Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արցախցի Աննան ու իր արցախաշունչ փոքրիկ բիզնեսը

Նոյեմբեր 29,2023 12:30

Աննան 22 տարեկան է, Արցախից է: Ծնված օրվանից ապրել է Ստեփանակերտում եւ իր բիզնեսի առաջին քայլերը հենց այնտեղ է արել: Կրթություն է ստացել Արցախի պետական համալսարանի հոգեբանության բաժնում, իսկ դրան զուգահեռ սովորել է Սայաթ-Նովայի անվան երաժշտական քոլեջում: Երկրորդ մասնագիտություն սովորելու ավարտին մեկ տարի էր մնացել, երբ հասկացավ, որ շարունակել չի ցանկանում: Նա հստակ գիտեր, որ բացի նկարչությունից, ոչ մի մասնագիտություն իրեն այդքան մոտ չէ: Այժմ Հայաստանում է, սակայն համալսարանական կրթությունը շարունակել չի ցանկանում՝ իրեն  նկարչության մեջ է տեսնում: Նկարչությունը նրա կյանքում յուրովի տեղ է զբաղեցնում:

«Նկարել եմ մանկուց ու նկարչական խմբակ եմ հաճախել: Հմտություններս ավելի խորացնելուց հետո  Արցախում` Ստեփանակերտում, սկսեցի նկարչություն դասավանդել: Չնայած մասնագիտությունս կապված չէ նկարչության հետ, բայց այն ինձ ավելի հոգեհարազատ է: Արդյունքում՝ սիրելի զբաղմունքս դարձավ բիզնես»,-ասում է Աննան:

Աննայի բիզնեսի անունն ի սկզբանե «Anabelle» էր, սակայն փոխեց ու վերանվանեց «Ադանա»: Աննան անունը հենց այնպես չի ընտրել՝ նրա առաջին աշխատանքը «Ադանայի կոտորածն» էր:

«Թումոյում ծրագրի էի մասնակցում, որտեղ պետք է Ադանայի կոտորածը պատկերեինք: Նկարելուց հետո բոլորը հավատացնում էին, որ մրցանակներից մեկն իմը կլինի, որովհետեւ աշխատանքը հրաշալի է արված, բայց, ցավոք, մրցանակ չստացա: Նկարն այնքան լավ էր ստացվել, որ որոշեցի այդ նկարը տպել հագուստի վրա: Այդ շրջանում հագուստի մոդելավորման խմբակ էի հաճախում, որի դասերին էլ կարեցի համապատասխան շապիկն ու վրան տպագրեցի «Ադանայի կոտորածը» նկարը: Արդյունքում ամբողջությամբ իմ ձեռքի աշխատանքը ստացա՝ հիմք դնելով իմ սեփական բիզնեսին»,-պատմում է աղջիկը:

Աննայի նկարներում արցախյան շունչն է զգացվում: Ամեն նկարում արցախյան գույներն են, պատկերներն ու արցախցու հոգին:

«Բիզնեսս սկսել եմ Ստեփանակերտում: Իհարկե, արցախցիները միանգամից հավանեցին աշխատանքներս: Ընթացքում նաեւ Սփյուռքի կողմից լավ արձագանքներ ստացա, իսկ Հայաստան գալուց հետո սկսեցի առաքումները նաեւ դեպի Սփյուռք ուղարկել՝ ամեն մեկին ուղարկելով մեր Արցախի մի մասը»,-հպարտությամբ խոսքը շարունակում է Աննան:

Աննան նշում է, որ պատերազմից հետո հոգեկան վիճակն ու հիասթափությունը խանգարում էին ստեղծագործել, իսկ արվեստը հենց հոգեկանի արտահայտումն է: Մի քանի հիմնական ներկ է վերցրել ու ճանապարհվել դեպի Երեւան: Տեղափոխվելուց  հետո ուժերը հավաքեց ու սկսեց ստեղծագործել, բայց միեւնույն է՝ նրա նկարներն էլ առաջվանը չեն:

«Ես հասկանում եմ, որ այստեղ տեղափոխվելուց հետո պետք է աշխատեմ, քանի որ իմ հիմնական աշխատանքը «Ադանան» է: Ինչպես նկարում էի, նկարներս տխուր էին ստացվում, հատկապես Դեդոն ու Բաբոն: Սկզբում նեղվում էի, բայց հետո հասկացա, որ միեւնույն է՝ նկարներս չեմ կարող կեղծել: Ինչ իմ ներսում էր, լիներ դա հույս, հուսահատություն, վրեժ, վախ կամ էլ սեր, նկարներումս երեւում էր»,-ասում է մեր զրուցակիցը:

Աննան համառությամբ է պատմում հետագա նպատակների մասին: Հետագա պլաններում է արվեստանոց բացել, որտեղ կկարողանա նկարել ու վաճառել իր աշխատանքները: Նախատեսում է բաց դասեր ու դասընթացներ անցկացնել, քանի որ Արցախում շատերը ցանկանում էին մասնակցել իր դասընթացներին, իսկ բլոկադայի պատճառով ներկերի պակասություն կար, որն էլ խանգարեց իրագործել ցանկությունը:

«Հետագայում «Ադանան» մեծ, ինքնատիպ ու յուրահատուկ բիզնես կդառնա, որն էլ կտարբերվի մնացած բիզնեսներից: Իսկ սկսնակներին խորհուրդ կտամ, որ ամենասկզբում իրենցը ստեղծեն, որով կգրավեն մարդկանց: Փորձեք ձերով տարբերվել, ձերը միշտ ամենալավն է ու տարբերվողը, որովհետեւ այդ ձերն է»,-  ասաց Աննան:

Քանի դեռ Արցախը Աննայի հիշողությունների մեջ է, այն եղել է ու կմնա իր միակ ոգեշնչման աղբյուրը, իսկ դժվարությունները նրա համար միշտ էլ հաղթահարելի են:

Անի ՍՏԵՓԱՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.11.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930