Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գերմանական եւ հայկական երթեւեկություն

Նոյեմբեր 29,2023 14:30

Լյոհնեի Գոֆելդ թաղամասով ես հաճախ էի քայլում։ Սկզբում՝ քաղաքին ծանոթանալու, հետո՝ այդ տարածաշրջանի «նիստ ու կացն» ուսումնասիրելու մտադրությամբ։

Հայերիս համար զարմանալի մի միջադեպի  ականատես եղա՝ բանուկ, ավտոմեքենաների համար հոծ գծով բաժանված նեղ փողոցներից մեկում։ Ինչ-որ մեկը փողոցով ընթացող հեծանվորդին հասկացրեց, որ ետեւի փոքրիկ բեռն ուր որ է՝ կընկնի։ Հեծանվորդը ձեռքով շնորհակալություն հայտնեց, կանգ առավ, որքան հնարավոր էր՝ արագ ամրակապեց բեռն ու շարժվեց: Այդ  ընթացքում արգելափակեց իր ետեւից ընթացող հինգ-վեց ավտոմեքենաների ընթացքը։ Արգելափակված ավտոմեքենաների վարորդները համբերատար սպասեցին՝ առանց շչակները «զլելու», որից հետո իրենք էլ շարժվեցին։

Գերմանիայում վարորդները չափից դուրս զգույշ են եւ դանդաղ են ընթանում՝ մանավանդ հավասարազոր խաչմերուկներում։ Բազմաթիվ «թաղային» փողոցներում 30 կմ/ժ արագությունը գերազանցող արգելանշան է տեղադրված եւ վայ նրան, ով կգերազանցի սահմանված արագությունը։ Խախտողների «բանը՝ բուրդ է»։ Ոչ ծանոթը կփրկվի, ոչ՝ առավել եւս՝ պաշտոնյան։ Վերջիններիս նկատմամբ օրենքներն ավելի խիստ են։ Այս երկրի բոլոր օրենքները մշակվել, ընդունվել, կատարելագործվել են եւ տարածվում են բոլորի վրա՝ հավասարապես։ Այդ է պատճառը, որ մեծ ու փոքր, աղքատ ու մեծահարուստ, նույն օրենքին «հլու հնազանդ ենթարկվողներն են»։

Միջքաղաքային ու մերձքաղաքային ավտոբուսները ժամանում ու մեկնում են կանգառներում նշված ժամերին, րոպեներին ու… վայրկյաններին։ Էլ չեմ ասում գնացքների մասին…

Երբ որեւէ ավտոմեքենա իր ընթացքից աջ կամ ձախ փողոց մտնելու համար թարթիչ է միացնում, ետեւից ուղիղ ընթացողները ոչ թե արագորեն շրջանցում են, խեթ նայելով ընթացքը դանդաղեցրած վարորդի կողմը, ինչպես մեզանում, այլ դանդաղում, կամ կանգնում են, մինչեւ դեմից ընթացողը փողոցը լրիվ ազատի։

Այս կարգապահություններն ստեղծել են համապատասխան կազմակերպությունները,  օրենսդիրները։ Եվ ամենօրյա հսկողությունն ու օրենքի գերակայությունն ստիպում են վարորդներին սրբորեն պահպանել երթեւեկության կանոնները։ Պատճառը միայն տուգանվելու վախը չէ։ Ամենեւին։ Մարդիկ նույն կերպ են իրենց պահում նաեւ փողոցներում քայլելիս՝ հարգալից, մեկը մյուսին ժպտալով, բարեւելով ու բարյացակամ։ Կարծես բարությունն այստեղ է «հիմնադրվել»։

Գերմանիա վերջին այցելությանս օրերին, երբ որդիս առաջարկեց վարել իր ավտոմեքենան ու նկատեց, որ մի տեսակ կասկածամտորեն ընդունեցի առաջարկը, նա,  ցանկանալով «հանգստացնել» ինձ, ասաց.

