«Փորձագետների կողմից առաջ քաշված ոլորապտույտ եւ մոլորեցնող մեթոդների կիրառման անհրաժեշտություն ամենեւին չի եղել». փաստաբան
«Երեխաները լսելի չեղան ինչպես Երեւան քաղաքի, այնպես էլ Բրյուսելի դատարանում: Ընդհանուր իրավասության դատարանը որոշման հիմքում դրել է մի եզրակացություն` խնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովի, որի ձայնագրությունը գոյություն չունի, ջնջված է: Կարեւոր ապացույցի ոչնչացման կապակցությամբ գլխավոր դատախազությունում կա պատասխանողի դիմումը: Ավելորդ է նշելը, որ երեխաները հավասարապես թե հոր, թե մոր հոգածության կարիքն ունեն, նրանց իրավունքները ծնողները պետք է ներկայացնեն հավասարապես: Ուսումնասիրելով այս գործը` մի արտառոց վերաբերմունք եմ նկատել Բրյուսելի դատարանի կողմից: Հայաստանում գտնվող մայրը դիմում է Բրյուսելի դատարան` խնդրում մինչ վճիռ կայացնելը հետաձգել դատական նիստը, որպեսզի հնարավորություն ունենա մասնակցել դատական նիստին: Սակայն մորը լսումներին մասնակից չեն դարձնում, դատարանը մտնում է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու» («Ոչ Բրյուսելի ֆրանսախոս դատարանում, ոչ Երեւանի հայախոս դատարանում երեխաները լսելի չէին», «Առավոտ», 2021թ. հուլիսի 17):
Երկու տարի առաջ անդրադարձա քաղաքացիական այս գործին, որն առնչվում է անչափահաս երկու տղաների իրավունքներին: Նրանցից մեկն արդեն 16 տարեկան է, մեկը՝ 15: Նրանք 2013թ.-ից Հայաստանում են՝ մոր մոտ, սակայն երեխաների օտարերկրացի հայրը, որն ամուսնալուծվել է, ձեռքի տակ ունի Բրյուսելի առաջին ատյանի` ընտանեկան դատարանի դատական ակտը, որով նրա փաստացի բնակության վայրը երեխաների բնակության վայր էր սահմանվել: Ըստ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի (Կենտրոնի նստավայրի դատավոր՝ Կարինե Պետրոսյան) իրավական գնահատման` Բրյուսելի դատարանի որոշումը հայցի ապահովման միջոց համարվեց: Մինչդեռ, ըստ մոր փաստաբան ներկայացուցիչների, այն միջանկյալ դատական ակտ էր, եւ ենթակա չէր անհապաղ կատարման մեկ այլ պետության դատարանի կողմից:
Այս տարվա օգոստոսի 17-ին մոր ներկայացուցիչ, փաստաբան Հակոբ Սաֆարյանը վերաքննիչ բողոք է ներկայացրել դատարան, ներկայացնելով գործի դատավարական պատմությունը, որը սկսվել է 2018թ. դեկտեմբերից, երբ երեխաների մայրը դիմեց Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ Աջափնյակ վարչական շրջանի խնամակալության եւ հոգաբարձության մարմնի դեմ՝ երեխայի բնակության վայրը որոշելու պահանջի մասին հայցով: Երեխաների օտարերկրացի հայրը հակընդդեմ հայցով դիմեց նույն դատարան՝ երեխայի՝ բնակության վայրը հոր բնակության վայրով սահմանելու պահանջի մասին:
Կարդացեք նաև
Հասկանալի պատճառներով՝ թե հոր, թե մոր անուն-ազգանունները, նաեւ երեխաների տվյալները գրելուց կմնամ ձեռնպահ:
Մեր դատարանը օտարերկրացի հոր նկատմամբ կիրառեց հայցի ապահովման միջոց՝ արգելելով հորն առանց մոր գիտության եւ գրավոր թույլտվության դուրս հանել Հայաստանի Հանրապետության սահմաններից:
2020 թվականին հայրը կրկին դիմեց դատարան՝ «Հայցի ապահովման միջոցը ձեւափոխելու» միջնորդությամբ, ինչը բավարարվեց: Դատարանը թույլատրեց որոշակի ժամկետով երեխաներին դուրս հանել Գերմանիա՝ Հայաստան վերադարձնելու պայմանով:
Երբ երեխաները վերադարձան, վարույթը կասեցվեց, տղաների նկատմամբ նշանակվեց դատահոգեբանական փորձաքննություն:
Իսկ այս տարվա հուլիսին դատարանը բավարարեց հոր հակընդդեմ հայցը՝ երեխայի բնակության վայր սահմանելով հոր բնակության վայրը…
Մայրն իրազեկված չի եղել, նրան հասցեագրված ծանուցումները, ըստ դատարանի, վերադարձվել են «տեղափոխված է» նշումով, մինչդեռ, մայրը նույն հասցեում է բնակվում, նրա ծանուցման հասցեն չի փոխվել, մայրը դատարանին չի հայտնել ենթադրյալ իր նոր հասցեի մասին, ընդհակառակը, դատարանին նա մի քանի անգամ տեղեկացրել է, որ ծանուցումները չի ստանում, իսկ մի անգամ էլ նիստի մասին մի քանի ժամ առաջ է իմացել … պատասխանողի կողմից:
Ըստ մոր ներկայացուցչի վերաքննիչ բողոքի, որը գրավոր ընթացակարգով քննվել է վերաքննիչ քաղաքացիական դատարանում եւ որոշումը հրապարակվելու է նոյեմբերի 30-ին (նախագահող դատավորն է Ն. Մարգարյանը-Ռ.Մ.), նշվել էր, որ մայրը պատշաճ չի ծանուցվել, տեղեկացված չի եղել քաղաքացիական գործով նշանակված դատական նիստի օրվա եւ ժամի մասին: Նշեմ, որ նոյեմբերի 15-ին վերաքննիչ դատարանը որոշում էր կայացրել վերաքննիչ բողոքը գրավոր ընթացակարգով քննելու մասին:
Ծանուցագիրը չի տեղադրվել ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետ կայքում: Հունիսի 23-ի վերջին դատական նիստի մասին ընդհանրապես տեղեկացված չի եղել մայրը, որով չի իրականացվել նրա դատաքննությանը մասնակցելու, իր դատավարական իրավունքներից օգտվելու հնարավորությունը:
Ըստ գործի նյութերի, հոգեբանական կենտրոններից մեկի կողմից տրված փորձաքննության եզրակացության համաձայն, որին մայրը նույնպես չի մասնակցել, «երեխաների կամքը եւ դիրքորոշումը չի համապատասխանում իրական կամքին եւ դիրքորոշմանը»:
Այս կենտրոնը դիմել է դատարան, որպեսզի ապահովեին գործին մասնակցող անձանց, երեխաների ներկայությունը փորձագիտական կենտրոնում, սակայն դատարանը, ըստ մոր ներկայացուցչի, չի տեղեկացրել իր վստահորդին նշյալ օրերին փորձաքննություն իրականացնելու մասին, միայն փորձաքննությունից հետո է մայրն իմացել այդ ամենի մասին:
Ըստ Հ. Սաֆարյանի, փորձագետը հղում է կատարել միայն հոր բանավոր հայտարարություններին, թե փորձաքննություն է նշանակվել, իսկ մորը ծանուցելու մասին հիմնավորող ապացույց դա չի կարող համարվել:
Երեխաները դատարան չեն հրավիրվում, չեն լսվում նաեւ այսօր, երբ նրանցից մեկը 16 տարեկան է, մեկը՝ 15
Ես հիշում եմ տարիներ առաջ այս գործի լուսաբանմանը զուգընթաց մեկ այլ նմանատիպ գործ էր լսվում Արմավիրի մարզում, եւ դատարան հրավիրված երեխան տասը տարեկան էր…
Վերաքննիչ բողոքում մոր ներկայացուցիչն անդրադարձել է հոգեբանական կենտրոնի կողմից տրված եզրակացությանը, որը դատական վճռի կայացման հիմքում էր վկայակոչվել: Դատարանը միջոցներ չէր ձեռնարկել, որպեսզի անչափահաս տղաների փորձաքննությանը մասնակցի մայրը: Երեխաները, ըստ մոր, «պինգվին» ու անհասկանալի պատկերներ են նկարել, իսկ ըստ նրա ներկայացուցչի վերաքննիչ բողոքի. «Փորձագետները ծնողների հետ կապվածության հարցի եւ ծնողների հետ բնակվելու հարցի վերաբերյալ ուղիղ հարցադրումներ չեն տվել, այլ իրենց հետեւությունները կատարել են ինչ-որ նկարների, խաղերի, թեստերի միջոցով, մինչդեռ երեխաները փաստացի այնպիսի տարիքում են, որ նրանք ունակ են եղել պատասխանել ուղիղ հարցերի եւ փորձագետների կողմից առաջ քաշված ոլորապտույտ եւ մոլորեցնող մեթոդիկաների կիրառման անհրաժեշտություն ամենեւին չի եղել»:
Նմանօրինակ գործերով փաստաբանների, ներկայացուցիչների մոտեցումները հիմնականում այսպիսին են լինում, դա ինչ-որ առումով արդարացված է. դատարանները չպետք է բավարարվեն «Փորձագետի եզրակցության» ուսումնասիրությամբ, այլ պետք է երեխաներին անձամբ կանչեն դատարան, մասնակից դարձնեն իրենց գործի քննությանը, առանց «փորձագետների» հարցեր տան երեխաներին, գնահատելով երեխաների կարծիքը, համադրելով գործում եղած ապացույցների, նաեւ փորձագետների եզրակացության հետ:
«Երեխայի իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի 12 հոդվածի համաձայն, «Կոմիտեն կարեւորում է, որ դրույթը կիրառվում է երեխային վերաբերող բոլոր վերաբերելի դատական գործընթացներում, առանց սահմանափակումների»:
Կոնվենցիայով երեխան իրավունք ունի ազատորեն արտահայտելու իր կարծիքը, այդ կարծիքը ներառում է ցանկացած բնույթի տեղեկատվություն, անկախ սահմաններից, գրավոր կամ տպագիր ձեւով… երեխայի ընտրությամբ:
Բողոքաբեր կողմը պահանջում է բեկանել Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի (դատավոր՝ Էդվարդ Ամալյան) այս տարվա հուլիսի 14-ի վճիռը, գործն ուղարկել ամբողջ ծավալով նոր քննության:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2023