Ի տարբերություն մարդկային բազմության, որտեղ մտածող՝ գիտակցականով օժտված էակներ են եւ ապրում են որոշակի օրինաչափություններով, գազանների համաստեղությունը եւս ունի իր օրենքները եւ նրանք հիմնականում առաջնորդվում են դրանցով: Ուղղակի, այդ ամենը նրանց մոտ ենթագիտակցորեն է կատարվում եւ այն ենթակա չէ փոփոխությունների:
Ի տարբերություն կենդանական աշխարհի, մարդկությունը որոշումները կայացնում է մտածողության եւ վերլուծությունների հիմքի վրա: Դրանք լիովին տարբեր բաներ են եւ հազարամյակներ շարունակ կյանքը ընթացել է հենց այդպես: Անգամ նախնադարում, ուժեղները համարյա միշտ փորձել են իշխել թույլերին եւ նրանցից խլել այն ամենը, ինչ հնարավոր է եղել: Մարդկային հասարակության մեջ հազարամյակների ընթացքում դրանք ենթարկվել են ռազմավարական եւ մարտավարական փոփոխությունների, սակայն պահպանել են իրենց հիմնական նպատակային ուղղությունները: Իհարկե, հազարամյակների ընթացքում տեղի ունեցած ողջ իրադարձությունները ծավալային իմաստով անհնարին է վերլուծության ենթարկել, ուստի իմաստ ունի խոսել զուտ մեր օրերի լրջագույն իրադարձությունների մասին, թե մարդկությունն այդ իմաստով այսօր ինչ տենդենցներ է գրանցում եւ ուր է գնում: Նախքան դա, նշենք, որ հողագնդի մարդկությունը դա լոկ հոծ մարմին չէ եւ բաղկացած է տարաբնույթ իրավիճակներում գտնվող՝ քաղաքական, տնտեսական, ռազմական տարբեր մակարդակներ ունեցող երկրներից, որոնցից ամեն մեկն ուզում է հնարավորինս շատ զավթել, ընդհուպ՝ աշխարհն իրենով անել: Գնալով, կարծես հին աշխարհակարգն այլեւս ձեռք չի տալիս հատկապես աշխարհի հզորներին՝ ԱՄՆ-ին, Չինաստանին, Հնդկաստանին, Եվրոպային, Ռուսաստանին եւ բազում այլ երկրների, որոնք էլ սկսել են առաջվա նման՝ չհանդուրժել մնացած երկրների գոյության իրողությունը, ավելին՝ այլեւս փորձում են իրենց ենթարկեցնել ու իրենց կամքը թելադրել նրանց: Այս ֆոնի վրա ուզում եմ կարճ խոսել արցախյան վերջին պատերազմի, Ռուսաստանի հատուկ ռազմական օպերացիայի եւ Իսրայել-Պաղեստին հակամարտությունների ու դրանց հետեւանքների մասին, թե այս համատեքստում ինչպես են իրենց դրսեւորում աշխարհի հզորներն ու իրենց մանկլավիկները: Արցախի պարագայում, իհարկե, մեծ դեր խաղաց Թուրքիան, սակայն այնպես չէր, որ միայն Թուրքիայի պատճառով Արցախը պարտվեց ու հետագայում նաեւ լրիվ հայաթափվեց: Դա տեղի ունեցավ նաեւ հայերի մեծաթիվ դավաճանությունների, վախկոտության ու անվտանգության համակարգերի անպատրաստվածության, ինչպես նաեւ բանակի թույլ զինվածության պատճառով: Մենք միամտաբար հույս դրեցինք նաեւ որոշ «բարեկամ»՝ հզոր գազանների վրա, որոնք մեզ չօգնեցին: Այստեղ, իհարկե, որոշակիորեն աշխատեց զուտ գազանային օրենքը, սակայն մեր կողմից թույլ տված սխալները եւս մեծագույն դեր խաղացին …
Ինչ վերաբերում է Ռուսաստանի կողմից Ուկրաինայի նկատմամբ իրականացվող ռազմական գործողությանը, ապա պարզ է, որ այն նման է քողարկած երրորդ համաշխարհային պատերազմի, քանզի սեղանին դրված է ոչ միայն Ռուսաստանի ու Ուկրաինայի միջեւ պատերազմի հարցը, այլեւ աշխարհի երկու հզոր գազանային բլոկների՝ Արեւմուտք, Եվրոպա եւ որոշ այլ երկրների ու մյուս գազանային բլոկի՝ Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի, Հյուսիսային Կորեայի եւ մի շարք այլ երկրների միջեւ պատերազմի հարցը, որի արդյունքն է որոշելու այդ բլոկների երկրների հետագա հեգեմոն կարգավիճակը: Դրանից է կախված լինելու, թե հետագայում կունենանք միաբեւե՞ռ, թե՞ բազմաբեւեռ աշխարհ:
Այս համատեքստում փորձենք նաեւ հակիրճ ներկայացնել մեկ ամսից ավելի ընթացող Իսրայել-Պաղեստին՝ ոչ մի քննադատության չդիմացող հակամարտության հարցը, որը հերթական անգամ լոկ մի բան ապացուցեց, որ գազանների համար ոչ մի նշանակություն չունի անգամ հազարավոր երեխաների կյանքը եւ նրանց հետաքրքրում է միմիայն իրենց որսը, եթե նույնիսկ դրանք լինեն լոկ երեխաներ …
Կարդացեք նաև
Եթե ամփոփելու լինենք աշխարհում այս պահին ընթացող վերջին երեք ամենախոշոր իրադարձությունները՝ հակամարտությունները, ապա դրանցում մեն մի ուղենիշ է գծագրվում. որքան ավելի ահավոր է իրականացվող գազանությունը, այնքան ուժեղանում է այդ գազանների դիրքերը եւ նույնքան մեծանում է որսի չափը: Ցավոք, սա է զարգացող աշխարհի իրական նկարագիրը:
Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ
«Առավոտ» օրաթերթ
28.11.2023