– Մի անհանգստանա, պապ։ Այստեղ բոլորը քեզ նման են մեքենա վարում…

Սիրելի զավակս, երանի իմ Հայրենիքում՝ Հայաստանում էլ, ամենքն ինձ նման վարեին (թող ներվի ինձ)…

Երբ Հայաստան վերադարձա, հենց օդանավակայանից սկսած, վերջին ամիսներին Գերմանիայում տեսածս՝ «զերոյացավ»։ Մի վարորդ,  ժամանողներից մի քանիսին ավտոմեքենա նստեցրեց, ինքն էլ ինքնագոհ ղեկին նստելուց հետո,  «զիլ» շչակով «ազդարարեց շարժման սկիզբը»։ Հետաքրքիր է, ո՞ւմ էր զարմացնում, կամ ո՞ւմ ուշադրությունը գրավելու համար էր «թմբկահարում» իր ներկայությունը… Եվ, ընդհանրապես, ինչո՞ւ են մեր սիրելի վարորդներին հաճույք պատճառում հաճախակի շչակ-ազդանշան տալ թե՛ վազանց կատարելիս, թե՛ միմյանց բարեւելիս, թե մանավանդ, որեւէ այլ վարորդի դիտողություն անելիս՝ իբր ինչո՞ւ ես «այդպես վարում» մեքենադ, ե՛ս էի այդ պահին անցնելու, ի՛մն է ճանապարհը, ե՛ս եեեմ… Որպես կանոն, վերջին դեպքերում շչակները երկար են տեւում եւ… բավականին «գազազած», որի հետեւանքներն անկանխատեսելի են։ Նման մի դեպքով, ճանապարհը միմյանց չզիչելու պատճառով, բանը հասել է ինքնաձիգներին եւ նույնիսկ սպանություն է կատարվել մեզանում։ Ցավալի է, իրո՛ք…

Ինձ հետ մի քանի դեպք է պատահել, երբ հետիոտների անցման գծանշումներից առաջ կանգ եմ առել, ճանապարհը զիջելու նպատակով։ Իսկ իմ ետեւից ընթացող ավտոմեքենայի տհաս վարորդը «շչակը զլել» ու ձեռքն էլ պատուհանից հանել, իմ կողմն ուղղել եւ ինչ-որ բան բարբաջել։ Շատ կցանկանայի հարցնել նրան, թե այդ պահին ինձ ի՞նչ էր առաջարկում անել..

Մեզանում շատերին եմ նկատել ղեկին հեռախոսով խոսելիս։

Հիշեցի տարիներ առաջ Եգիպտոսում տեղի ունեցած ողբերգական ավտովթարը, որ բազմաթիվ տուրիստների կյանք խլեց։ Կենդանի մնացածներից մի քանիսը վկայել էին, որ վթարի պահին վարորդը զրուցելիս է եղել ՀԵՌԱԽՈՍՈՎ…

Երթեւեկության վիճակը շատ վատ է երթուղային տաքսիների պարագայում, որոնց վարորդները, չափի զգացողությունը կորցրած, գերազանցելով սահմանված արագությունը, վտանգավոր վազանցներ կատարելով, ջանում են ժամ առաջ տեղ հասնել։ Իսկ երբ փորձում ես դիտողություն անել, անմիջապես հետեւում է «հանգստացնող» պատասխանը՝ արխային… Երբեմն ուղեւորներից մեկը վարորդին է պաշտպանում, թե՝ լավ էլ քշում է, ի՞նչ ես ուզում։ Փոքր ավտոբուսներն էլ երթեւեկության «որակ»  չունեն։ Բոլորն անխտիր հեռախոսազանգ են ընդունում ու հաղորդում դիսպետչերներին։ Իսկ, այսպես ասած՝ «ապրանք ցրողների» մասին խոսելն ավելորդ է։ Նրանց ճնշող մեծամասնությունը «կամիկաձեներ են»…

Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ

ՀՀ Ժուռնալիստների միության անդամ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930