետք է հասկանան ու չպետք է նման հայտարարություններ անեն։ Ընդհակառակը՝ պետք է քայլեր անեն բաց եւ փակ դիվանագիտության ռեժիմներով, փորձել շտկել իրավիճակը, բայց այն, ինչ ասվում ու արվում է ամենաբարձր մակարդակով, ռեակցիաներ է առաջացնում, եւ մի գեղեցիկ օր տեսնելու ենք, որ բոլոր շուկաները փակ են մեզ համար»։
Կորյուն ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: