Վիլյամ Սարոյանի ծննդյան 115-ամյակի կապակցությամբ ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտը վերջերս անցկացրեց «Վիլյամ Սարոյանը եւ արվեստը» խորագրով միջազգային գիտաժողով։
Մեզ հետաքրքրեց դրամատուրգ, հեքիաթագիր, սարոյանագետ, Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիք Զոհրաբյանի զեկույցը գրողի՝ հանրությանը ոչ շատ հայտնի «Փոքր ազգերի տառապանքը» պիեսի մասին։ Զեկուցման ավարտին նա ուրախալի լուր հայտնեց. մոտ ապագայում լույս կտեսնի Սարոյանի 6 փոքր դրամաների ժողովածուն։ Հիշեցնենք, որ 2012թ. պետպատվերի շրջանակներում լույս է տեսել Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսների ժողովածուն՝ Զոհրաբյանի թարգմանությամբ ու ծանոթագրություններով։
Տեղեկացված լինելով, որ Զոհրաբյանի հրավեր-առաջարկով գիտաժողովին տեսակապով մասնակցել է նշանավոր սարոյանագետ Հարրի Քեյիշյանը, նրանից հետաքրքրվեցինք. մեզ հասած տեղեկություններով՝ վերջին տարիներին ամերիկյան մամուլում հաճախ է շրջանառվում այն միտքը, թե աստիճանաբար «մարում» է Վիլյամ Սարոյանի աստղը, թեեւ դպրոցական դասագրքերում ընդգրկված են հայկական արմատներով ամերիկացի մեծ գրողի գործերից։ Մեր զրուցակիցը հաստատելով ասվածը, հայտնեց, որ այդ մասին իրեն տեղեկացրել է պարոն Քեյիշյանը, ով իր գործընկերների հետ մեծ աշխատանք է տանում՝ կազմակերպելով Սարոյանին նվիրված տարբեր ձեւաչափի միջոցառումներ։ Նաեւ հավելեց, որ Հարրի Քեյիշյանը ողջունել ու կարեւորել է միջազգային գիտաժողովի անցկացումը, միաժամանակ հորդորել, որ հայաստանյան թատրոնները հնարավորինս հաճախ անդրադառնան սարոյանական պիեսներին։
Կարդացեք նաև
Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական թատրոնը օրերս ներկայացրել էր Սարոյանի «Ոստրեն ու մարգարիտը» պիեսը՝ Էլֆիք Զոհրաբյանի թարգմանությամբ, որն, ի դեպ, Երեւանի քաղաքապետարանի հայտարարած մրցույթում հաղթող էր ճանաչվել։ Ներկայացման ռեժիսորը Արեն Օսիպյանն է, գլխավոր դերերում՝ Սարգիս Ավետիսյանը, Սարգիս Ալեքյանը, Մարիամ Ղեւոնդյանը, Հայկ Թորոսյանը եւ մեր զրուցակիցը։ Զոհրաբյանը նշեց, որ այս գործը համարվում է «հույսի» գրականության լավագույն ստեղծագործություններից, պիեսի պատգամներից է մարդու հույսը չկոտրելն ու «թեթեւ տանելու» փիլիսոփայությանը տիրապետելը։
Մեզ հետ զրույցում Էլֆիք Զոհրաբյանը բացեց շատերի համար գուցե անսպասելի սարոյանական «խենթ» մի դիտարկում. ընթերցողը պիես շատ չի կարդում, գերադասում է դիտել բեմադրությունը կամ ֆիլմի տարբերակը։ Սարոյանի համար ավելի գնահատելի է պիես ընթերցողը, քան բեմադրություն դիտողը. «Պիես կարդացողն ավելի լավ մարդ է, քան բեմադրությունը դիտողը, ու մինչ կարդում ես, տեսնում, լսում ես դա, բեմադրում ես… Դու քո մտապատկերում ունես բոլոր ժամանակների ամենամեծ դերասաններին, որ խաղում են քեզ համար այնպես, ինչպես կարծում ես, որ պետք է բեմադրվեր»։ Ըստ սարոյանագետ-թարգմանչի՝ այս համոզմանը հանգելու պատճառը հաճախ եղել է պիեսների սխալ մեկնաբանությունը, ենթատեքստերը չհասկանալը, թեեւ Սարոյանի արձակը գերազանցում է դրամատուրգիային մի շարք առումներով։
Մեր զրուցակցին խնդրեցինք հնարավորինս հակիրճ անդրադառնալ «Փոքր ազգերի տառապանքը» պիեսի բովանդակությանը։ «Եթե շատ հակիրճ՝ այդ դրաման պատերազմի դաժանության մասին այլաբանություն է, որ հեղինակը գրել է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Կարելի է զուգահեռներ անցկացնել մերօրյա անորոշ աշխարհում տիրող իրադարձությունների հետ…»,- եզրափակեց Էլֆիք Զոհրաբյանը։
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ «Ոստրեն ու մարգարիտը» ներկայացումից։